ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում
13:42 - 04 հուլիսի, 2022

ՄԻՊ-ը խորհրդարանական մոդելի մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ է տեսնում

Կառավարման խորհրդարանական մոդելն անհրաժեշտ է զարգացնել, քանի որ  այն իր մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ ունի: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը: «Խորհրդարանական մոդելի զարգացման և հետագա կայացման համար մենք ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նա:

Նրա խոսքով` Սահմանադրության փոփոխությունը կառավարության ծրագրից բխող նպատակ է, որի համար կան հստակ ժամկետներ:

«Ես կարծում եմ, որ մենք օրացույցի հետևից չպետք է գնանք: Մեզ համար կարևոր է, որ այդ գործընթացը մարդկանց համար ընկալելի լինի, որ իրապես Սահմանադրությունը մարդունը դառնա, այլ ոչ անհասկանալի մի փաստաթուղթ»,-նշեց մարդու իրավունքների պաշտպանը՝ հավելելով, որ 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Սահմանադրությունից իրավունքների մի տպավորիչ ցանկ դուրս է մնացել:

«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնավարման ժամկետը հստակորեն պետք է արձանագրվի Սահմանադրությամբ, որ անձը կարող է միայն մեկ անգամ ընտրվել այդ պաշտոնում: Սա ուղղակիորեն միտված է այս հաստատության անկախության էլ ավելի ամրապնդմանը»,- նշեց Քրիստիննե Գրիգորյանը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել