Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

100 օրվա մեջ Հայաստանի ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակի» առաջարկը իշխանությանը
 |azatutyun.am|

100 օրվա մեջ Հայաստանի ԵՄ անդամակցության հանրաքվե անցկացնել. «Ժողովրդավարական ուժերի հարթակի» առաջարկը իշխանությանը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու խորհրդարանական լսումների ժամանակ 4 քաղաքական ուժերի և նրանց աջակցող կազմակերպությունների անունից՝ «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր հորդորեց Հայաստանի իշխանություններին եռամսյա ժամկետում հանրաքվե կազմակերպել։ Սարգսյանը, որ արտախորհրդարանական մի շարք ուժերի ղեկավարների հետ պարբերաբար հանդիպում է վարչապետին, պնդեց՝ պահը հենց հիմա է՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ «Արտախորհրդարանական ընտրությունների ժամանակ հռետորաբանությունը կտրուկ չորանալու է։ Սկսելու են ագրեսիվ կոչեր, Ադրբեջանին արտաքին թշնամի է պետք քվե հավաքելու համար, ո՞վ է այդ արտաքին թշնամին՝ մենք, Ալիևը էդ հռետորաբանությունն օգտագործելու է ինչքան քեֆը տա, իսկ Ռուսաստանի կողմից դա խրախուսվելու է», - նշեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարը: Շեշտելով, որ Հայաստանի իշխանությունն էլ չի բացառում, որ Ադրբեջանը COP 29-ից հետո կդիմի ռազմական ագրեսիայի Հայաստանի դեմ, Արամ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ է արվում դա թույլ չտալու համար։ Ապա որպես լուծում առաջարկեց ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն։ Ըստ Սարգսյանի՝ ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի անվտանգ ու ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, քան այսօր է։ «Կասկած չունեմ, որ դա շատ առատաձեռն կփոխհատուցվի մեզ՝ ինչպես սպառազինության, անվտանգության, այնպես էլ տնտեսության զարգացման և ներդրումների առումով։ Իշխանությունը մի քիչ ինձ հարգի ու ականջալուր լինի, մի քիչ էլ գնահատի իմ փորձը, այդ ընտրությունները կանի սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 -ի սեպտեմբերի 21 -ին արեցինք անկախության հանրաքվե», - հայտարարեց նա։ «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանն էլ շեշտելով, թե Հայաստանը կյանքի ու մահվան հատման կետում է և իրենք ընտրում են կյանքի ճանապարհը, խոսքն ուղղեց վարչապետ Փաշինյանին՝ հորդորելով, որ անցկացվելիք հանրաքվեի արդյունքը պետք է տեղ գտնի նախատեսվող նոր Սահմանադրության մեջ։ «2026 թվականին, ըստ ամենայնի, մենք ունենալու ենք նաև սահմանադրական հանրաքվե, և շատ կարևոր է, որպեսզի հանրաքվեի արդյունքով այդ կետը կարողանանք այնտեղ ներառել», - ասաց Բաբաջանյանը: Արման Բաբաջանյանը ելույթի ավարտին նախ ցուցադրեց ռետինե մի կրկնակոշիկ՝ ապա գրպանից հանեց ԵՄ դրոշն ու կախեց Ազգային ժողովի ամբիոնից։ Այս քայլն ակնհայտորեն դուր չեկավ նիստը վարող Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանին։ «Դուք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության դրոշը պետք է լինի», - ասաց Եղոյանը: «Հայաստանի եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը շարունակեց Եվրամիության դրոշի թեման՝ պնդելով, առանց դրա Հայաստանի եռագույնը անվտանգ չէ. - «Եվրամիության դրոշը հենց այն երկաթե սյունն է, որը պաշտպանելու է մեր երիտասարդ ժողովրդավարությունը, շնորհակալ եմ գործընկերոջս՝ պարոն Բաբաջանյանին, որը բերեց այդ դրոշը»:    
18:10 - 21 հունիսի, 2024
Քաղաքական ակցիա ԱԺ-ում․ Արման Բաբաջանյանը ամբիոնից կախեց ԵՄ դրոշը

Քաղաքական ակցիա ԱԺ-ում․ Արման Բաբաջանյանը ամբիոնից կախեց ԵՄ դրոշը

Այս պահին ԱԺ-ում լսումներ են՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին։ «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը իր ելույթի վերջում քաղաքական ակցիա իրականացրեց և ԱԺ ամբիոնից կախեց ԵՄ դրոշը, ապա վրան կալոշ դրեց՝ նշելով, որ այն խորհրդանշում է «փողոցների վերջին օրերի հետադիմական, նաև արտաքին քաղաքական այն խայտառակությունը, որը մեզ ուզում է տանել դեպի մահ, դեպի կործանում»։ Լսումների մասնակիցներից մեկը հետո կալոշը հեռացրեց դրոշի վրայից։ Նիստը վարող ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը նշեց, որ դրոշի հետ խնդիր չունեն, բայց քննարկումը պետք է լինի բովանդակային։ Նա ասաց, որ ՀՀ ԱԺ-ում պետք է լինի ՀՀ դրոշը։ Ի պատասխան՝ դահլիճից հայտարարություն հնչեց, որ փողոցում ՌԴ դրոշներ են կախված, ինչին արձագանքելով՝ Եղոյանն ասաց, որ սա փողոց չէ, ՀՀ խորհրդարանն է։
12:30 - 21 հունիսի, 2024
Լսումներ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ

Լսումներ ԱԺ-ում Հայաստանի` ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ հունիսի 21-ին` ժամը 11:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ` «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։  Առաջարկը ներկայացրել են չորս արտախորհրդարանական ուժեր (Հայաստանի Եվրոպական, Հանրապետություն, Հանուն Հանրապետության, Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություններ):  Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը տեղեկացրել է, որ լսումներ անցկացնելու նախաձեռնությունը ներկայացվել է Ժողովրդավարական ուժերի հարթակի եւ քաղհասարակության կողմից:  Հունիսի 17-ին գումարված արտահերթ նիստին ներկա են եղել նաեւ առաջարկի հեղինակները, որոնք խոսել են նախաձեռնության վերաբերյալ իրենց ակնկալիքների ու հանրաքվեի անցկացման կարեւորության մասին: «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի խոսքով որոշ սոցհարցումների համաձայն` ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ուզում է, որ Հայաստանն ինտեգրվի ԵՄ-ին` որպես լիիրավ անդամ: «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի կարծիքով հանրաքվեն Հայաստանի դիմակայունության եւ դիմադրողականության բարձրացման նպատակ է հետապնդում: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը եւ հանձնաժողովի անդամները ողջունել են խորհրդարանական լսումներ անցկացնելու նախաձեռնությունը: Կարծիք է հնչել, որ հանրաքվեի արդյունքները կարող են ուղղորդող լինել հաջորդ ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի համար:
21:09 - 17 հունիսի, 2024
Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին
 |media.am|

Արման Բաբաջանյանի սխալ պնդումները Հայ առաքելական եկեղեցու մասին |media.am|

media.am: «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը մայիսի 8-ին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարեց, որ Հայ առաքելական եկեղեցին 44-օրյա պատերազմում համախմբման և մոբիլիզացիայի մասին հայտարարություն չի արել, իսկ Ամենայն հայոց կաթողիկոսը Հայաստանի տարածքների վրա հարձակման ժամանակ «ծպտուն չի հանել». «Եկեղեցին որևէ անգամ ամբողջ 44-օրյա պատերազմի ընթացքում հայտարարություն՝ համախմբման, համերաշխության, ներդաշնակեցման մեր բոլորի տրամադրությունները, ուշք ու միտքը կետրոնացնելու համար հայտարարություն տարածե՞լ է։ Ոչ։ Եկեղեցին երբեևէ մոբիլիզացիայի վերաբերյալ որևէ հայտարարություն տարածե՞լ է էն ժամանակ, երբ որ…. 2021 թվականի մայիսին, 2021 թվականի նոյեմբերին, 2022 թվականի սեպտեմբերին հարձակում էր իրականացվում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամաբ։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին, Արցախը երբ որ հայաթափվում էր, դուք տեսե՞լ եք, որ Ամենայն հայոց կաթողիկոսը որևէ ծպտուն հանի էդ դաժան իրադարձությունների կապակցությամբ։ Դուք տեսե՞լ եք մի հոգևորական, որ Գորիսում գնա արցախցի դիմավորի, տասը արցախցի եկեղեցին տանի, իր հարկի տակ պահի»,- ասաց Բաբաջանյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում։ Բաբաջանյանն այս պնդումներն արել էր նաև Freenews-ի եթերում։ Media.am-ի փաստերի ստուգման թիմը՝ «Ստուգված է»-ն, պարզեց, որ Արման Բաբաջանյանի այս պնդումները սխալ են։ Եկեղեցին 44-օրյա պատերազմի ընթացքում բազմիցս համախմբման, միասնականության և ուժերի մոբիլիզացիայի կոչեր է արել, կազմակերպել դրամահավաքներ՝ հավաքված գումարը նվիրաբերելով «Հայաստան» համահայկական հիմնադրամին, զորակցություն հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Հետագայում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման ժամանակ, եկեղեցին ևս հանդես է եկել համախմբման կոչերով, իսկ Արցախի հայության տեղահանումից հետո աջակցության ծրագրեր իրականացրել նրանց համար։ Եկեղեցին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ադրբեջանի հարձակման օրը, Մայր Աթոռի ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվեց Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ուղերձը, որում կար համախմբման կոչ՝ «Կոչ եմ անում մեր ժողովրդին միասնության և քաղաքական բոլոր ուժերին՝ ստորադասելու հակասությունները հանուն Հայրենիքի պաշտպանության կարիքների»։ Նույն օրը նա հեռախոսազրույց էր ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այդ օրերի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Երկու դեպքում էլ ընդգծել էր «աշխարհասփյուռ հայության» համախմբման անհրաժեշտությունը։ Սեպտեմբերի 29-ի իր ուղերձում Գարեգին Երկրորդը կրկին ուժերը միավորելու կոչ արեց՝ ազգային միասնականությունն ու համախմբումն անվանելով հաղթանակի երաշխիք։ Սկսած սեպտեմբերի 30-ից Ամենայն հայոց կաթողիկոսը հանգանակություն էր նախաձեռնել։ Հավաքված միջոցները, ըստ հաղորդագրությունների, տրամադրվել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները․ բոլորս Արցախի համար» ծրագրին։ Հոկտեմբերի 1-ին հայտարարվեց Մայր աթոռի միջոցներից Համահայկական հիմնադրամին 500.000 դոլար փոխանցելու որոշման մասին։ Նույն ամսվա 14-ին հայտարարվեց, որ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմից փոխանցվել է 15 մլն ռուբլի, Գերմանիայի հայոց թեմից 50 հազար եվրո, Ֆրանսիայի հայոց թեմից 60 հազար եվրո, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց թեմից՝ 37 հազար դոլար։ Հոլանդիայի Ալմելո քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու կողմից հանգանակվել և փոխանցվել է 87 հազար եվրո։ Հոկտեմբերի 3-ին, 11-ին, 14-ին, նոյեմբերի 1-ին եկեղեցին ևս համախմբման ու միասնականության կոչերով է հանդես եկել։ Ավելի ուշ Ամենայն հայոց կաթողիկոսը, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը նաև կոչ արեցին զենք վերցնել ու պահել սահմանագիծը։ Հոկտեմբերի 27-ին հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի և Գարեգին Երկրորդի միջև, որի ժամանակ կաթողիկոսը եկեղեցու զորակցությունը հայտնեց Հայաստանի և Արցախի կառավարություններին։ Այս ամենով հանդերձ՝ 2020-ի դեպտեմբերի 8-ին Ամենայն հայոց կաթողիկոսը հորդորել էր Փաշինյանին վայր դնել վարչապետի լիազորությունները՝ «կանխելու համար հասարակական կյանքում ցնցումները, նաև հնարավոր բախումներն ու ողբերգական հետևանքները»։ Կաթողիկոսը 2021, 2022, 2023 թթ.-ի հարձակումների ժամանակ «ծպտուն հանել է» 2021-ի մայիսի 12-ին՝ ադրբեջանական ուժերի ներխուժման ժամանակ, Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում որևէ հրապարակում չի եղել։ Մայիս ամսվա ընթացքում, սակայն, եկեղեցին համախմբման կոչ արել է։ Մայիսի 26-ին Էջմիածնում գումարված քահանայից հավաքի մասնակիցները հորդորել են համախմբվել արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարման ու իրավիճակի կայունացման համար։ Նույն տարում Ադրբեջանի նոյեմբերյան ագրեսիայի ժամանակ Մայր Աթոռը կոչ արեց միջազգային հանրությանը և միջկրոնական կառույցներին հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները։ Միևնույն ժամանակ հորդորեց համախմբվել աշխարհասփյուռ հայությանը՝ պայքարելու Ադրբեջանի անօրինական գործողությունների դեմ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
14:24 - 10 մայիսի, 2024
Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի հետ: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղխորհրդի փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը և քաղխորհրդի անդամ Վաչե Գրիգորյանը: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական մարտահրավերներին, դրանց լուծման ուղղությամբ իրականացվող քայլերին, ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի հաղթահարման անհրաժեշտությանը, ինչպես նաև հումանիտար միջանցքի անխափան գործունեության վերականգնմանը:   Նախագահ Խաչատուրյանը կարևոր է համարել ներկայիս ստեղծված բարդ իրավիճակի հաղթահարման նպատակով տարբեր հարթակներում հայաստանյան քաղաքական միավորների աշխատանքը և հայկական օրակարգային խնդիրների բարձրաձայնումը:  
18:33 - 29 դեկտեմբերի, 2022
Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ. Գլխավոր դատախազությունը հանդիպումների մասին մանրամասներ չի հայտնում

 |factor.am|

Սրբուհի Գալյանը կմեկնի ԱՄՆ. Գլխավոր դատախազությունը հանդիպումների մասին մանրամասներ չի հայտնում |factor.am|

factor.am: «Հանուն հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկայում աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնելու ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանը։ Ըստ Բաբաջանյանի՝ այցը հատկապես կարևոր է Հայաստանից ԱՄՆ դուրս բերված ապօրինի կապիտալը ԱՄՆ իշխանությունների հետ գնահատելու և ապօրինի ծագում ունեցող հայաստանյան գույքի մեջ ներառելու հնարավորությունների տեսանկյունից։ Factor.am-ը տեղեկությունը փորձեց ճշտել Գլխավոր դատախազությունից։ Վարդապետյանի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը հաստատեց, որ Գալյանն առաջիկայում Միացյալ նահանգներ է մեկնելու, սակայն օրակարգի և հանդիպումների մասին որևէ մանրամասն չհայտնեց։ Հիշեցնենք՝ երեկ էլ Արման Բաբաջանյանը փաստաթուղթ էր հրապարակել, տեղեկացնելով, որ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և նրա կինը՝ Լուսինե Գալաջյանն այս տարվա մայիսին ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ձեռք են բերել առանձնատուն 2 մլն 50 հազար դոլարով։  Infocom-ը պարզել էր, որ բաց և հասանելի տվյալներն ապացուցում են՝ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, իսկապես առանձնատուն են ձեռք բերել։  
16:28 - 27 հոկտեմբերի, 2022
Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

Վիգեն Սարգսյանն ու կինը Բելմոնտ քաղաքում իսկապես առանձնատուն են ձեռք բերել․ Արման Բաբաջանյանը ճիշտ է

«Հանուն հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում մի փաստաթուղթ էր հրապարակել՝ նշելով, թե այդ փաստաթուղթն ապացուցում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն այս տարվա մայիսին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Բելմոնտ քաղաքում ավելի քան 2 մլն դոլարով առանձնատուն է ձեռք բերել։ «Վիգեն Սարգսյանն ու նրա կինը՝ Լուսինե Գալաջյանը, միասին արդեն բնակվում են նոր 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատանը»,- նշել էր Արման Բաբաջանյանը։ Արման Բաբաջանյանն այլ մանրամասներ չէր ներկայացրել, իսկ կից փաստաթղթից պարզ են դառնում այն մարդկանց անունները, որոնցից պաշտպանության նախկին նախարարը ենթադրաբար գնել է առանձնատունը։ Այսպիսով, ըստ Բաբաջանյանի հրապարակած փաստաթղթի, առանձնատունը պատկանել է Ջուլիեն և Նիսսիա Գրատիերներին։ Google Maps-ից տեղեկանում ենք, որ Բաբաջանյանի նշած հասցեում իրոք առանձնատուն կա։ Բեմլոնտ քաղաքի պաշտոնական կայքից էլ իմանում ենք, որ 2021-ի տվյալներով նշված անձինք իրոք գրանցված են եղել այս հասցեում (տե՛ս 5-րդ և 23-րդ էջերը)։ Անշարժ գույքի մասին տեղեկություններ պարունակող տարբեր կայքերում նշվում է, որ այս առանձնատունը վերջին անգամ վաճառվել է 2022 թ․ մայիսի 20-ին 2 050 000 ԱՄՆ դոլարով (zillow.com, realtor.com, compass.com): Առանձնատունը վերևից և ներսից, լուսանկարները՝ compass.com-ից Իսկ Մասաչուսեթսում անշարժ գույքի գործարքների մասին տեղեկություններ պարունակող Banker & Tradesman կազմակերպության կայքից իմանում ենք առանձնատան վաճառքի մասին այլ մանրամասներ։ Այս տարվա հունիսին հրապարակված զեկույցում Banker & Tradesman-ը նշում է, որ Գրատիեր ամուսինները 48 Amherst Road, Belmont, Massachussetts 02478 հասցեում գտնվող առանձնատունը վաճառել են Վիգեն Սարգսյանին և Լուսինե Գալաջյանին  (տե՛ս էջ 29)։ Առանձնատան գինն ու վաճառքի ամսաթիվը նույնն են, ինչ վերը նշված կայքերում։ Այսպիսով, բաց և հասանելի տվյալներն ապացուցում են, որ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ու նրա կինն ԱՄՆ-ում՝ Բեմլոնտ քաղաքում, առանձնատուն են ձեռք բերել։ Գլխավոր լուսանկարը՝ compass.com-ի Աննա Սահակյան
17:18 - 26 հոկտեմբերի, 2022
ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով: «Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
17:57 - 26 սեպտեմբերի, 2022
 Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Ազատության հրապարակից մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ ակցիային ներկաները իջեցնեն բոլոր դրոշները՝ բացի ՀՀ դրոշից։խ. «Մենք այստեղ ենք մեր օրակարգով, մեր երկրի համար այս ճակատագրական, օրհասական ժամին՝ ի լուր աշխարհի, ի տես աշխարհի ապացուցելու, որ Հայաստանի քաղաքացին տեր է իր երկրին, տեր է այն ընտրությանը, որը ինքը կատարել է և այն ոտնձգությունը, որը կատարվել է իր երկրի նկատմամբ և որի թիրախը մեր երկրի սուվերենն է, մեր երկրի ժողովուրդն է, որևէ պարագայում չի կարող մեզ համար ընդունելի լինել»։ Բաբաջանյանն անդրադարձ կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությանը՝ նշելով, որ ըստ էության նա առաջարկել է, որպեսզի Հայաստանը ներկայացնի այն կարիքները, որը ունի՝ պաշտպանելու երկրի սուվերենը, երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և տարածքային ամբողջականությունը. «Այս առաջարկը հակոտնյա է՝ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ի մեջ։ Մենք չենք կարող գտնվել ՀԱՊԿ՝ այսպես կոչված ռազմաքաղաքական դաշինքում, և նույնիսկ սկսել որևէ քննարկում ԱՄՆ-ի հետ։ Այն կարիքների շուրջ, այն անվտանգային կարիքների շուրջ, որը այս պահին օրհասական կարևորություն ունի, հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի մենք գնահատենք այն ռիսկերը, որոնք առկա են երկու պարագայում էլ՝ ՀԱՊԿ-ում մնալու և դուրս գալու, երկու պարագաները կշռել և կայացնել ճշգրիտ որոշում»,- ասաց Բաբաջանյանը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ «Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է»,- շեշտեց Բաբաջանյանը՝ շարունակելով. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ սպասումներ ունեն մեր հայրենակիցները ՀՀ սահմանային բնակավայրերւմ։ Սահմանաին ապրող հայրենակիցները, որոնք սպասում էին այսօրվա կարևոր իրադարձություններին և  հատկապես սպասում էին այս հավաքին և այս հավաքի արդյունքում ամփոփվող այն հանրագումարին, այն պահանջին, որը բոլորս կիրականացնենք։ Սյունքիում, Վայոց ձորում, Գեղարքունիքում մարդիկ իրենց աչքի առաջ տեսել են, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի կատարում իր առջև դրված  կարևորագույն պարտականությունները։ Չի կատարում այն պարտականությունները, որը նա ստանձնել է 1997 թվականի «Բարեկամության և փոխօգնության» պայմանագրի դրույթներով։ Գնացեք կարդացեք 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի մինչև ձեռք բերված, ստորագրված պայմանագիրը՝ ռազմավարական գործընկերության մասին։ Այդ պայմանագիրը «Շուշիի հռչակագրից» բխող համաձայնություն է ՀՀ-ն ոչնչացնելու մասին»,- հայտարարեց նա՝ նշելով, որ չենք կարող գտնվել մի ռազմավարական դաշինքում, որտեղ մենք դաշնակից չունենք, որտեղ մինչև հիմա գտնվում էինք, որովհետև Ռուսաստանն էր մեր դաշնակիցը, բայց հիմա համոզվել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլև հարձակումից ժամեր առաջ ազատում է այն հենակետերը, որոնք վերապահվել էին իրենց՝ պաշտպանության համար. «Կա՛մ Ռուսաստանը վերանայում է իր պարտականությունները՝ Հայաստանի առջև, որոնք պայմանագրի դրույթների համաձայն պարտավորվում է կատարել, կա՛մ Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը այս հավաքը և վստահ եմ, որ շատ ավելի մեծ զանգվածներ պահանջում են ՀՀ իշխանություններից; Այսօր Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է երկու ընտրություն՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ Բելառուս։ Մենք այստեղ ենք՝ մերժելու ՌԴ որևէ առաջարկ և ցույց տալու, որ Հայաստանը ունի արժանապատիվ ճանապարհ՝ լուծելու իր անվտանգության կարիքները և պետքերը։ Այս շարժումը պետք է լինի համազգային, մենք պետք է խոնարհենք մեր բոլոր կուսակցական դրոշները և բարձրացնենք միայն ՀՀ դրոշը։ Այս շարժմանը պետք է միանան բոլորը ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում։ Արցախը պետք  է իմանա, որ իր գոյությունը կախված է հզոր և բարգավաճ Հայաստանից։ Հայաստանը կարող է տնտեսապես, ռազմական առումով պաշտպանված լինի, եթե այս պահին կատարի այն վճռական քայլերը, որոնք պահանջվում է ՀՀ իշխանությունից։ Չկա Արցախը հայկական պահելու այլ ճանապարհ, քան այսօր, այստեղ Հայաստանի հզորության, հարատևության համար որոշում կայացնելը և դրանք տեր կանգնելը։ Մենք պետք է այստեղ երդվենք, որ ինչ սադրանքի ենթարկեն այս շարժումը պետք է աներեր և անսասան մնա մեր մտադրության և մեր պայքարի մեջ։ Նրանք, ովքեր կոտնձգեն ժողովրդի իշխանության դեմ, ովքեր կփորձեն ներքաղաքական սադրանքներ, մանիպուլյացիաներ իրականացնել՝ խաղալով մեր ժողովդրի նյարդերի զգացումների հետ, մենք պետք  է փորձենք նրանց արժանի պատասխան տալ։ Կեցցեք ազատ, անկախ և հարատև Հայաստանը։ Եզրափակելով ելույթը՝ Բաբաջանյանը հայտարարեց. «Փառք այն հզոր տղերքին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության, պետականության համար։ Փառք նրանք, ովքեր հիմա կանգնած են սահմանին և իրենց ներկայությամբ, ուժով, նպատակասլացությամբ պաշտպանում են մեզ, մեր երկրի սուվերենությունը, հայ ժողովրդի և Հայաստանի հարատևությունը»։
15:49 - 18 սեպտեմբերի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայանը։ «Այդպես այս արտակարգ պայմաններում կկարողանանք միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների պայմաներում ունենք ներքին անհրաժեշտ դիմադրողունակություն։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս Ադրբեջանից և Թուրքիայից։ «Դրանք կարող են էապես նվազել, եթե մենք կարողանանք հաջողել այսօր Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների բանակցություններում»,- ասաց նա։ Բաբաջանյանը նաև նշեց, որ այլևս ավելորդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության մասին։ «Չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիակայությունում ինչ նոր հարթակներ կարող են ի հայտ գալ միջնաժամկետ հեռանկարում, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը, գուցե տարածաշրջանային այլ երկրներ իրենց մասնակցությամբ կկարողանան տևական խաղաղություն բերել տարածաշրջանում և լուծում բերել ԼՂ հիմնախնդրին ու ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրներին»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ չենք կարող ասել՝ Երևանն ունի հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում․ «Կուզեի, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիներ ուղենիշային, և մենք մնայինք այդ չեզոքության մեջ և չեզոք դիրքերից հետևեինք զարգացումներին»։
17:26 - 24 փետրվարի, 2022
Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացավ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին գրառում է կատարել կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Ավելի վաղ կուսակցության գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քննարկումների առանցքում են լինելու հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Կուսակցության գրասենյակից հայտնել էին նաև, որ արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։
17:23 - 14 օգոստոսի, 2021
Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում մեկնարկել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Նիստին զուգահեռ ՍԴ-ի առջև հավաք է անցկացնում «Հանուն Հանարապետության» կուսակցությունը։ «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ են բերված։ «Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև մի անգամ այս Սահմանդրական դատարանը Քոչարյանին մարտի 1-ի գործով պատասխանատվությունից է ազատել»։ Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենց այս հավաքը արվել է ի պաշտպանություն ժողովրդավարության։ «Թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանի, նաև քաղաքական մյուս սուբյեկտներին հարգել այս արդյունքը և երկիրը անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»։ Հիշեցնենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները Սահամանդրական դատարան են ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ։ ՍԴ-ն որոշել է միավորել դիմումները, և դրանք քննել այսօրվա նիստի ընթացքում։
11:49 - 09 հուլիսի, 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը: ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։ Միևնույն ժամանակ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։   Այդուհանդերձ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդեռնիզացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ։   Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմենտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։   Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խոր հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխմանն և արդիականացմանն ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։   Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ՝   - պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում.   - ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով.   - համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով»,- ասված է «Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարության մեջ:
13:41 - 24 հունիսի, 2021