Հակոբ Արշակյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորն է, ԱԺ փոխնախագահ, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարարը։

Ծնվել է 1985թ. ապրիլի 16-ին Երեւանում:

2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2009թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի «Էլեկտրոնային հաշվողական միջոցների կառուցավորում (կոնստրուկտավորում) եւ տեխնոլոգիա» բաժինը (բակալավրիատ): 2011թ.՝ նույն բաժնի մագիստրատուրան:

2010-2014թթ. աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերության համակարգերի ճարտարագետ: 2014-2017թթ.՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային (Հնդկաստան, Ռուսաստան եւ ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա) ղեկավար:

2018թ. հունվար-մայիս՝ «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն: 2018թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ: 2018-2019թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների, 2019-2021թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար:

2008-2012թթ. եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ: 2012թ.՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ: 2014թ. եղել է «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2019 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 4-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

Հակոբ Արշակյանը Ճապոնիայում ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է սեպտեմբերի 27-29 Ճապոնիա կատարած աշխատանքային այցի ամփոփումը։ «Նախ` ցանկանում եմ նշել, որ այցի բուն առիթը ճապոնական կողմի հրավերն էր՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ, պետական գործիչ Շինզո Աբեի հուղարկավորության արարողությանը, որին մասնակցում էին մի քանի տասնյակ երկրներից բարձրաստիճան պատվիրակություններ։ Արարողության ընթացքում Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդային, Խորհրդարանակաների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին, և Սինզո Աբեի այրի Ակիե Աբեին ցավակցության խոսքեր եմ փոխանցել՝ հայ ժողովրդի անունից։ Տոկիո կատարած այցի ընթացքում հանդիպել եմ Ճապոնիայի Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիին և փոխխոսնակ Հիրոյուկի Նագահամային, Կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկային, Թվայնացման նախարար Տարո Կոնոին, Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյին, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավային։ Խորհրդարանականների պալատի նախագահ Հիդեհիսա Օցուջիի հետ հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել եմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը, մանրամասն տեղեկատվություն եմ փոխանցել սեպտեմբերի 13-14-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ոտնձգությունների՝ ներառյալ ՀՀ քաղաքացիական և զինվորական զոհերի, Հայաստանի բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասների վերաբերյալ: Այս համատեքստում կարևորել եմ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հասցեական դատապարտումը: Հիդեհիսա Օցուջին ափսոսանք է հայտնել տեղի ունեցած ռազմական էսկալացիայի համար և ցավակցել՝ Հայաստանում մարդկային կորուստների կապակցությամբ: Նա նաև տեղեկացրել է, որ Ճապոնիան ամենուր խաղաղության կողմնակից է, և իրենք պատրաստ են աջակցելու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Անդրադառնալով մշակութային կապերին` Խորհրդարանականների պալատի փոխնախագահ Հիրոյուկի Նագահաման նշեց, որ Ճապոնիայում շատ հայտնի է կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը, «Սուսերով պարը» հաճախ կոչում են «Հայկական պար», իսկ Կոմիտասը հանդիսանում է դասական երաժշտության ասպարեզի յուրօրինակ մասնիկը։ Առանձին հանդիպման ընթացքում Հայաստան-Ճապոնիա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Տակեակի Մացումոտոյի հետ քննարկեցինք բարեկամական խմբերի առավել ակտիվացմանը, ինչպես նաև տարբեր ոլորտներում համագործակցությանը վերաբերվող հարցեր։ Ճապոնիայի կրթության, մշակույթի, սպորտի, գիտության և տեխնոլոգիաների նախարար տկն․ Կեիկո Նագաոկայի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց ուսանողների փոխանակման, կրթաթոշակների ծրագրի ընդլայնման հնարավորությանը, որը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացմանը։ Քննարկեցինք համատեղ գիտական ծրագրերի իրագործման հնարավորությունները, ինչպես նաև մշակութային կապերի զարգացման նոր հնարավորությունները։ Թվայնացման նախարար Տարո Կոնոն 2018թ․ այցելել էր Հայաստան, որպես Ճապոնիայի արտաքին գործերի նախարար։ Հանդիպման սկզբում նա նշեց, որ ծանոթ է Հայաստանի զարգացումներին բարձր տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում և ուրախ կլիներ համագործակցության զարգացմանը։ Մանրամասն ներկայացնելով վերջին տարիներին Հայաստանում տեղի ունեցող դրական զարգացումները տեխնոլոգիական ոլորտում` նախարարին առաջարկեցի դիտարկել Ճապոնական տեխնոլոգիական ընկերությունների մուտքը Հայաստան, որը կարող է խթան հանդիսանալ հայկական և ճապոնական ընկերությունների միջև գործունեության զարգացմանը։ Քննարկվեց նաև արհեստական բանականության, նորարարության և կիբերանվտանգության ուղղություններով համագործակցության հնարավորությունը։ Պարոն Կոնոն հետաքրքրություն հայտնեց Թումոյի հնարավոր գործարկմանը Տոկիոյում, ինչպես նաև որպես մարտահրավեր մատնանշեց Ճապոնիայում մասնագետների կրթության և վերապատրաստման հարցը։ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) ավագ փոխնախագահ Կեիչիրո Նակազավայի հետ հանդիպմանը շնորհակալություն եմ հայտնել Աղետների կառավարման և կանխարգելման ուղղությամբ առկա համագործակցության և Հայաստանին Ճապոնիայի կողմից տրամադրված շարունակական աջակցության համար։ Քննարկել ենք Հայաստանի և Ճապոնիայի միջև հումանիտար, գիտական, մշակութային, տնտեսական, բարձր տեխնոլոգիական, ճգնաժամերի կանխարգելման ոլորտներում համագործակցության զարգացման վերաբերյալ մի շարք հարցեր: Ճապոնացի գործընկերների հետ պայմանավորվեցինք համապատասխան գերատեսչությունների և դեսպանությունների միջոցով շարունակել քննարկված հարցերի իրագործմանն ուղղված երկուստեք քայլերը, և ջանքեր գործադրել հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ»,- գրել է նա։
09:57 - 03 հոկտեմբերի, 2022
ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ-ն շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ. Արշակյանը՝ Ճապոնիայի թվայնացման նախարարին

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 29-ին Տոկիոյում հանդիպել է Ճապոնիայի թվայնացման, թվային բարեփոխումների, սպառողների և սննդամթերքի անվտանգության հարցերով, վարչական բարեփոխման համար պատասխանատու նախարար Տարո Կոնոյի հետ: Ողջունելով Ազգային ժողովի նախագահի տեղակալին՝ նախարարը տեղեկացրել է 2018 թ. Հայաստան այցի մասին՝ նշելով, որ տպավորված է Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացմամբ: Ճապոնական կողմը հետաքրքրություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության մասով: ՀՀ ԱԺ փոխխոսնակը ներկայացրել է Հայաստանում ընթացող զարգացումները և տեղեկացրել, որ մեր երկիրը շահագրգռված է բարձր տեխնոլոգիաների ոլորտում սերտ համագործակցությամբ, ներառյալ՝ արհեստական բանականության և կիբեռանվտանգության ուղղություններով: Հակոբ Արշակյանը նշել է, որ տնտեսական հարաբերությունները զարգացնելու առումով կա չօգտագործված զգալի ներուժ: Կարևորվել է ճապոնական ընկերությունների մասնաճյուղերի հիմնումը Հայաստանում, ինչը երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու հնարավորություն կընձեռի: Քննարկվել են նաև Հայաստանի և Ճապոնիայի միջև նորարարության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:
14:24 - 30 սեպտեմբերի, 2022
Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջևանի կողմից. ԱԺ փոխնախագահ

Վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման, այդ թվում՝ Նախիջևանի կողմից. ԱԺ փոխնախագահ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ազգային ժողովից: Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ: «Հայաստանին եւ Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- նշել է Հակոբ Արշակյանը: ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի: Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար: Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:   Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան եւ Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել: Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլոտներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը: ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
16:28 - 19 սեպտեմբերի, 2022
Շատ քչերն էին հավատում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական զարգացման ժամանակը. Հակոբ Արշակյան

Շատ քչերն էին հավատում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական զարգացման ժամանակը. Հակոբ Արշակյան

2020 թ. մեկնարկին, երբ որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, Ազգային ժողովի ամբիոնից ներկայացնում էի ՀՀ օրենքը «Տիեզերական գործունեության մասին», շատերը քմծիծաղ էին տալիս, շատերը չէին հավատում, ուրիշները զբաղված էին քննադատությամբ։ Շատ քչերն էին, որ հավատում էին և երազում, որ Հայաստանում կվերսկսվի տիեզերքի և արբանյակների ուղղությամբ արդյունաբերական և գիտահետազոտական զարգացման ժամանակը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: «Այսօր արդեն.   -  Հայաստանն ունի Երկրի դիտարկման սեփական արբանյակ, - Հայաստանում անց է կացվում աշխարհի ամենաառաջատար Starmus Starmus VI Armenia գիտական փառատոնը, -  Հայաստանը հյուրընկալել է համաշխարհային հեղինակության գիտնականների, Նոբելյան մրցանակակիրների, երաժիշտների, գործարարների, - Միջազգային պաշտոնական հյուրերի շարքում են շուրջ մեկ տասնյակ պետական և պաշտոնական պատվիրակություններ Արաբական միացյալ էմիրություններից, Եգիպտոսից, Իրանից, Սերբիայից, Վրաստանից, Օմանից, Բելառուսից, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունից,   - Հայաստան են այցելել հազարավոր մասնակիցներ` Ավստրալիայից մինչև ԱՄՆ, Ռուսաստանից մինչև Հարավային Աֆրիկա։   Սրանք իհարկե առաջին քայլերն են և դեռ շատ երկար ճանապարհ ունենք անցնելու, սակայն ճիշտ ցանված և խնամված սերմն է, որ ի վերջո դառնում է ծառ և պտուղ է տալիս, իսկ դատարկ խոսակցությունները գալիս են ու գնում։ Վերջում ցանկանում եմ նշել, որ շատ֊շատ սպասված իրադարձություն տեղի կունենա «Սթարմուսի» շրջանակներում, հետևեք, մասնակցեք, երազեք և գնացեք Ձեր երազանքների հետևից»,- գրել է Արշակյանը:    
19:47 - 05 սեպտեմբերի, 2022
Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI»-ի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

Հակոբ Արշակյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Starmus VI»-ի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի ամփոփիչ նիստը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Starmus VI. 50 տարի Մարսի վրա» 6-րդ փառատոնի կազմակերպչական աշխատանքների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանի գլխավորությամբ սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ հաղորդակցության վարչությունը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը շնորհավորել է ներկաներին Գիտելիքի եւ դպրության օրվա առթիվ՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն առանձնակի ուշադրության է արժանացնում կրթության եւ գիտության ոլորտը: Հակոբ Արշակյանի խոսքով՝ «STARMUS» 6-րդ փառատոնի անցկացումը եւս գիտության զարգացման կարեւորագույն նախաձեռնություններից է: Փառատոնի միջազգային կազմակերպչական թիմի եւ հայաստանյան միջգերատեսչական աշխատանքային խմբի ներկայացուցիչները քննարկել են փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումների անցկացմանն առնչվող տեխնիկական եւ բովանդակային բազմաբնույթ հարցեր: Նիստի ավարտին ամփոփելով բոլոր առաջարկներն ու դիտողությունները՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է նման լայնամասշտաբ եւ հեղինակավոր միջոցառման պատշաճ կազմակերպումն ու անցկացումը: Նիստին մասնակցել է նաեւ փառատոնի համահիմնադիր տնօրեն Գարիկ Իսրայելյանը:
20:49 - 01 սեպտեմբերի, 2022
Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հակոբ Արշակյանն ու Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի ղեկավարը քննարկել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հուլիսի 7-ին ընդունել է Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի (PAYFA) ղեկավար Արամ Ղահրամանյանին: Հանդիպմանը ներկա են եղել նաեւ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, պատգամավոր Արեն Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ի հասարակայնության հետ կապերի եվ հաղորդակցության վարչությունից։ Քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները եւ մասսայականացմանն ուղղված ծրագրերը: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ Սփյուռքի ներուժը պետք է հնարավորինս արդյունավետ օգտագործվի՝ տեղական ֆուտբոլի հետագա կատարելագործման եւ սփյուռքի մեր հայրենակիցներին այդ գործընթացին ներգրավելու նպատակով: Արամ Ղահրամանյանն ու Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել են այն ծրագրերը, որոնք Հայաստանը ֆուտբոլի միջոցով աշխարհին ավելի ճանաչելի կդարձնեն: Համահայկական երիտասարդական ֆուտբոլի ասոցիացիայի հիմնական գործառույթը սփյուռքի տաղանդավոր երիտասարդների բացահայտումն ու ներգրավումն է հայկական ֆուտբոլում: PAYFA-ի առաջին հավաքը կայացել է Լոս Անջելեսում, ընդգրկված են եղել ԱՄՆ-ի եւ Կանադայի՝ 2009 թ. ծնված հայազգի երեխաները: Նրանցից 8 լավագույնները եկել են Երեւան: Արամ Ղահրամանյանը հույս է հայտնել, որ ծրագիրը կիրականացվի նաեւ սփյուռքի այլ համայնքներում:
16:44 - 07 հուլիսի, 2022
Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան

Պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել` արձագանքելով մամուլում շրջանառվող, իր անվան հետ կապված որոշ լուրերի: «Վերջին երկու օրում մամուլում իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղից մինչև իմ` 2018 պետական պաշտոնի` Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։ Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, սկսած 2010 թվականից` աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014 թվականից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր Հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը, և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։ Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։ Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպես են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում միջոցները անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը, և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին։ Երկրորդ նյութն այն մասին էր, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։ Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների հանդիսավոր արարողությանը, և Ազատության հրապարակի` տեսանյութում երևացող հատվածը տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան։ Բոլորիդ լավ տրամադրություն և հրաշալի աշխատանքային օր եմ մաղթում»,- գրել է նա։   Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:19 - 16 հունիսի, 2022
Հետաքրքրված ենք, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

Հետաքրքրված ենք, որ պատմականորեն Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ և արժանապատիվ կյանքը․ ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հունիսի 10-ին ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյին․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ «Հանդիպմանը ներկա է եղել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը: Կարեւորելով Միխայիլ Շվիդկոյի այցը մեր երկիր՝ Հակոբ Արշակյանն արձանագրել է, որ այս տարին հոբելյանական է. նշվում է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաեւ Բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության մասին պայմանագրի ստորագրման 25-ամյակը: «Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Հայաստանի վարչապետի՝ այս տարվա երկրորդ կեսին մեր երկիր այցելելու հրավերը: Կարծում եմ, որ այդ այցն առանձնահատուկ նշանակություն կտա հոբելյանական տարում նախատեսված միջոցառումներին»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է հայ-ռուսական խորհրդարանական փոխգործակցության օրակարգին՝ համոզմունք հայտնելով, որ օրենսդիր մարմինների միջեւ գործընկերային հարաբերություններն անշեղորեն զարգանում են: Այս համատեքստում ԱԺ նախագահի տեղակալը կարեւորել է այն փաստը, որ այս տարվա ապրիլին Ստեփանավան քաղաքում կայացած միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստի շրջանակում Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ հատվածում կանգնեցվեց ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի արձանը: Միխայիլ Շվիդկոյը եւս բարձր է գնահատել երկկողմ խորհրդարանական հարաբերությունների մակարդակը եւ հավելել, որ երկու երկրների միջեւ ակտիվ զարգանում են կապերը մշակութային, կրթական, հումանիտար եւ այլ ոլորտներում: Անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին: Հյուրի խոսքով՝ իրենք հետաքրքրված են, որ պատմականորեն այնտեղ ապրող հայերը պահպանեն իրենց անվտանգ եւ արժանապատիվ կյանքը: Այս հարցում Միխայիլ Շվիդկոյն ընդգծել է ռուս խաղաղապահների դերակատարությունը: Քննարկվել են նաեւ հայ-ռուսական դաշնակցային բարեկամական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում։
15:24 - 10 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

Հակոբ Արշակյանն ընդունել է ԻԻՀ պատվիրակությանը. կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ միջանցքի կառուցմանն ու շահագործմանը

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը և Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը հունիսի 7-ին հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահ Աբբաս Մոքթադայի Խորասհանիի գլխավորած պատվիրակության հետ: Հակոբ Արշակյանը, ողջունելով ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստի շրջանակում Հայաստան այցելած պատվիրակության անդամներին, նշել է, որ միջխորհրդարանական ձևաչափը լավագույն հարթակն է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման համար: ԱԺ նախագահի տեղակալը տեղեկացրել է, որ հաջորդ շաբաթ նախատեսվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցն Իրանի Իսլամական Հանրապետություն: «Հայաստանի և Իրանի համագործակցությունը կարող է լավ օրինակ ծառայել խաղաղության, զարգացման, քաղաքակրթությունների միջև երկխոսության օրակարգով առաջնորդվող երկու երկրների համար»,- ասել է Հակոբ Արշակյանը: 2022 թ. նշանավորվում է նաև ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակով: ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների միջև գրեթե բոլոր ոլորտներում առկա է փոխհարաբերությունների բարձր մակարդակ: «Հայաստանն Իրանը դիտարկում է որպես վստահելի գործընկեր և լավ հարևան: Իրանի հետ հարաբերությունները մեզ համար ունեն ռազմավարական նշանակություն»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը: Նա անդրադարձել է ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրավիճակին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները՝ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ հավակնության անթաքույց դրսևորումներով, որոնք վտանգում են ամբողջ տարածաշրջանի կայունությունը և խաղաղությունը: «Տարածաշրջանում լարվածության նվազեցման և կայունության հաստատման հարցում Իրանի դերակատարումն ու ներուժն ակնհայտ է, և դրա վառ դրսևորումն է Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ ԻԻՀ արտահայտած հստակ հայտարարությունը»,- ասել է Հակոբ Արշակյանը: Նա նշել է, որ հայ համայնքն Իրանում ակտիվորեն մասնակցում է երկրի հասարակական-քաղաքական կյանքին: Աբբաս Մոքթադայի Խորասհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: «Իրանը մշտապես կարևորել է երկրների տարածքային ամբողջականությունը: Իրանը մեծ պետություն է և հարևան է մոտավորապես 15 երկրի հետ: Հայաստանը Իրանի համար յուրահատուկ և ռազմավարական հարևան է»,- նշել է ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության մշտական հանձնաժողովի առաջին փոխնախագահը:Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը երկկողմ փոխշահավետ համագործակցության հիմքերի ամրապնդման առումով կարևորել է միջխորհրդարանական համագործակցությունը, որն էական դերակատարում ունի երկու երկրների փոխըմբռնման և փոխվստահության գործում: Նա տեղեկացրել է, որ 2022 թ. առաջին հինգ ամիսներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է շուրջ 40 տոկոսով: Բարեկամական խմբի ղեկավարի դիտարկմամբ՝ առաջիկայում մի քանի խոշոր ծրագրերի իրականացումը կնպաստի ցուցանիշի բարելավմանը: Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են հայ-իրանական առևտրաշրջանառության զարգացման ու ընդլայնման հնարավորություններին առնչվող հարցեր: Կողմերն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցմանն ու շահագործմանը: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մշակութային, զբոսաշրջության, հանքարդյունաբերության, էներգետիկ, արևային էներգետիկայի, բնապահպանության, ջրային ռեսուրսներին առնչվող ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցեր:
16:33 - 07 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Հակոբ Արշակյանն ու ՀՀ-ում Իտալիայի դեսպանն ընդգծել են հայ և իտալացի ժողովուրդների բարեկամական ջերմ հարաբերությունները

Իտալիայի ազգային տոնի կապակցությամբ հունիսի 2-ին ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը հյուրընկալվել և ելույթով հանդես է եկել Հայաստանում Իտալիայի դեսպանատանը։ Այս մասին Արշակյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոնի հետ փոխադարձաբար ընդգծեցինք հայ և իտալացի ժողովուրդների հազարամյա պատմության ընթացքում ունեցած բարեկամական ջերմ հարաբերությունները, խոսեցինք մշակութային, հոգևոր հարուստ ավանդույթների մասին»,-նշել է Արշակյանը: Շնորհավորական խոսքում ԱԺ փոխնախագահը մասնավորապես ընդգծել է, որ հայերենով տպագրված առաջին գիրքը լույս է տեսել Վենետիկում՝ 1512 թվականին: «Հայկական մշակույթի վերածննդի կարևորագույն կենտրոններից է Վենետիկի Սուրբ Ղազար կղզին, որտեղ շուրջ երեք դար է՝ գործում է հայագիտության առանցքային կենտրոններից մեկը՝ Մխիթարյան հայրերի միաբանությունը։ Այն անգնահատելի ներդրում է ունեցել ոչ միայն հայ, այլև համաշխարհային գիտամշակութային ժառանգության հարստացման գործում։ Հատկանշական է, որ Իտալիան հյուրընկալում է ամենամեծ թվով հայագիտական կենտրոնները»,-շեշտել է ԱԺ փոխնախագահը: Նա վստահություն է հայտնել, որ երկու ժողովուրդների բարեկամության վաղեմի ավանդույթների վրա հիմնված հայ-իտալական ջերմ հարաբերությունները համատեղ ջանքերով կշարունակեն ամրապնդվել ու զարգանալ։
14:35 - 04 հունիսի, 2022
Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հակոբ Արշակյանը Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 18-ին ընդունել է Չեխիայի խորհրդարանի Սենատի առաջին փոխնախագահ Յիրժի Ռուժիչկայի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Սենատի՝ մեդիայի հարցերով մշտական հանձնաժողովի անդամներ: Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։ Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը ու Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր Հովհաննիսյանը: Հակոբ Արշակյանը գոհունակությամբ ընդգծել է, որ թե՛ բարեկամական խմբերի մակարդակով, թե՛ միջազգային տարբեր հարթակներում հայ-չեխական համագործակցությունն արդյունավետ զարգանում է: Այս համատեքստում ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանն ակնկալում է վիզաների ազատականացման հարցում Չեխիայի քաղաքական աջակցությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընթացիկ տարվա երկրորդ կեսին Չեխիան ստանձնելու է Եվրոպական միության խորհրդի նախագահությունը: Անդրադառնալով մեր երկրում ազատ մամուլի դերին ու ժողովրդավարության ամրապնդման հարցում իրականացվող քայլերին՝ ԱԺ փոխխոսնակը վստահեցրել է, որ 2018 թ. հեղափոխությունից հետո Հայաստանն առաջընթաց է արձանագրել այդ հարցերում: Նրա խոսքով՝ ընդդիմադիր մամուլը գերակշռում է դաշտում, եւ ընդդիմության ձայնն ամբողջովին լսելի է: Տարածաշրջանային եւ 44-օրյա պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար խնդիրներից խոսելով՝ Հակոբ Արշակյանը բարձրացրել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց ազատ արձակման հարցը: Նշվել է, որ «Human rights watch» կազմակերպության վերջին զեկույցում փաստեր կան հայ ռազմագերիների պահման անմարդկային պայմանների եւ խոշտանգումների վերաբերյալ: «Ակնկալում ենք մեր չեխ գործընկերների գործուն աջակցությունը հայ ռազմագերիներին օր առաջ հայրենիք վերադարձնելու, ինչպես նաեւ Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային եւ կրոնական ժառանգության փրկության ուղղությամբ տարվող մեր ջանքերին»,- ասել է Հակոբ Արշակյանը: Չեխիայի Սենատի փոխնախագահը նշել է, որ իր երկիրը նույնպես հետաքրքրված է Ադրբեջանում գերության մեջ գտնվող անձանց ազատ արձակման հարցով: Նրա խոսքով՝ որպես ԵՄ անդամ եւ քրիստոնյա երկիր՝ Չեխիան կարեւորում է հայկական քրիստոնեական արժեքների պահպանումը: Շեշտվել է խաղաղ ճանապարհով խնդիրների կարգավորման անհրաժեշտությունը: Կարեւորելով տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը՝ ԱԺ նախագահի տեղակալը վերահաստատել է Արցախի ազատությունն ու անվտանգությունը, Արցախում ապրող ժողովրդի ինքնորոշման եւ իր պատմական հայրենիքում ապրելու իրավունքը պաշտպանելու հայկական կողմի վճռականությունը: Նրա գնահատմամբ՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության եւ կարգավիճակի հարցը կարող են լուծվել միայն բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ: Հակոբ Արշակյանը երախտագիտություն է հայտնել Չեխիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու եւ դատապարտելու համար՝ նշելով, որ մարդկության դեմ հանցագործությունների դատապարտումն այլընտրանք չունի: «Մեզ համար ողջունելի են ձեր ձգտումներն ու քայլերը մեդիայի, ժողովրդավարության ոլորտներում, օրենսդրական դաշտի ժողովրդավարացման ուղղությամբ»,- շեշտել է Յիրժի Ռուժիչկան: Հակոբ Արշակյանն անդրադարձել է նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված հայկական կողմի ջանքերին: Ներկայացվել են երկրի ներքաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Կողմերը քննարկել են մեդիաոլորտի խնդիրները, անդրադարձել ԶԼՄ-ների անկողմնակալ աշխատանքի համար իրականացվող օրենսդրական քայլերին ու միջոցառումներին: Կարեւորվել է այս բնագավառում հայ-չեխական փոխգործակցությունը:
17:47 - 18 մայիսի, 2022
Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

Առցանց ձևաչափով կայացել է ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստը

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 17-ին տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության, պաշտպանության և անվտանգության, սոցիալ-տնտեսական և իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։  Նիստին մասնակցել են նաև ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Գևորգ Պապոյանը, Ալեքսեյ Սանդիկովը և Շիրակ Թորոսյանը: Ողջունելով մասնակիցներին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ նիստի ընթացքում արդյունավետ աշխատանք կիրականացվի: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նախորդ օրը Մոսկվայում կայացած ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովին, որը նվիրված էր Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակին: Հակոբ Արշակյանի գնահատմամբ՝ գագաթնաժողովի ընթացքում երկրների ղեկավարները հանգամանորեն քննարկել են կազմակերպության խնդիրները, անդրադարձել ձեռքբերումներին ու բացթողումներին, ինչպես նաև նախանշել հետագա քայլերը: «Կարծում եմ՝ խորհրդարանական հարթությունում մենք հավատարիմ կմնանք նույն նշաձողին, և առկա համաձայնագրերը կոնկրետ բովանդակությամբ լրացնելու մեր համատեղ ջանքերը կմեծացնեն ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի իրական ներդրումը կազմակերպությունում մեր երկրների բազմակողմ փոխգործակցության ամրապնդման և ընդլայնման գործում»,- ընդգծել է խորհրդարանի փոխխոսնակը: Նիստի ընթացքում քննարկվել են միջազգային ահաբեկչության դեմ պայքարում համատեղ քայլերը, ԽՎ-ի 2021-2025 թթ. գործունեության հեռանկարներն ու օրակարգային այլ հարցեր: Խորհրդարանական վեհաժողովում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի դիմումի և ՀԱՊԿ ԽՎ-ում նրան դիտորդի կարգավիճակ տալու հարցի քննարկման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը վերահաստատել է այդ առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովն այդ հարցում առարկություններ չունի:
15:22 - 17 մայիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: «Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է: Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ:
18:28 - 02 մայիսի, 2022
Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Հակոբ Արշակյանը Նիդերլանդների դեսպանի հետ խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի մասին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը ապրիլի 29-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին: Խորհրդարանի փոխխոսնակը շնորհավորել է Հոլանդիայի բարեկամ ժողովրդին Նիդերլանդների Ազգային տոնի կապակցությամբ: Խոսելով երկկողմ համագործակցությունից` Հակոբ Արշակյանը կարևորել է Նիդերլանդների խորհրդարանական կառավարման փորձի ուսումնասիրումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը` ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել Նիդերլանդների խորհրդարանի սկզբունքային դիրքորոշումը և հետևողական կեցվածքը Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման գործընթացում, ինչը վկայում է համամարդկային արժեքների պահպանման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման հարցում Նիդերլանդների հավատարմության մասին: Հակոբ Արշակյանը ներկայացրել է 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակը: Նա նշել է, որ դեռևս լուծված չեն կարևոր հումանիտար հարցերը: Դրանք են` Ադրբեջանում պահվող ռազմագերիների, Արցախի պատմամշակութային և կրոնական ժառանգության պատշաճ պահպանման խնդիրները, որոնք պետք է լինեն եվրոպացի գործընկերների ուշադրության ներքո: Նիկո Սխերմերսը խոսել է երկկողմ կապերի խորացման անհրաժեշտությունից, ներկայացրել դեսպանատան կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը` ուղղված ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և օրենքի գերակայության ամրապնդմանը: Կողմերը կարևորել են Հայաստան-Նիդերլանդներ համագործակցության խորացումը ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման շրջանակում: Հակոբ Արշակյանը խոսել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացի շուրջ և հույս հայտնել, որ Նիդերլանդներն իր քաղաքական աջակցությունը կհայտնի այս հարցում: Քննարկվել են երկու երկրների խորհրդարանների հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր, տարբեր բնագավառներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը և Մերի Գալստյանը:
20:01 - 29 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

Հակոբ Արշակյանը մասնակցել է ԳԱԱ 2021 թ. գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ժողովին

2021 թ. ՀՀ ԳԱԱ-ն գործունեությունն իրականացրել է հանրապետության առջև ծառացած նոր մարտահրավերների ու խնդիրների պայմաններում. ապրիլի 29-ին տեղի ունեցած ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներին նվիրված տարեկան ընդհանուր ժողովին ասել է ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը: Ժողովին մասնակցել են Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիկոսներ, գիտնականներ, արտասահմանյան պատվիրակության անդամներ: Աշոտ Սաղյանն անդրադարձել է ակադեմիայի կարգավիճակին, առանձնահատկություններին, գիտական ներուժի համալրմանը, գիտության երիտասարդացմանն ուղղված պետական քաղաքականությանը: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար, թղթակից անդամ Արթուր Իշխանյանը ներկայացրել է ՀՀ ԳԱԱ 2021 թ. գիտակազմակերպական գործունեությունը: Համաշխարհային ճանաչում ունեցող գիտնական, ֆիզիկոս, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՄՀՄԻ-ի Միջուկային ռեակցիաների լաբորատորիայի գիտական ղեկավար, Մենդելեևի անվան ՅՈւՆԵՍԿՕ-Ռուսաստան միջազգային մրցանակի դափնեկիր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Յուրի Հովհաննիսյանը հանդես է եկել «Պարբերական աղյուսակի նոր տարրեր» զեկույցով: 
16:09 - 29 ապրիլի, 2022