ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ
15:22 - 06 հունիսի, 2022

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը հնարավոր է համարել երկու երկրների դեսպանատների փակումը, սակայն նշել է, որ դա մեծ սխալ կլիներ

Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը չի բացառել այն բանի հավանականությունը, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները կարող են փակել իրենց դեսպանատները միմյանց տարածքում։ Սակայն ընդգծել է, որ Վաշինգտոնը չէր ցանկանա նման քայլի դիմել։

«Կարող են, այդպիսի հավանականություն կա, - ասել է դիվանագետը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ - Թեև ես կարծում եմ, որ դա մեծ սխալ կլիներ»։ Ընդ որում, նրա խոսքով, ամերիկյան վարչակազմում հազիվ թե մեկը գտնվի, որ կողմ լինի դեսպանատան փակմանը։

«Ես կարող եմ միայն մեկ պատճառ պատկերացնել, թե ինչու ԱՄՆ-ն կարող է ստիպված լինել փակել իր դեսպանատունը․ դա կարող է լինել այն դեպքում, եթե դրա աշխատանքը շարունակելն անվտանգ չլինի», - հավելել է Սալիվանը։

Դեսպանը նշել է, որ նախկինում ռուսական կողմը հայտարարել է երկրների միջև հարաբերությունների խզման վտանգի մասին։ Նրա խոսքով՝ այդ իրավիճակը կարող է նշանակել երկու երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների փակում, սակայն հույս է հայտնել, որ նման սցենար չի իրականացվի։

«Վստահեցնում եմ ձեզ, որ դա ԱՄՆ-ից չի բխում։ Նախագահ Բայդենն ու ԱՄՆ կառավարությունն այդպիսի մտադրություն չունեն։ Եվ մենք այժմ քիչ բան կարող ենք ավելացնել այս թեմային։ Մենք երեք ամիս գտնվում ենք, ինչպես ինձ է թվում, ամբողջությամբ փոփոխված փոխհարաբերությունների իրավիճակում», - ասել է նա։

Մարտի 21-ին ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունները երկկողմ հարաբերությունները խզման եզրին են կանգնեցնում, և Մոսկվան վճռական և կոշտ պատասխան է տալու «Վաշինգտոնի թշնամական գործողություններին»։


Նորա Վանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել