Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|
13:37 - 28 հունիսի, 2022

Ալեն Սիմոնյանը հայտնեց, որ մոտ օրերս ԱԺ-ն կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Ազգային ժողովը մոտ օրերս կքննարկի ընդդիմադիր որոշ պատգամավորների մանդատներից զրկելու հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Կքննարկենք խմբակցությունով ու վարչությունով՝ արդյոք արժե՞ այդ քայլին գնալ, թե՞ չարժե, որովհետև օրենքը դրա հնարավորությունը տալիս է, եւ կա երկու կարծիք։  Կա կարծիք, որ այսպես, թե այնպես ընդդիմությունն ինքն իրեն արդեն մանդատներից զրկել է: Անկեղծ ասած՝ ես չեմ պատկերացնում՝ մեր գործընկերներն այդքան բարձր նշաձող դնելուց հետո ու այդ նշաձողի տակ մնալուց հետո ինչպե՞ս են վերադառնալու դահլիճ։ Այն, ինչ մահացած է, չես կարող զրկել մանդատից եւ սպանել։ Նաեւ կարծիք կա, որ պետք է մինչև վերջ «մաշեցնել» այն ամենը, ինչ իրենք արեցին»,- ասաց Սիմոնյանը:

Վերջինս հայտնեց՝ առնվազն տասը պատգամավոր կա, որոնց բացակայությունները թույլատրելիից բավականին շատ են։ Մինչ այդ 11-ն են եղել, բայց քանի որ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վայր է դրել մանդատը, մնացել են 10-ը:

Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ընդդիմությունը զբաղված է պաշտոնակռվով, որը այժմ նաեւ բացահայտ կերպով են անում:

«Առաջին օրվանից էլ սա պաշտոնակռիվ է: Իրենք, ամեն ինչ թողած, հիմա մեկնաբանում եւ բացատրում են, թե ինչու իրենց չի կարելի մանդատից զրկել. առաջին իսկ օրից այս ամենը եղել է պաշտոնակռիվ: Նույն Դաշնակցության, նույն Ռոբերտ Քոչարյանի աջակիցների համար սա մանդատակռիվ է, արել են, որ ունենան անձեռնմխելիություն, որ գնան ոստիկանին հարվածեն ու ասեն՝ «մի րոպե, ես պատգամավոր եմ», գնան լկտիություն անեն, մտնեն նախարարության շենք եւ այլն: Թող իրենց չթվա, որ լկտի պահվածքը Հայաստանի քաղաքացիների մեջ աջակցություն է գտնելու»,- շեշտեց ԱԺ նախագահը:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2018 թվականին էլ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում չէր, փողոցային պայքար էր իրականացնում, բախումներ էին լինում եւ այլն, սակայն այդ ժամանակ ոչ ոք մանդատից զրկելու հարց չէր բարձրացնում: Սիմոնյանն էլ, արձագանքելով դիտարկմանը, նկատեց՝ Նիկոլ Փաշինյանը բացակայությունների թույլատրելի շեմը չէր անցել: Սիմոնյանը նաեւ շեշտեց՝ համեմատականներ տանելը տեղին չէ, որովհետեւ համաժողովրդական շարժումը Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցական աջակիցների պահվածքը անհամեմատելի են:

«Ընդդիմադիրները դեռ շատ սովորելու բան ունեն թե՛ Նիկոլ Փաշինյանից, թե՛ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներից, թե՛ ժողովրդից: Հիմա ես իրենց լավ հանգիստ եմ մաղթում քաղաքական «գերեզմանոցում», որտեղ նոր քաղաքական գործիչ Իշխան Սաղաթելյանը, որն ասում էր՝ ՔՊ-ն քննարկում է, թե ինչպես Նիկոլ Փաշինյանին «ժերտվա» տա, չնկատեց, թե ինչպես իր ուսին հարվածելով՝ ասացին՝ ամեն ինչ ճիշտ ես անում. տարան դրեցին զոհասեղանին»,- եզրափակեց ԱԺ նախագահը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել