ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը
11:16 - 28 հունիսի, 2022

ԱԺ հանձնաժողովը գլխավոր դատախազի պաշտոնում առաջարկել է Աննա Վարդապետյանի թեկնածությունը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը այսօր՝ արտահերթ նիստի ընթացքում քվեարկությամբ որոշեց գլխավոր դատախազի պաշտոնում Ազգային ժողովին առաջարկել Աննա Վարդապետյանի թեկնածությունը:

Աննա Վարդապետյանը իր ելույթի ընթացքում ասաց՝ օտար լեզուներում դատախազ բառը նշանակում է «հոգ տանել»։

«Իսկ ո՞ւմ մասին պետք է հոգ տանի դատախազը։ Իմ համար պարզ է․ մարդու։ Այն մարդու, ում ամենօրյա աշխատանքի շնորհիվ գոյություն ունի ՀՀ-ն։ Դատախազությունը պետք է լինի այդ մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորը։ Դատախազությունը պետք է հոգ տանի, որ այդ մարդը բռունցքներով, զենքով, այլընտրանքային, ստվերային, հանցավոր կամ այլ ոչ իրավաաչափ միջոցներով ստիպված չլինի պաշտպանել իրեն ու իր ընտանիքը։ Ինչպես պետք է դատախազությունը հոգ տանի այդ մարդու մասին։ Պատասխանը պարզ է։ Պրոֆեսիոնալ մոտեցմամբ, նվիրված աշխատանքով, տարբեր գայթակղություններին ոչ ասելու ընդունակությամբ, հանցավոր վարքագծի նկատմամբ անհանդուրժողականությամբ ու որ ինձ համար ամենակարևորն է՝ վախի բացակայությամբ։ Ինչու դատախազությունը պետք է հոգ տանի մարդու մասին։ Պատասխանը կրկին պարզ է, դատախազությունը ստեղծվել է այդ նպատակի համար։ Իմ ծառայությունը միտված  է լինելու այս նպատակին ուղղված դատախազության պոտենցիալի առավելագույն բացահայտմանը և իրականացմանը»,-ասաց Աննա Վարդապետյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հաստատել էր տեղեկությունը, ըստ որի ՔՊ-ն գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։ Նշենք նաև, որ այս տարվա սեպտեմբերի 16-ին լրանում է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել