Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ
14:27 - 20 հուլիսի, 2022

Արարատ Միրզոյանը Լեհաստանի փոխվարչապետին է ներկայացրել հայկական կողմի դիրքորոշումը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ

Հուլիսի 19-ին պաշտոնական այցով Լեհաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել երկրի փոխվարչապետ Յացեկ Սաշինի հետ։ 

Զրուցակիցները գոհունակությամբ են նշել դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր 30 տարիների ընթացքում միջպետական հարաբերությունների զարգացումն ու առկա դինամիկան։

ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Լեհաստանը Հայաստանի կարևոր եվրոպական գործընկերներից է։

Արարատ Միրզոյանը և Յացեկ Սաշինը քննարկել են երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ջանքեր գործադրել՝ ուղղված առևտրատնտեսական ներուժի լիարժեք իրացմանը, ներդրումային հնարավորությունների ստեղծմանը և գործարար շրջանակաների միջև կապերի ակտիվացմանը: 

Նախարար Միրզոյանը նշել է, որ 2018-ից ի վեր Հայաստանի Կառավարությունը անհաշտ պայքար է սկսել կոռուպցիայի դեմ, ինչպես նաև գործարար միջավայրի բարելավման ծավալուն բարեփոխումներ են իրականացվել, ինչը լավ հնարավորություններ է ստեղծում օտարերկրյա ներդրողների համար։

Կողմերը կարևորել են Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի ձեռքբերումը, ինչը մեծ հնարավորություններ է ստեղծում կապիտալի շուկայում Հայաստանի ու Լեհաստանի համագործակցության համար։ 

Ընդգծվել է Հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության դերը` որպես արդյունավետ հարթակ, համատեղ ծրագրերի քննարկման և գործնական քայլերի նախանշման համար։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են նաև գործարար պատվիրակությունների փոխայցելությունները և համաժողովների անցկացումը։

 Հանդիպմանը նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև հայկական կողմի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել