Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|
18:56 - 25 հուլիսի, 2022

Մթերային գործարքը չի ազդի հատուկ գործողության շարունակության վրա. Լավրով |1lurer.am|

1lurer.am: Ռուսական արտադրանքի արտահանման սահմանափակումների վերացման և ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ փաստաթղթերում չկա որևէ բան, որը Մոսկվային կարգելի շարունակել հատուկ գործողությունը, հարվածներ հասցնել ռազմական օբյեկտներին՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նախարարն ընդգծել է, որ հացահատիկի արտահանման համար խոչընդոտներ չկան, հայտնում է РИА Новости-ն։

«Ինչ վերաբերում է ճշգրիտ հարվածներով խոցված թիրախներին, ապա դրանք գտնվում են Օդեսայի նավահանգստի առանձին, այսպես կոչված՝ ռազմական հատվածում: Ռուսական զինուժի թիրախում են եղել Ուկրաինայի ռազմածովային ուժերի ռազմա​​նավը և զինամթերքի պահեստը, որտեղ վերջերս տեղակայել են «Հարփուն» հականավային հրթիռներ»,- պարզաբանել է Լավրովը։

«Այս հրթիռները վտանգ էին ներկայացնում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի համար, այժմ դրանք մեզ համար վտանգավոր չեն»,- նշել է արտգործնախարարը։

Նա ընդգծել է, որ հացահատիկի տերմինալը գտնվում է Օդեսայի նավահանգստի ռազմական մասից հեռու, ուստի Ստամբուլում ստորագրված պայմանագրերի համաձայն՝ հաճախորդներին հացահատիկի առաքման համար խոչընդոտներ չկան։

ՌԴ պաշտպանության նախարարությունը նախօրեին հայտնել էր, որ ՌԴ ռազմածովային ուժերը գերճշգրիտ հեռահար հրթիռներով Օդեսայի նավահանգստում ոչնչացրել են ուկրաինական ռազմանավ և ամերիկյան Harpoon հրթիռների պահեստ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել