Լեւոն Տեր-Պետրոսյան

Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը։ Ծնվել է 1945թ․ հունվարի 9-ին։ 1953-1960 թթ. Լևոն Տեր-Պետրոսյանը սովորել է Երևանի No 43 յոթնամյա դպրոցում: 1960-1963 թթ. սովորել է Երևանի No 17 միջնակարգ դպրոցում: 1963-1968 թթ.՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժնի ուսանող: 

1988 թ. փետրվարի վերջին ընտրվել է Մատենադարանի «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ և այդ հանգամանքով մասնակցել է հանրապետական «Ղարաբաղ» կոմիտեի՝ համագումարներին։

1989 թ. օգոստոսին, իր բացակայությամբ, ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: 1989 թ. դեկտեմբերին ընտրվել է Հայոց համազգային շարժման նախագահ՝ այդ պաշտոնը վարելով մինչև 1990 թ. օգոստոսի կեսը: 1990 թ. հունվարին դարձել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 1990 թ. մայիսին կրկին ընտրվել է Գերագույն խորհրդի պատգամավոր:

1991թ. հոկտեմբերի 16-ին ընտրվել է ՀՀ առաջին Նախագահ: Վերընտվել է` 1996թ. սեպտեմբերի 22-ին:

1998թ. փետրվարին հրաժարական է տվել:

2012 թ. մայիսի 6-ի Ազգային Ժողովի ընտրություններում, գլխավորելով «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ցուցակը, Տեր-Պետրոսյանն ընտրվել է պատգամավոր, բայց հրաժարվել է իր մանդատից: 2013 թ. ապրիլի 13-ին ընտրվել է կուսակցության նախագահ:

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ Արցախը քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի․ Լևոն Տեր-Պետրոսյան

Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ Արցախը քո արկածախնդրության պատճառով այլեւս գոյություն չունի․ Լևոն Տեր-Պետրոսյան

Առաջին նախագահի խոսնակ Արման Մուսինյանը հրապարակել է Լևոն Տեր-Պետրոսյանի արձագանքը Նիկոլ Փաշինյանի բանավեճի առաջարկին․ «Ինչի՞ շուրջ բանավիճեմ քեզ հետ, երբ բանավեճի առարկան՝ հազարամյակների հայկական Արցախը, քո արկածախնդրության պատճառով այլևս գոյություն չունի, և քեզ այլ բան չի մնում այս դառն իրողությունից մեր ժողովրդի ուշադրությունը շեղելու հուսահատ ճիգերից բացի։ Աղմկիր որքան ուզում ես, այս իրողությունն արդեն պատմական փաստ է, որն այլևս ջնջել չի լինի։ Իսկ եթե, Նիկոլ, ցանկանում ես, որ հանրությունն իմանա ողջ ճշմարտությունը ղարաբաղյան խնդրի կարգավորման դիվանագիտական գործընթացի մասին, ապա առաջարկում եմ. քանի որ Արցախի կործանումից հետո այդ գործընթացի խորհրդապահությունը կորցրել է իր իմաստը, հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019 թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այ դա արդեն կլինի իսկական բանավեճ, հիմնված փաստերի վրա։ Իսկ եթե դա չանես, ևս մեկ անգամ կապացուցես, որ փախչում ես ճշմարտությունից և զբաղված ես պատմական պատասխանատվությունից փոքրոգիաբար խուսափելու գործով»։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս գրառմանը արձագանքել էին նախկին երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան՝ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։ ՀՀ նախկին նախագահները, սակայն, հրաժարվել են առաջարկից։
21:23 - 25 դեկտեմբերի, 2024
«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան

«Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք ձեր թոշակին և/կամ դատերին»․ Նիկոլ Փաշինյան

Նախկին նախագահներն ասում են, թե ինձ հետ բանավիճելու բան չունեն, բայց վեց տարի է բանավիճում են ինձ հետ, հեռակա՝ «ապահով հեռավորությունից»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Եթե բանավիճելու բան չունեք, ուրեմն գնացեք Ձեր թոշակին և/կամ դատերին ու ոչ թե ամեն ասածս ներկայացուցիչներով, ծանոթ-բարեկամով, երբեմն տնով-տեղով, երբեմն օտարերկրյա ծանոթներով դրեք-վերցրեք:  Իսկ եթե դնում-վերցնում եք, եկեք ժողովրդի աչքի առաջ փաստարկները դեմ առ դեմ դնենք և ոչ թե «դիվանագետերեն» շուտասելուկներ արտադրեք, էն հույսով ու հավատով, որ միևնույնն է, մարդկանց մեծ մասը չգիտի այդ լեզուն»,- հավելել է վարչապետը։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր՝ մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Այս գրառմանը արձագանքել էին նախկին երեք նախագահների գրասենյակների ներկայացուցիչները։ Արձագանքներին ի պատասխան՝ Փաշինյանը հանդես էր եկել առաջարկով, և կոչ արել նախկին նախագահներին գալ հրապարակային բանավեճի և հայտնել իրենց դիրքորոշումը։ ՀՀ նախկին նախագահները, սակայն, հրաժարվել են առաջարկից։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից «խորհուրդ են տվել բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, որոնք 2009-2013թթ․ հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը»: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը, արձագանքելով վարչապետի առաջարկին, գրել էր․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը»։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը հայտարարություն էր տարածել՝ նշելով․ «Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի»։
12:42 - 24 դեկտեմբերի, 2024
ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

ՀՀ նախկին նախագահները հրաժարվել են բանավիճել Նիկոլ Փաշինյանի հետ

Լավ է, որ նախկին նախագահները իրենց ներկայացուցիչների միջոցով արձագանքել են ԼՂ բանակցային գործընթացին վերաբերող իմ այսօրվա գրառմանը: Բայց ես ներկայացուցիչների ետևում չեմ թաքնվում, կարծում եմ՝ ճիշտ կլինի՝ իրենք էլ չթաքնվեն՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով բանակցային գործընթացի վերաբերյալ արված իր գրառման արձագանքին:   «Պատրաստ եմ նախկին նախագահների հետ ուղիղ եթերում բանավեճի ֆորմատով հիմնավորել ասածներս: Սպասում եմ այսօրվա գրառումս վիճարկող նախագահների արձագանքին: Շնորհակալություն»,- հայտնել է վարչապետը:   Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ նշելով, որ 1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: «1994 թվականից ի վեր, այսինքն` հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին: Ուրիշ որևէ բովանդակություն բանակցային գործընթացը չի ունեցել»,- ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ուրիշ բովանդակության մասին խոսույթները Հայաստանի Հանրապետությունում ներդրվել են բացառապես ներքաղաքական խնդիրներ լուծելու համար: Այս համատեքստում ես գործել եմ մի մեծ սխալ. 2018-ին բանակցային բովանդակությանը ծանոթանալով, վերը նշվածը չեմ խոստովանել ինքս ինձ (Ձեզ հայտնի մոդելի հայրենասիրությունս թույլ չի տվել դա անել) և հետևաբար այդ ամենը չեմ պարզաբանել ժողովրդին»,- գրել է նա: Նախկին երեք նախագահները մերժել են վարչապետի առաջարկը։ «Փաստինֆո»-ն մեկնաբանության համար դիմել է ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ՝ խնդրելով հայտնել, թե արդյոք քննարկվում է բանավեճի հրավերը. «Ակնհայտի մասին բանավիճելն անիմաստ է, մանավանդ որ ինչպես մինչև իշխանազավթումը, այնպես էլ դրանից հետո հազար անգամ հրապարակային, հանգամանորեն ներկայացվել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը: Առավել ևս, երբ Հայաստանի կառավարիչն ամեն ինչ արեց բանակցային գործընթացը ձախողելու համար: Եթե նա շատ է ուզում բանավիճել, ապա խորհուրդ ենք տալիս բանավիճել համանախագահ երկրների՝ ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների հետ, ովքեր   2009-2013 թվականներին հինգ անգամ հայտարարել են բանակցային ձևաչափի և այն սկզբունքների մասին, որոնց հիման վրա պետք է լուծվեր ԼՂ հիմնախնդիրը: Չէր խանգարի, որ մեկ-մեկ էլ լսեր իր «կիրթ ու կառուցողական» գործընկերոջ ինչպես 2016 թվականի, այնպես էլ հետպատերազմյան խոստովանությունները»,- հայտնեցին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից: Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը արձագանքելով վարչապետի առաջարկին ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը:   Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն: Արդյունքը կրկին նույնն է լինելու»:   ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ բանավեճի հրավերին: «Նախագահ Քոչարյանը վաղուց չի կարդում վարչապետի ֆեյսբուքյան մարազմատիկ գրառումները։ Ես ստիպված եմ ծանոթանալ դրանց՝ աշխատանքիս բերումով, և դա եղել է իմ արձագանքը։ Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ. իսկ այն, որ Արցախի և Հայաստանի սուվերեն տարածքների հանձնումը գործող վարչապետի անձնական «վաստակն» է, անվիճելի պատմական փաստ է ու ակնհայտ՝ բոլոր ադեկվատ մարդկանց համար։ 2018-2024 թվականներին Հայաստանում մեկ մարդ է ունեցել ամբողջական իշխանություն, և այդ մեկ մարդն է կրում բոլոր իրադարձությունների ամբողջական պատասխանատվությունը։ Մեկ մարդ է հայտարարել, որ բանակցում է իր սեփական կետից, ինչ որ պետք է՝ այն էլ բանակցում է, և այդ մեկ մարդը գործող վարչապետն է։ Տիկտոկյան կոմիկ պերսոնաժների հետ ոչ ոք լուրջ թեմաներ, իհարկե, չի քննարկի: Հազարավոր ոստիկանների և թիկնապահների ետևում թաքնված գոյատևողի՝ թաքնվելու ակնարկի մասին կցանկանայի լռել, դրա մասին ավելի խոսուն կպատմեն բունկեր-թաքստոցների բազմատանջ պատերը»,-ասվում է պատասխանում:
22:29 - 23 դեկտեմբերի, 2024
Բագրատ սրբազանը չի հերքում, որ կարող է հանդիպել ՀՀ նախկին երեք նախագահներին
 |azatutyun.am|

Բագրատ սրբազանը չի հերքում, որ կարող է հանդիպել ՀՀ նախկին երեք նախագահներին |azatutyun.am|

azatutyun.am: Վարչապետի հրաժարականը պահանջող Բագրատ արքեպիսկոպոսն այսօր լրագրողների հետ զրույցում ըստ էության չհերքեց՝ առաջիկայում կհանդիպի Հայաստանի նախկին երեք նախագահների հետ: Շարժման ձևավորումից հետո, ինչպես սրբազանն է պնդում, ինքը ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ էլ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ չի հանդիպել: «Ժամանակով բոլորի հետ էլ կլինի, ինչո՞ւ չպիտի լինի», - նշեց Տավուշի թեմի առաջնորդը: «Տավուշը հանուն հայրենքի» շարժման առաջնորդը, որ Երևան հասնելուց հետո խոստանում էր անհնազանդության խաղաղ ակիցաների միջոցով մի քանի օրում հասնել Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հեռացմանը, մոտ մի շաբաթ է՝ հարցի քննարկումը տեղափոխել է դահլիճային ձևաչափ, հանդիպումներ է անցկացրել քաղաքական կուսակցությունների, մասնագիտական շրջանակների հետ, այսօր էլ հերթը տնտեսագետներինը և կրթության ոլորտի ներկայացուցիչներինն է: «Պիտի ներկայացնեմ իմ պատկերացումները՝ իր հոգևոր բովանդակությամբ, ժամանակին մենք հայեցակարգերով ենք զբաղվել, և թե ինչ է նշանակում մեզ համար տնտեսությունը, և ապա լսել իրենց՝ իրենց կարծիքները, վերլուծություններ եթե կունենան անելու: Հստակ կերպով, ճիշտ, անաչառ գնահատականով՝ մեր այսիրվա իրավիճակի վերլուծությունն ու գնահատականը», - ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Մինչ Բագրատ սրբազանը դահլիճային հանդիպումներում իշխանությանը հեռացնելու ուղիներ է փնտրում, խորհրդարանում իշխանական պատգամավորն առանց որևէ կոնկրետ փաստ ներկայացնելու կրկին պնդեց՝ ոչ միայն ընդդիմադիրները, նաև Հայաստանի շատ քաղաքացիներ այլ երկրների շահեր են սպասարկում: Եթե այդպես շարունակվի, Խաչատուր Սուքիասյանը զգուշացրեց. - «Եվ եթե մենք գնանք տարիներ հետ և տեսնենք, թե Հայաստանի Հանրապետությունը ովքեր են ղեկավարել, ինչ ձևով են կառավարել, և տեսնենք, թե նրանք ինչ ձևով էին վերաբերվում այն մարդկանց, ովքեր որ մի օտար երկրի անուն էին տալիս. շատ վատ էին վարվում՝ կա՛մ էդ մարդիկ բանտում էին հայտնվում, կա՛մ էդ մարդիկ մահանում էին, կա՛մ էդ մարդիկ ունեզրկվում էին: Հիմա ձեզ ասում եմ՝ եթե դուք ձեր չափը չճանաչեք և դուք խանգարեք Հայաստանի Հանրապետության զարգացմանը, ձեզ հետ նույն գործիքներով կխոսեն»: Այն, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող գործակալներ կան, նաև երկրի վարչապետն է հայտարարում, մինչ այժմ, սակայն, իրավապահները դրան հրապարակային չեն արձագանքել։ Ավելին՝ գլխավոր դատախազը վերջերս պնդել էր՝ դրանք քաղաքական հայտարարություններ են, և իրավական ընթացք տալու հիմքեր չկան: Այդուհանդերձ, Բագրատ արքեպիսկոպոսն այսօր իրավապահ համակարգին կրկին կոչ արեց արձագանքել ոչ միայն իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի սպառնալիքներին, այլև առհասարակ իշխանության մեղադրանքներին, որ սրբազանն ու նրա առաջնորդած շարժումն այլ երկրի շահեր են սպասարկում: «Շատ պարզ պատկեր է, ավելի բան ես կարող ե՞մ ասել: Վարքագիծը, որը դրսևորվում է, որը միգուցե թաքնված էր, բայց հիմա դրսևորվում է, իրավապահ համակարգը թող արձագանքի՝ օտարերկրյա շահեր, իրենք սպառնում են ունեզրկելու և սպանելու, բանտերով, թող արձագանքեն», - հայտարարեց Բագրատ սրբազանը:
16:43 - 22 մայիսի, 2024
Տեր-Պետրոսյանը նման առաջարկ չի ստացել. 1-ին նախագահի գրասենյակը պատասխանել է Մինասյանին

Տեր-Պետրոսյանը նման առաջարկ չի ստացել. 1-ին նախագահի գրասենյակը պատասխանել է Մինասյանին

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գրասենյակը ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության կազմ ձևավորելու առաջարկ չի ստացել: Այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։ Ավելի վաղ ԱԺ «Հայաստան« խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով «Ազգային կոմիտեի» ձախողման իրական պատճառների մասին, ասել էր, որ իրենց կողմից ներկայացվել է ժամանակավոր կառավարության կազմ` Արման Թաթոյանի գլխավորությամբ։ «Սակայն այդ ամենին զուգահեռ կար մեկ պայման․ բոլոր նախկին նախագահները և կաթողիկոսները (Գարեգին 2-րդ, Արամ 1-ին․ խմբ.) պետք է նաև հրապարակային աջակցություն հայտնեին այդ գաղափարին, ծրագրին։ Ցավոք, առաջին նախագահի (Լևոն Տեր–Պետրոսյան) գրասենյակի բացասական արձագանքը բերեց նրան, որ այս գաղափարը չիրացվեց»,- ասել էր Մինասյանը։ Թաթոյանը ևս հերքել է այս հայտարարությունները։ «Տեղեկացնում եմ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունը կեղծիք է, այսինքն՝ չի համապատասխանում իրականությանը: Առաջին նախագահի գրասենյակը նման առաջարկ չի ստացել», - գրել է Մուսինյանը ֆեյսբուքյան էջում։    
10:27 - 05 նոյեմբերի, 2023
Փաշինյանի ստախոսությունը սահման չի ճանաչում․ Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի ստախոսությունը սահման չի ճանաչում․ Տեր-Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի դեմագոգիան եւ ստախոսությունը որեւէ սահման չեն ճանաչում։ Երկրորդ օրն է շարունակ, ինչ Փաշինյանը փորձում է իր վրայից մաքրել Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղավորությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը` անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարություններին։ «Արցախի հայության համար իր աղետալի հետեւանքներով այդ քայլը հավասարազոր է հայ մելիքների դեմ Մելիք Շահնազարի դաշնակցությանը Փանահ֊խանի հետ եւ պատմության մեջ մշտապես կհիշվի որպես Արցախին հասցրած երկու դավաճանական եւ մահացու հարվածներից մեկը։    Գիտակցելով այս իրողությունը, Փաշինյանը իրեն հատուկ մտային աճպարարությամբ փորձում է ներկայացնել իրականությունն այնպես, թե իբր նա, ստորագրելով Պրահյան հայտարարությունը եւ ընդունելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմք, որեւէ նոր քայլ չի կատարել։   Այդ ցնորքն ապացուցելու նպատակով նա երկու հայտարարություն է կատարում. - Որ Հայաստանը դեռ 1991֊1992 թվականներին ստորագրել է եւ վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, դրանով իբր ճանաչելով Արցախը Ադրբեջանի կազնում։ - Որ ռուսական թերթերից մեկում տված մի հարցազրույցում Տեր֊Պետրոսյանը հայտարարել է, թե իր համար ընդունելի է Արցախի ինքնավարության կարգավիճակը, դրանով իբր հաստատելով Ալմա֊Աթայի հռչակագիրը որպես Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հիմք։ Քանի որ արդեն երկրորդ օրն է, ինչ այս անհեթեթությունը տիրաժավորվում է Հայաստանի հանրային լրատվամիջոցներով, նպատակահարմար եմ գտնում եւս մեկ անգամ արձանագրել հետեւյալ հանրահայտ փաստերը. 1. Հայաստանը ստորագրել եւ վավերացրել է Մինսկում ստորագրված Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Բելառուսի միջեւ ստորագրած հռչակագիրը։ 2. Հաշվի առնելով Ադրբեջանի հնարավոր միացումը ԱՊՀ֊ին, Հայաստանը վերոհիշյալ հռչակագիրը վավերացրել է համապատասխան վերապահումներով, ըստ էության, հայտնելով, որ տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքը չի տարածվում նախկին ինքնավարությունների վրա, որոնք ԽՍՀՄ օրենքների համաձայն, հայտարարել են իրենց անկախության մասին։ Դա Հայաստանի Հանրապետության համար այսօր էլ գործող օրենսդրական հիմք է։ 3. Հայաստանը չի վավերացրել Ալմա֊Աթայի հռչակագիրը, բավարարվելով Մինսկյան հռչակագրի ստորագրությամբ եւ վավերացմամբ ստեղծված իրավական հիմքերով եւ պարտավորություններով։ 4. Տեր֊Պետրոսյանը երբեք չի ընդունել Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը որպես ղարաբաղյան հակամարտության հիմք, հետեւողականորեն վետո կիրառելով ԵԱՀԿ֊ի որեւէ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս հիշատակելու փորձերի դեմ եւ մերժելով նման լուծում առաջարկող որեւէ տարբերակ։ 5. «Կոմսոմոլսկայա պրավդա» ռուսական թերթին 1992 թվականի մարտին Տեր֊Պետրոսյանն ասել է, որ իր կարծիքով, Լեռնային Ղարաբաղի լիակատար ինքնավարությունը կարող է «ընդունելի լինել եւ Ղարաբաղի, եւ Ադրբեջանի համար»։ Ես արդեն մեկնաբանել եմ այդ հայտարարությունը 2010 թվականին, երբ այդ որպես մեղադրանք նետվել էր այն ժամանակվա իշխանությունների կողմից։ Հայտարարությունից երկու ամիս անց մենք ազատագրեցինք Շուշին։ Ես բացատրել եմ, որ այդ ռազմական գործողությունն արդեն նախապատրաստված եւ արտոնված էր, եւ հայտարարությունը հնչել է ընդամենը որպես պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովման բաղադրիչ։ Հասկանում եմ, որ Նիկոլական տգետների համար դժվար կլինի հասկանալ հատկապես «պատերազմական գործողությունների տեղեկատվական ապահովում» արտահայտության տակ թաքնված բովանդակությունը, բայց ավելին ասելու համար ստիպված պետք է լինեմ բացահայտելու պետական գաղտնիքներ, ինչը բնականաբար չեմ անի։ Ամեն դեպքում, նման բան երբեք չի ներկայացվել դիվանագիտական ատյաններում որպես Հայաստանի դիրքորոշում եւ երբեք չի եղել մեր քաղաքականության հիմքում, առավելեւս որեւէ կապ չի ունեցել Ալմա֊Աթայի հռչակագրի հետ։ Եւ այսպես, Նիկոլ Փաշինյանի ինքնարդարացման փորձերը եւս մեկ անգամ բացահայտոում են այն անմխիթար իրողությունը, որ մենք գործ ունենք ստախոս մի ղեկավարի հետ, որի միակ նպատակը դարձել է փախուստը պատասխանատվությունից», - գրել է նա։
10:05 - 14 սեպտեմբերի, 2023
Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը
 |hetq.am|

Ընդդիմադիր պատգամավորը պնդում է, որ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային փաստաթղթերի բովանդակությունը |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցի այն հատվածին, որ վերջինս հայտարարել էր, թե Ալմա Աթայիի հռչակագիրը Հայաստանի խորհրդարանի կողմից վավերացվել է 1992թ. փետրվարին, այն Հայաստանի օրենսդրության անբաժանելի մասն է: Պատգամավորը նշեց, որ վարչապետի այդ պնդումը իրականության հետ որևէ աղերս չունի: Հայաստանը չի վավերացրել այդ հռչակագիրը և որևէ երկիր չի վավերացրել այդ հռչակագիրը՝ ոչ վերապահումներով, ոչ՝ առանց, հետևաբար չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության անբաժանելի մաս: Արթուր Խաչատրյանն ասաց, որ Հայաստանը 1992թ․ վավերացրել է Ալմա Աթայում ստորագրված մեկ այլ փաստաթուղթ: Պատգամավորը ցույց տվեց մի փաստաթուղթ, որը արձանագրություն էր Հայաստանը Մինսկի համաձայնագրին միանալու մասին: Նա պնդեց, որ դա է վավերացվել, այլ ոչ թե հռչակագիրը: Պատգամավորը մատնանշեց մի շարք փաստաթղթեր, որոնք վավերացվել են Հայաստանի կողմից: Նա կասկածեց, որ 5 տարվա Հայաստանի ղեկավար Փաշինյանը հույժ կարևոր մանրամասներին ծանոթ չլինի: Ա. Խաչատրյանի դիտարկմամբ՝ իրականության աղճատումը մեկ նպատակ է հետապնդում՝ չնդունել սեփական մեղքը և սեփական ձախողումների համար ժամանակի և տարածության մեջ փնտրել մեղավորներ: Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց, թե ե՞րբ Ալմա Աթայի հռչակագիրը դարձավ Արցախի հակամարտության հիմք և ո՞վ է դրա նախաձեռնողը: Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին նշեց, որ գուցե արձանագրության մասով ձևակերպումների հարցում ճշգրիտ չի եղել, սակայն բառի բուն իմաստով ճշգրիտ է եղել: Վարչապետը մատնանշեց Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը և խնդրեց իր հեռախոսը, որպեսզի նրա հայտարարությունը գտնի՝ համոզելու համար, որ Արցախի բանակցությունների հիմք դարձել է շատ վաղուց՝ 1991 թվականից:  Արթուր Խաչատրյանն էլ հակադարձեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցը իրավական հիմք չէ:
18:43 - 13 սեպտեմբերի, 2023