Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|
16:44 - 16 հունիսի, 2022

Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքով պայմանավորված ՀՀ-ում դեռևս սահմանափակումներ չի մտցվի |armenpress.am|

armenpress.am: Վրաստանում հաստատված կապիկի ծաղկի առաջին դեպքի առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը դեռևս սահմանափակումներ չի մտցնի:

Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԱՆ hիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարդու ու կենդանիների համար ընդհանուր և մակաբուծային հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լուսինե Պարոնյանը:

«ԱՀԿ-ն երկրների միջև սահմանափակումներ մտցնելը դեռևս անհրաժեշտ չի համարում և չնայած նրան, որ, օրինակ, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում դեպքեր են գրանցվում, միևնույն է նման միջոցառում իրականացվելու անհրաժեշտություն դեռևս չկա»,- նշեց Պարոնյանը:

Նա նաև ընդգծեց, որ ամբողջ աշխարհում արձանագրվել է կապիկի ծաղկի 1704 դեպք: Հիմնականում արձանագրվել է երիտասարդ տղամարդկանց շրջանում: «Բոլոր դեպքերն ուղեկցվել են ախտանշաններով, ինչը փոքր-ինչ ուրախալի է: Գերակշռում են ցանն ու ջերմությունը: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության դեպքի սահմանման 38.5 և ավելի բարձր ջերմությունն է համարվում կասկածելի դեպքի ախտանշան: Մենք այժմ համագործակցում ենք սահմանապահների հետ, որոնք պարտադիր վերահսկողություն են իրականացնում: Բագրատաշենի, Բավրայի ու հյուսիսային սահմանի մեր աշխատակիցներն արդեն տեղեկացվել են հիվանդության մասին, և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում»,- նշեց Պարոնյանը:

Նրա խոսքով՝ հիվանդությունը փոխանցվում է շնչառական կաթիլների և ընդհանրապես օրգանիզմի կենսաբանական հեղուկներով աղտոտված մակերեսների միջոցով, այդ իսկ պատճառով  վարակվելու համար անհրաժեշտ է սերտ, նաև սեռական շփում: Ախտանշանների, հատկապես ցանավորման դեպքում անձը մեկուսացվում է մինչև դրանց ամբողջությամբ անցնելը: Մահացության դեպքեր ամբողջ աշխարհում դեռևս չեն արձանագրվել:

ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կառավարելի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանն էլ շեշտեց, որ պատվաստանյութ դեռևս չի հայտնաբերվել, սակայն վստահեցրեց, որ ծաղիկ հիվանդության պատվաստանյութը 85 տոկոս արդյունավետություն է ապահովում:

«ԱՀԿ-ն դեռևս առաջարկություն չի ներկայացրել երկրներին բնակչության շրջանում պատվաստումներ իրականացնելու համար: Հետագա համաճարակաբանական գործընթացներին զուգահեռ, իհարկե, կարող են առաջարկությունները փոփոխվել, սակայն այս պահին պատվաստանյութերի կիրառման առումով առաջարկություն չի ներկայացվել»,- եզրափակեց մասնագետը:

 

Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել