Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

Փաշինյանը թիրախավորում է եկեղեցու սպասավորներին. ըստ Տիգրան Աբրահամյանի՝ դա նախապատմություն ունի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վաղ առավոտից իր ֆեյսբուքյան էջում գրառումներ է անում՝ թիրախավորելով Հայ առաքելական եկեղեցու սպասավորներին, մասնավորապես՝ անդրադառնալով եպիսկոպոսների կուսակրոնության ուխտին. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»: «Իսկ անհրաժե՞շտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսաց դասից քանի՞ հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին»: «Ոմանց հուզել է, որ ես պաշտոնապես ամուսնացած չեմ։ Մեր հոգևոր վերնախավի կեսը նույն վիճակում է, ու դա ոմանց չի հուզում»: «Իսկ ի՞նչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը։ Նա զրկվում է պաշտոնից, աստիճանից և փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ. կամավոր հրաժարակա՞ն տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը. տեսնես կլինի՞ քննություն, տեսնես կբացահայտվի՞ իրականությունը»: Երեկ՝ փետրվարի 29-ին՝ ՀՀ կառավարության նիստի ժամանակ պետական մարմինների կողմից պետական գույքը վարձակալելուն ուղղված օրենքի նախագծի ժամանակ անդրադարձել է ՀՀ-ում եկեղեցիների վիճակին՝ նշելով. «Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: [...] Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները»: Փաշինյանի այս հայտարարությանը արձագանքել էին Հայ առաքելական եկեղեցու մի շարք սպասավորներ: Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է՝ եկեղեցին կա, իր ծառայությունը մատուցում է՝ «արմատուրով», թե առանց «արմատուրի», «մետլախով», թե առանց «մետլախի»։ Իսկ իշխանությունն ինչո՞վ է զբաղված:  Մայր աթոռի թանգարանների ու արխիվների տնօրեն Հայր Ասողիկ քահանան էլ գրել էր. «Պետությունն ու պետական պաշտոնյան, մինչ որևէ խոսք ասելը, պետք էր լսեր ու տեսներ այն հիմնախնդիրները, որոնք եկեղեցին տարիներ առաջ բարձրաձայնել էր և այսօր էլ բարձրացնում է»: Անդրադառնալով Փաշինյանի գրառումներին՝ այսօր գրառում է կատարել նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ նշելով, որ Մայր Աթոռի դեմ «հարձակումները» վերջին մի քանի շաբաթվա ընթացքում իր նախապատմությունն ունեն: «Նախ ադրբեջանցիների հոգևոր առաջնորդը հայտարարեց, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանում» հոգևոր խորհուրդ հիմնելու մասին, ապա զանգվածային հարձակումներ սկսեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ: Պատճառն այն է, որ Մայր Աթոռն ակտիվ հակազդում է Ադրբեջանի դրսևորած ագրեսիվ վարքագծին ո՛չ միայն Արցախի տարածքում հայկական հոգևոր ժառանգության դեմ ոտնձգություններին և ոչնչացմանը, այլ որոշակի առումով, ստիպված պետության ֆունկցիա է ստանձնել՝ պաշտպանում է հայության հավաքական իրավունքները, կոշտ մեկնաբանություններ անում ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի տարածքային հավակնությունների վերաբերյալ և խոսում այն մասին, որ Արցախի էջը փակված չէ: Ադրբեջանի հետ ներդաշնակ գործող ՀՀ կառավարիչը նախ կառավարության նիստում վարկաբեկիչ հայտարարություն արեց Առաքելական եկեղեցու դեմ, իսկ այսօր ֆեյսբուքյան այլանդակ գրառմամբ պարզապես նոր հակառեկորդ սահմանեց: Իշխանության նպատակը շատ պարզ է՝ արժեհամակարգի, բարոյականության նորմերի ոչնչացման ոչ կենսունակ դարձնել ազգն ու պետությունը՝ դրանով իսկ արագացնելով երկրի ամբողջական հանձնումը»:   Գլխավոր լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ / 29.09.2024, Մայր տաճարի բացման արարողություն
10:23 - 30 մայիսի, 2025
Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

Արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. Փաշինյանը՝ երեխայի պաշտպանությանն ուղղված առաջարկների մասին |1lurer.am|

1lurer.am: Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար մշակվել է նախագծերի փաթեթ: Ըստ կարգավորումների՝ երեխաների իրավունքների պաշտպանությունն իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով: Համայնքներում երեխաների պաշտպանության հիմնական պատասխանատվությունն այս պահին կրում են խնամակալության, հոգաբարձության հանձնաժողովները, որոնց գործունեությունը տեղական և միջազգային տարբեր զեկույցներում որակվում է «ոչ մասնագիտական» և «ոչ արդյունավետ», որովհետև այնտեղ իրականում ներգրավված չեն մասնագիտական որակավորում ունեցող անձինք: Այդ մասին Կառավարության՝ մայիսի 29-ի նիստին ասաց ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանը՝ նշելով, որ 2004 թվականից հետո առաջին անգամ ոլորտի մեծ, համապարակ վերանայում է կատարվում առաջարկվող փաթեթով: «Վերահաստատվում և ամրապնդվում է պետության դերը՝ որպես երկրում երեխայի իրավունքների ապահովման հիմնական պատասխանատու, ինչը կիրականացվի համայնքների պատվիրակմամբ պատվիրակված լիազորության վերահսկողության միջոցով: Ուժեղացվել են համայնքներում երեխայի պաշտպանության իրականացման հիմքերը համայնքներում վարձատրվող մասնագիտական գործառույթի, մոնիթորինգի և վերահսկողության համակարգի ներդրման միջոցով»,- ասաց նախարարը: Փաթեթով սահմանվել է «բուլինգ» հասկացությունը և ամրագրվել, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող և կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաև բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ: «Փոփոխություններ ենք իրականացնել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55-ը դարձնում ենք 65: Սահմանվել է նաև ալիմենտի վճարման՝ անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը: Երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի դառնալու պարտադիր պայման»,- ասաց նախարարը՝ թվարկելով առաջարկվող փոփոխություններից մի քանիսը: Նարեկ Մկրտչյանը նաև տեղեկացրեց, որ փաթեթը քննարկվել է ինչպես միջազգային գործընկերների հետ, այնպես էլ Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող՝ ավելի քան 20 ՀԿ-ների հետ: Ապահովելու համար երեխաների լսված լինելու իրավունքը՝ ներգրավվել են նաև երեխաներ թիրախային խմբերից: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքեց՝ այս փաթեթով ևս մեկ անգամ արձանագրվում է ակնհայտը, որ երեխան ծնողի սեփականությունը չէ. «Սա շատ կարևոր արձանագրում է: Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ, և դա առանձնահատուկ հարաբերություն է, և այդ առանձնահատուկ հարաբերության մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, և երեխայի իրավունքներն այդ առանձնահատկություներից մեկն է»:
13:33 - 29 մայիսի, 2025
«Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». Փաշինյանը անդրադարձել է համալիրի հարսանիքին և եկեղեցիներին |news.am|

«Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել». Փաշինյանը անդրադարձել է համալիրի հարսանիքին և եկեղեցիներին |news.am|

news.am: Աղմուկ բարձրացավ, որ Մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել հարսանիք. Այ, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում-քայքայվում էր, և մենք այսքան միլիարդներ ենք դնում ու չենք կարողանում կանգնեցնել քայքայման պրոցեսը, բա պե՞տք է տնտեսվարությամբ զբաղվել: Բա մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա: Այդ մասին, այսօր՝ մայիսի 29–ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հանրության շրջանում քննարկման թեմա դարձած հարսանեկան միջոցառմանը, որը տեղի էր ունեցել մարզահամերգային համալիրում: «Ընդհակառակը՝ պետք է քաջալերել: Այսօր Հայաստանից 100-ավոր ընտանիքներ գնում են, Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս, իսկ որ այստեղ կարող է սննդի համակարգն աշխատել, կարող են երաժիշտները հավելյալ գումար ստանալ, դիզայներները հավելյալ գումար ստանալ, ծառայություն մատուցողները հավելյալ գումար ստանալ, հավելյալ հարկ վճարել և հավելյալ ծասխեր անելու հնարավորություն ունենալ, չէ՛, եկեք ձեռք չտանք, չմոտենանք համալիրին... Մենք մեր եկեղեցիներին էլ ենք նման կերպ վերաբերվում: Վերջերս մի քանի եկեղեցիներ, տաճարներ, բառիս բուն իմաստով, «տաճար» մոմ վառելու այցելելուց հետո ԿԳՄՍ նախարարին հարց եմ տալիս՝ պատմամշակութային հուշարձան է, չէ՞, որն այսօր կառավարում է ո՛չ Կառավարությունը, ո՛չ ՊՈԱԿ-ը: Մենք խնդիր դնո՞ւմ ենք այդտեղի սանիտարական վիճակի համար: Ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացվա՛ծ: Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում, տեսնում ես՝ ավելացված մետլախ, պարկով ցեմենտ, «աբալովկի» հին կտորներ, արմատուրայի հին, ժանգոտ կտորներ: Մտնում ես... Մարդն ինչի՞ համար է եկեղեցի մտնում, մտնում է հոգևոր հաղորդակցություն ունենալու, մեկ էլ մտնում-տեսնում ես՝ այնտեղ աղբ է լցված, այնտեղ ինչ-որ մեկի հին շորերն են, այնտեղ մեկը կոշիկներն է դրել, հին կռավաթը... Ո՞նց կարելի է նման կերպ: Ինչքա՞ն կարելի է այսքան կեղծ լինել, հարգելի՛ ներկաներ: Ինչքա՞ն կարելի է այդքան խոսել սրբության մասին ու այդքան արտասուրբ լինել: Ինչքա՞ն կարելի է ոտի տակ տալ սրբությունները: Մեկ էլ՝ վա՛յ, համալիրում բան է եղել...»,- ասաց Փաշինյանը և այս համատեքստում նկատեց, որ եթե հիմա մեկն առաջարկի համալիրի գլխին խաչ դնել, կողջունվի գաղափարը: Փաշինյանը նաև ԿԳՄՍ նախարարին հորդորեց՝ եկեղեցիների համար ստանդարտներ սահմանել:
12:24 - 29 մայիսի, 2025
Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը․ Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Հայ ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: Այս մասին շեշտեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հուշահամալիրից Հանրապետության օրվա առիթով հղած իր ուղերձում:  «Այսօր նշում ենք Հանրապետության տոնը, որը կապված է մեր հազարամյա պատմության մի հիրավի շրջադարձային իրադարձության՝ Առաջին Հանրապետության հիմնադրման հետ: Սարդարապատի հերոսամարտով առարկայացած Առաջին Հանրապետությունը երկար կյանք չունեցավ: Նրա գոյությունը տևեց ընդամենը 2 տարի, մի քանի ամիս: Բայց Առաջին Հանրապետությունը մեզ 4.5 դար պետականազուրակ եղած ազգից կրկին վերածեց պետականակերտ ժողովրդի, և մեր պատմության մեջ առաջին անգամ նախանշվեց մի պետական համակարգ՝ հանրապետություն, որտեղ իշխանության տերը ՀՀ ժողովուրդն է: Եվ նա է, որ ընտրությունների միջոցով որոշում է, թե ով և ինչպես պետք է կառավարի պետությունը»,- ասաց Փաշինյանը: Նա նկատեց՝ Առաջին Հանրապետությունը թարմացրեց, բայց չամրապնդեց պետականության ընկալումը, սերմանեց, բայց չարմատավորեց ժողովրդապետությունն ու ազատությունը, որովհետև դրա ժամանակը չունեցավ: Վարչապետը հավելեց՝ իսկ Խորհրդային Միության գոյության գրեթե ողջ ընթացքում Առաջին Հանրապետությունը թիրախավորվեց որպես չարիք, ծաղրի ու արհամարհանքի առարկա դարձավ:  «Կայսրությունը դրանով նպատակ էր հետպանդում ոչնչացնել անկախ պետության այն ծիլերը, որ մեր գիտակցության մեջ կարող էր վերընձյուղած լինել Առաջին Հանրապետությունը: 1991 թվականին, երբ Հայաստանը կրկին անկախացավ, թվում էր, որ 70-ամյա պրոպագանդան խորը հետք չի թողել մեզանում, անկախ և ինքնուրույն լինելու մեր վախերը հաղթահարված են: Բայց հիմա արդեն Երրորդ Հանրապետության պատմության հետահայաց վերլուծությունն ակնհայտ է դարձնում, որ պետականության նկատմամբ քամահրանքը, ինքնիշխանությունից և ինքնուրույնությունից մեր վախերը լիարժեք հաղթահարված չեն: Պատմությունն ու աշխարհը մենք շարունակում ենք հաճախ ընկալել այն բանաձևերով, որ ԽՍՀՄ կայսերական քարոզչությունը հետևողականորեն սերմանել է մեզնում: Այս է պատճառը, ու համոզված եմ, մեր պետության և մեր ինքնության հարատևությունն ապահովելու համար առաջին հերթին հենց սա պետք է հաղթահարենք: Ինչի արդյունքում կկարողանանք արձանագրել ու մարսել մի քանի առանցքային իրողություն»,- ասաց վարչապետը: Փաշինյանը թվարկեց այդ իրողությունները: «Իրողություն թիվ մեկ՝ մեր ինքնությունը մեր պետությունն է։ Մեր պետությունն է մեր ինքնությունը, որովհետև բոլոր այն հատկանիշները, որ պայմանավորում են մեր ինքնությունը, ձեռք են բերվել, ձևավորվել ու հաստատվել են պետականության շնորհիվ, այսինքն՝ պետականության գոյության պայմաններում»,- նշեց նա:  Իրողություն թիվ երկու՝ 29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է:  «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,- շեշտեց Փաշինյանը: Ըստ վարչապետի՝ երրորդ իրողությունը հետևայլն է. վերջին 4.5 դարերի պատմությունը, պատմական Հայաստանը հիմնական ուղերձ են հղում՝ «մի կրկնեք այդ պատմությունը, մի գնացեք իմ ճանապարհով, մի կրկնեք ինձ»: Վարչապետը վստահեցրեց, որ ՀՀ ժողովրդի ընտրությամբ ձևավորված կառավարությունն ըմբռնել ու իրագործում է պատմական այս ուղերձը:  Ըստ նրա՝ չորրորդ իրողությունը հետևյալն է՝ արտաքին ուժերի կողմից երաշխավորված անվտանգությունը խաբուսիկ է: «Մենք ինքներս ենք մեր անվտանգության երաշխավորը: Եվ այդ անվտանգության երաշխավորման գործուն միջոցներն են առաջին հերթին քաղաքական, դիվանագիտական գործիքները, անմիջական հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը, հարևանների և ոչ թե հեռավորների հետ խաղաղություն հաստատելը և այս հենքի վրա բալանասավորված և բալանասավորման արտաքին քաղաքականություն վարելն ու նրա ստեղծած հնարավորությունները»,- նշեց Փաշինյանը:
11:48 - 28 մայիսի, 2025
Նիկոլ Փաշինյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Ժան-Նոել Բարոն քննարկել են Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է Ֆրանսիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան և արձանագրել, որ երկու երկրների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առավել կարևոր է այն, որ երկկողմ փոխգործակցությունը տարբեր ոլորտներում ավելի է խորանում և ամրապնդվում: Երկրի ղեկավարի խոսքով՝ սա արձանագրել են նաև վերջերս Տիրանայում կայացած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպմանը: Ժան-Նոել Բարոն ընդգծել է Ֆրանսիայի անսասան աջակցությունը Հայաստանի զարգացման ու կարողությունների ամրապնդման գործում: Ֆրանսիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է էլ ավելի խորացնել և ընդլայնել հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական ոլորտներում: Միաժամանակ, Ժան-Նոել Բարոն շնորհավորել է ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հաջորդ տարի Հայաստանում անցկացնելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են ենթակառուցվածքների զարգացմանը, ներդրումների ներգրավմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային գործընթացների, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի վերջին զարգացումների շուրջ: Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ Կառավարության հավատարմությունը խաղաղության օրակարգին:
20:33 - 26 մայիսի, 2025
Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանին: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է տիկին Մոլչանին Հայաստան կատարած այցի առիթով՝ կարևորելով Հայաստանի և ՄԱԿ-ի տարբեր մարմինների, այդ թվում՝ ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ փոխգործակցության շարունակական զարգացումը։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ՄԱԿ-ի համակարգի դերակատարումը կայուն զարգացման նպատակների առաջմղման, բնապահպանական և տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման և կարողությունների զարգացման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման, համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել ոլորտային, մասնավորապես՝ էներգետիկայի և ենթակառուցվածքների զարգացման ուղղություններով հետագա համագործակցության հնարավորություններին, ինչպես նաև ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացում Հայաստանի առաջընթացին։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի Կառավարության տեսլականը ենթակառուցվածքների արդիականացման և բարելավման ուղղությամբ, այդ թվում՝ տրանսպորտային, լոգիստիկ, էներգետիկ և թվային ոլորտներում։ Այս համատեքստում, անդրադարձ է կատարվել Հայաստանի Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, որի նպատակն է տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների ապաշրջափակումը՝ տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում 2026 թվականին անցկացվելիք Կենսաբազմազանության 17-րդ համաժողովին (COP17)՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակությունը թե՛ տարածաշրջանի, թե՛ գլոբալ բնապահպանական օրակարգում։ Տիկին Մոլչանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը ՀՀ Կառավարության հետ, մասնավորապես, կայուն զարգացման, ջրային ռեսուրսների կառավարման և շրջակա միջավայրի պահպանության ուղղություններով։
20:03 - 26 մայիսի, 2025
Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը

Հայաստանն ու Սլովակիան ունեն հարաբերություններ զարգացնելու հսկայական ներուժ. տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Ֆիցոյի հանդիպումը

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետի առանձնազրույցը: Երկու երկրների վարչապետները քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով:  ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանը ողջունել է Ռոբերտ Ֆիցոյին և նրա գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի վարչապետը կարևորել է Սլովակիայի հետ հետագա հարաբերությունների զարգացումը:  «Մենք արդեն հասցրեցինք քննարկել, որ առկա է բոլոր ուղղություններով մեր հարաբերությունները զարգացնելու հսկայական ներուժ, և Ձեր այցը շատ լավ առիթ է այդ հնարավորությունները ևս մեկ անգամ գույքագրելու և կոնկրետ ուղղությունների վրա կենտրոնանալու, կոնկրետ ճանապարհային քարտեզ ունենալու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:  Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռոբերտ Ֆիցոյին Հայաստանի հետ կապված օրակարգերում ցուցաբերած աջակցության համար:  «Այսօր «Երևանյան երկխոսություն» համաժողովի ընթացքում Ձեր աջակցությունը վերահաստատեցիք մեր տարածաշրջանում խաղաղության օրակարգին, Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությանը:  Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Եվրոպական քաղաքական համայնքի հաջորդ տարվա գագաթնաժողովը գարնանը Հայաստանում անցկացնելու առիթով»,- ասել է վարչապետը՝ հույս հայտնելով, որ հաջորդ տարի ևս Սլովակիայի վարչապետը կհյուրընկալվի մեր երկրում:  Իր հերթին Ռոբերտ Ֆիցոն վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնական այցով հրավիրել է Սլովակիա՝ նրան հարմար ժամանակահատվածում:  «Հենց նոր ավարտված մեր առանձնազրույցը հաստատում է, որ կան ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ, ուստի նույն հյուրընկալությամբ մենք կցանկանայինք Ձեզ ջերմորեն ողջունել Սլովակիայում: Սլովակիայի ողջ պատվիրակության անունից շատ շնորհակալ եմ Ձեզ հյուրընկալության և բարեկամության համար:  Երբ պատրաստվում էի այս հանդիպմանը, մեծարգո պարոն վարչապետ, ես մանրամասնորեն ուսումնասիրեցի բոլոր փաստաթղթերը, որոնք ստացել եմ նախապատրաստվելու համար: Մեծ գոհունակությամբ կարող եմ նշել, որ մենք հարցերը կարողացանք քննարկել անգամ առանց այդ փաստաթղթերի, քանի որ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաներ ունենք»,- ասել է Սլովակիայի վարչապետը:  Զրուցակիցները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, բիզնես կապերի ընդլայնմանը, արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող հարցեր:  Նիկոլ Փաշինյանը և Ռոբերտ Ֆիցոն ընդգծել են երկկողմ համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը և այդ առումով կարևորել բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը: Մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների հետագա զարգացման, մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների առաջմղման շուրջ:  Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և վերջին զարգացումներին: Ռոբերտ Ֆիցոն հայտնել է իր երկրի աջակցությունը ՀՀ Կառավարության խաղաղության օրակարգին՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և համագործակցության: 
16:50 - 26 մայիսի, 2025
Հայաստանը և Սլովակիան պատրաստ են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության ոլորտներում |armenpress.am|

Հայաստանը և Սլովակիան պատրաստ են խորացնել համագործակցությունը միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության ոլորտներում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը և Սլովակիան պատրաստակամ են խորացնելու համագործակցությունը մի շարք ոլորտներում, այդ թվում՝ միջուկային էներգետիկայի և ռազմարդյունաբերության։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ Երևանում ունեցած հանդիպումից հետո՝ հանդես գալով մամուլի համար հայտարարությամբ։ Վարչապետ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների միջև համագործակցության օրակարգը բավականին լայն է, կողմերը պայմանավորվել են կենտրոնանալ մի քանի առանցքային ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, Հայաստան-Եվրամիություն հարաբերություններ, էներգետիկա, միջուկային էներգիա և ռազմարդյունաբերություն։  «Շատ լայն օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության ուղղությամբ, հատկապես՝ միջուկային էներգիայի ոլորտում։ Քննարկեցինք նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, որտեղ ևս տեսնում ենք որոշակի հեռանկարներ։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր նշված ուղղություններով կունենանք կոնկրետ օրակարգեր և նախագծեր»,-նշեց վարչապետը։   Փաշինյանի խոսքով՝ Սլովակիայի վարչապետին ուղեկցող ներկայացուցչական գործարար պատվիրակության այցը նույնպես կարող է նոր շունչ հաղորդել երկկողմ տնտեսական համագործակցությանը։  «Համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքում մեր մասնավոր հատվածը տարբեր տնտեսական ոլորտներում կստեղծի նոր նախագծեր քննարկելու հնարավորություն։ Այդ քննարկումները, հուսով եմ, կընթանան բարձր հովանու ներքո և կունենան հստակ արդյունք և իրացվելիություն»,– ասաց Փաշինյանը։  Վարչապետը նշեց նաև, որ 2026 թվականի գարնանը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը ևս կարևոր հանգրվան է լինելու եվրոպական գործընկերների հետ համագործակցության խորացման գործում։  «Արդեն այսօր առիթ ենք ունեցել անդրադառնալու այն թեմային, որ հաջորդ տարի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, ինչը մեծ իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական կարևորագույն պլատֆորմներից մեկի համար։ Այդ հարցում ևս ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել նրա աջակցությունը՝ ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների կողմից, ինչը ես բարձր եմ գնահատում»,– ասաց վարչապետը։  
15:20 - 26 մայիսի, 2025
Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ Փաշինյան

Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն-2025» միջազգային համաժողովի բացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել է նաև պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն: Միջազգային ֆորումը կազմակերպվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից: Ֆորումին մասնակցել են 40-ից ավելի երկրներից շուրջ 600 մասնակիցներ, այդ թվում` բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների, գիտական շրջանակների ներկայացուցիչներ, վերլուծաբաններ, փորձագետներ և այլն: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Նիկոլ Փաշինյանը՝ ողջունելով ներկաներին, անդրադարձել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծին և նշել, որ փաստաթուղթը վերջնական տեսքի է բերվել և ավարտին հասցվել դրա շուրջ բանակցությունները: «Հայաստանը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել այն: Գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է համաձայնագրի ստորագրումը երկու խնդրի հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է»,- ասել է վարչապետն՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է ՀՀ Կառավարության համար և հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել: «Բայց մյուս կողմից ուզում ենք համոզվել, հավաստիանալ, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը: Ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն Հայաստանի Հանրապետության տարածք: Ինչո՞ւ ենք այսպես ասում, որովհետև գիտեք, որ, դժբախտաբար, վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60%-ն անվանել այսպես կոչված «արևմտյան Ադրբեջան», և գիտեք մեր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական մոտեցում է և առաջարկ՝ ունենալ սեղանին դրված երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:Ըստ վարչապետի՝ հաջորդ խնդիրը, որն Ադրբեջանը բարձրացնում է, այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունն իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ խաղաղության համար շատ կարևոր նախապայման է այն, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան: Այդ համատեքստում երկրի ղեկավարն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգին, որն անցյալ տարի ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրել է. «Իմիջիայլոց, Ալմա-Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա-Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը»: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը արձանագրել է, որ Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: «Համաձայնեցված տեքստում մենք դրույթ ունենք, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այնպես, ինչպես եղել է Խորհրդային Միության ժամանակներում՝ որպես խորհրդային սոցիալիստական հանրապետություններ։ Խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի նախագծում մեկ դրույթ էլ կա։ Կողմերը հայտարարում են, որ միմյանց նկատմամբ չունեն որևէ տարածքային պահանջներ և ապագայում չեն ներկայացնելու որևէ նման պահանջներ», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ևս մեկ կարևոր դրույթի, որը նախատեսում է՝ կողմերը չեն կարող իրենց պետական օրենսդրությունը վկայակոչել որպես հիմնավորում խաղաղության համաձայնագիրը չկատարելու համար։Վարչապետը նշել է, որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելուց հետո այն պարտադիր պետք է ներկայացնել Սահմանադրական դատարան: «Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում մեր Սահմանադրությանը, ես այդ դեպքում կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ այս խաղաղության գործընթացը և խաղաղության համաձայնագիրը չպետք է բաց թողնվեն: Եվ կփորձենք, կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունը արվի՝ տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար: Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ համաձայնագիրն ամբողջովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի փաստաթուղթը մեր Ազգային ժողով վավերացման ուղարկելու ճանապարհին»: Վարչապետը նշել է` դա նշանակում է, որ վավերացումից և ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրն ամենաբարձր իրավաբանական ուժը կունենա Հայաստանի Հանրապետությունում. «Սա շատ կարևոր լուր է, որովհետև դա նշանակում է, որ խաղաղության համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք Ադրբեջանը կարող է ունենալ և ունի ներկայումս: Ուստի, ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից բարձրացված խնդիրները լուծելու ճանապարհը պայմանագրի ստորագրումն է, ոչ թե չստորագրումը»: Երկրի ղեկավարն ընդգծել է՝ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան որոշ տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի, բայց ՀՀ Կառավարությունն այդ հարցն առանձին չի բարձրացրել, քանի որ համարել է, որ պայմանագրի տեքստում այդ հարցը կհասցեագրվի. «Խաղաղության պայմանագրի ստորագրումը հասցեագրում է, փարատում է, լուծում է բոլոր հնարավոր խնդիրները՝ և՛ Հայաստանինը, և՛ Ադրբեջանինը։ Ուստի, իմ դիրքորոշումը, իմ կոչն այս իրավիճակում հետևյալն է՝ մենք պետք է կենտրոնանանք խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ: Եվ ես վերահաստատում եմ, որ անձամբ ես և մեր Կառավարությունը, մեր քաղաքական թիմը պատրաստ ենք առաջ շարժվելու և ստանձնելու պատասխանատվության մեր բաժինը տևական և կայուն խաղաղություն մեր տարածաշրջանում ունենալու համար»: Երկրի ղեկավարը խոսել է նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին և ընդգծել, որ նախագծի շրջանակում Հայաստանն առաջարկել է կոնկրետ լուծում տարածաշրջանային հաղորդակցության ուղիները երկկողմ, միջազգային և տարանցիկ շարժի համար բացելու նպատակով: Վարչապետն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր սկզբունքներին՝ պետությունների տարածքային ամբողջականություն, ինքնիշխանությունը, իրավազորությունը և փոխադարձություն: «Սա շատ կարևոր նախագիծ է հաղթահարելու մատակարարման համաշխարհային շղթաների ճգնաժամերը։ Երբ Ադրբեջանի և Թուրքիայի հետ մեր ճանապարհները բացվեն, դա նոր հնարավորություններ կբացի կապակցելու արևելքը և արևմուտքը, հյուսիսը և հարավը»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ, դժբախտաբար, որոշակի վարանողականություն է նկատվում Ադրբեջանի կողմից: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում հնարավոր առաջընթաց ունենալու համար առաջարկվել են կոնկրետ լուծումներ՝ Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի արևմտյան մասերից Նախիջևան Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպել «Մեզ համար շատ կարևոր է համանման կապակցվածություն ունենալ: Մենք ասում ենք հետևյալը՝ Ադրբեջանից Ադրբեջան Հայաստանի տարածքով և Հայաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և իրավազորությունը: Այս առաջարկը պաշտոնական է, այն սեղանին է, և ցանկացած պահի, երբ Ադրբեջանը համաձայնվի, մենք պատրաստ կլինենք մուտք գործել այս գործընթացի իրագործման փուլ»։ Ամփոփելով խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունն ունի կոնկրետ առաջարկներ առաջընթաց ունենալու և տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հասնելու համար. «Տևական և կայուն խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլ նաև՝ հասանելի։ Եվ մենք վճռական ենք, մենք հանձնառու ենք խաղաղության օրակարգին: Մենք պատրաստ ենք շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ այն հարցում, թե ինչպես հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրման կետին և այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին և կտրականապես կփոխեն իրավիճակը և տարածաշրջանի ժողովուրդների ճակատագիրը: Մենք, իհարկե, հավատարիմ կլինենք այդ օրակարգին և ամեն ինչ կանենք, ինչ մեզնից կախված է՝ իհարկե, հարգելով իմ արդեն նշած սկզբունքները: Տիկնայք և պարոնայք, իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների և այլն, Հայաստանի և Ադրբեջանի միջև չի՛ լինելու պատերազմ, լինելո՛ւ է խաղաղություն: Եվ դա շատ միանշանակ է ինձ համար»։
15:00 - 26 մայիսի, 2025
Քննարկել ենք ռազմաարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունըը Սլովակիայի հետ. Փաշինյան
 |news.am|

Քննարկել ենք ռազմաարդյունաբերության ոլորտում հնարավոր համագործակցությունըը Սլովակիայի հետ. Փաշինյան |news.am|

news.am: Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի այցը Հայաստան շատ խոսուն վկայություն է մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության, և ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին։ Այս մասին, այսօր՝ մայիսի 26–ին, Ռոբերտ Ֆիցոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մասնավորապես Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի մասնակցության առումով։ Իհարկե, հիմա նաև ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով Եվրամիության հետ, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար։ Այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարվա գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար և ընդհանրապես եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է։ Այդ հարցում նույնպես ես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել աջակցությունը, ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։ Իհարկե, մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, այդ թվում Հայաստան-ԵՄ հարաբերությունների համատեքստում, շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով, նաև մենք քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ։ Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով մենք կունենանք կոնկրետ օրակարգեր և կոնկրետ նախագծեր»,- հայտարարեց Փաշինյանը։ Նկատելով, որ Ֆիցոյին բավականին ներկայացուցչական, գործարար պատվիրակություն է ուղեկցում, ՀՀ վարչապետը  համոզմունք հայտնեց, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա և այդ քննարկումները, իհարկե բարձր հովանու ներքո, կունենան կոնկրետ արդյունքներ և արտահայտություն։
14:53 - 26 մայիսի, 2025
Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա առթիվ:Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Վրաստանի եղբայրական ժողովրդին Վրաստանի ազգային տոնի՝ Պետական անկախության վերականգնման օրվա կապակցությամբ։ Վրաստանի հետ հարաբերությունների զարգացումը Հայաստանի արտաքին քաղա­քա­կանության առաջնահերթություններից է։ Վերջին տարիներին Հայաստան-Վրաստան հարաբե­րություններում ամենատարբեր ոլորտներում արձանագրված հաջողությունները բարձրագույն և միջգերատեսչական մակարդակներում փոխադարձ հանձնառության և հա­մատեղ շարունա­կական ջանքերի արդյունք են, որի շնորհիվ երկկողմ հարաբե­րությունները բարձրացվեցին որակապես նոր՝ ռազմավարական գործընկերության մակարդակի։ Բարձր ենք գնահատում բարեկամ Վրաստանի աջակցությունը Հայաստանի կառա­վա­րության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին՝ ուղղված տա­րա­­ծաշրջանի երկրների միջև հաղորդակցության ու փոխգործակցության խթանմանը, ինչպես նաև Վրաստանի կողմից իրականացվող քայլերը՝ ի նպաստ Հայաստան-Ադրբեջան հարա­բե­րու­թյունների կարգավորման գործընթացի։ Կրկին շնորհավորում եմ Անկախության օրվա կապակցությամբ և մաղթում եմ Ձեզ և Ձեր երկրին բարօրություն, խաղաղություն և նորանոր ձեռքբերումներ»։
12:39 - 26 մայիսի, 2025
Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան
 |civilnet.am|

Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն․ Փաշինյան |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի, կլինի խաղաղություն։ Այս հայտարարությունն արել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Երևանյան երկխոսություն›› համաժողովին իր ելույթի ժամանակ։ Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, վարչապետը նշել է, որ դրա համար երկու խնդիր կա։ «Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը կապակցում է երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ Մինսկի խմբի կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների հարթակ: Պետք է ասեմ, որ այդ կառույցի լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք համոզվել, որ մենք և Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, ուզում ենք հավաստիանալ, որ Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտության իրավիճակը փակելը և այն արտահանելը Հայաստանի տարածք»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60 տոկոսն անվանել, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջան»: «Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «արևմտյան Ադրբեջան» Հայաստանի ինքնիշխան տարածքում: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռաբար դիմել ԵԱՀԿ-ին Մինսկի խմբի կառույցները լուծարելու հարցով: Կարծում եմ, որ դա կառուցողական առաջարկ է՝ սեղանին դրված ունենալ երկու փաստաթուղթ և ստորագրել դրանք միաժամանակ՝ նույն պահին և նույն վայրում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը համաժողովի եվրոպացի հյուրերին ներկայացրել է Ադրբեջանի մյուս նախապայմանը, որը վերաբերվում է Հայաստանի սահմանադրությանը։ Բաքուն պնդում է, թե այն իբր տարածքային պահանջներ է ներկայացնում Ադրբեջանին: «Ընդհանուր առմամբ պարզ է, որ կողմերը միմյանց նկատմամբ պետք է որևէ տարածքային պահանջ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ միակ կառույցը, որը կարող է պաշտոնապես հայտարարել, թե ինչ է պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Փաշինյանը ներկաներին տեղեկացրել է, որ նախորդ տարի Հայաստանն ու Ադրբեջանը կարողացել են ստորագրել սահմանի սահմանազատման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգը, որը երկու պետությունների միջև պատմության մեջ առաջին փաստաթուղթն է: Վարչապետը ներկայացրել է, որ նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանը նշել է, որ վերը նշված կանոնակարգը և դրա հիմքում ընկած Ալմա-Աթայի հռչակագիրն ամբողջությամբ համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի վարչապետը նաև նշել է, որ խաղաղության համաձայնագրում կա նաև կետ, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և հետագայում չեն կարող որևէ տարածքային պահանջներ ունենալ միմյանց նկատմամբ: Վարչապետի խոսքով՝ համաձայնագրում կա նաև կետ, ըստ որի՝ կողմերը չեն կարող իրենց ներպետական օրենսդրությունը վկայակոչել ու չկատարել պայմանագրի դրույթները: «Այս նրբությունները շատ կարևոր են, քանի որ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ համաձայնագիրը ստորագրելուց հետո մենք պարտավոր ենք ուղարկել այն Սահմանադրական դատարան, որպեսզի ստուգենք դրա համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը: Եթե վերջինս որոշում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստը չի համապատասխանում երկրի Սահմանադրությանը… մեր փորձագետներն ասում են, որ մեծ չէ հավանականությունը, որ Սահմանադրական դատարանը կարող է այդպիսի բան որոշել, բայց եթե դատարանը որոշի, որ փաստաթուղթը չի համապատասխանում Սահմանադրությանն, ապա մենք կունենանք շատ առանձնահատուկ իրավիճակ, որում պետք է որոշում կայացնել. այդ դեպքում ես կնախաձեռնեմ սահմանադրական փոփոխություններ, քանի որ խաղաղության գործընթացը և պայմանագիրը չպետք է բաց թողնվեն և կփորձենք ու կհամոզենք մեր հասարակությանը, որ այդ փոփոխությունն արվի տևական և երկարաժամկետ խաղաղության հասնելու համար։ Բայց եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ այդ փաստաթուղթն ամբողջությամբ համապատասխանում է Հայաստանի Սահմանադրությանն, ապա այդ պարագայում որևէ խոչընդոտ չի լինի այդ փաստաթուղթը վավերացնել Ազգային ժողովում, ինչից հետո այն ձեռք կբերի ամենաբարձր իրավաբանական ուժը Հայաստանում»,- ասել է վարչապետը:
12:29 - 26 մայիսի, 2025
Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան
 |1lurer.am|

Չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյան |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային ֆորումի ժամանակ ներկայացրեց իր մտորումները Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ներկայիս վիճակի մասին: «Ինչպես գիտեք, մենք կարողացել ենք համաձայնեցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագիծը: Փաստաթուղթը վերջնական տեսքի ենք բերել և ավարտել ենք նախագծի շուրջ բանակցությունները, և Հայաստսնը հայտարարել է, և անձամբ ես հայտարարել եմ, որ պատրաստ եմ ստորագրել փաստաթուղթը, և գիտեք, որ Ադրբեջանը պաշտոնապես կապակցում է պայմանագրի ստորագրումը երկու խնդիրների հետ. դրանցից առաջինը ԵԱՀԿ ՄԽ կառույցների լուծարումն է: ԵԱՀԿ ՄԽ լուծարումն ընդունելի է մեզ համար, և մենք պատրաստ ենք առաջ շարժվել, բայց մյուս կողմից մենք ուզում ենք հավաստիանալ, որ մենք ու Ադրբեջանը նույն կերպ ենք ընկալում իրավիճակը, և Ադրբեջանի մտադրությունը չէ իր տարածքում հակամարտային իրավիճակը փակել և արտահանել այն ՀՀ տարածք, որովհետև վերջին տարիներին Ադրբեջանը սկսել է ՀՀ ինքնիշխան տարածքի 60 տոկոսն անվանել «Արևմտյան Ադրբեջան»: Մենք բազմիցս ասել ենք, որ չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան» ՀՀ ինքնիշխան տարածքում, ուստի ընդհանուր առմամբ ո՞րն է մեր առաջարկն ապագայի համար: Մենք առաջարկում ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը և զուգահեռ դիմել ԵԱՀԿ-ին՝ ՄԽ-ի կառույցները լուծարելու հարցով: Ես կարծում եմ՝ դա կառուցողական առաջարկ է՝ ունենալ երկու փաստաթղթեր սեղանին դրված և ստորագրել այդ փաստաթղթերը միաժամանակ, նույն պահին, նույն վայրում»,- ասաց վարչապետը:  Հաջորդ խնդիրը, որը Ադրբեջանը բարձրացնում է, իր այն պնդումն է, թե ՀՀ Սահմանադրությունը իբրև պարունակում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ: «Ընդհանուր առմամբ պարզ է նաև, որ կողմերը պետք է որևէ տարածքային պահանջ միմյանց նկատմամբ չունենան, և դա շատ կարևոր նախապայման է խաղաղության համար: Եկեք խնդիրն ուշադիր դիտարկենք և հասկանանք՝ արդյոք կա՞ն տարածքային պահանջներ ՀՀ Սահմանադրության մեջ ընդդեմ Ադրբեջանի: Միակ կառույցը, որը պաշտոնապես կարող է հայտարարել, թե ինչ է պարունակում և չի պարունակում ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ Սահմանադրական դատարանն է: Անցյալ տարի Ադրբեջանի հետ կարողացանք ստորագրել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման երկու հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, և դա պատմության մեջ առաջին միջազգային երկկողմ փաստաթուղթն էր, որ ստորագրվել էր ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից, և ՀՀ օրենսդրության համաձայն մենք այդ փաստաթուղթը ուղարկեցինք մեր ՍԴ՝ պարզելու, թե այդ փաստաթուղթը համապատասխանո՞ւմ է մեր Սահմանադրությանը: Անցյալ տարի սեպտեմբերին ՀՀ Սահմանադրական դատարանն ուսումնասիրեց համատեղ գործունեության մասին կանոնակարգը և պարզեց, որ կանոնակարգում Ալմա Աթայի հռչակագիրը հիշատակված էր որպես հիմնարար սկզբունք ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատելու գործընթացում, ուստի երկու կանոնակարգերը, իսկ դա նշանակում է նաև՝ Ալմա Աթայի հռչակագիրը, ամբողջովին համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը: Սա նշանակում է, որ ՀՀ Սահմանադրության մեջ չկա տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ: Հայաստանի և Ադրբեջանի տարածքները նույնն են, ինչ Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի տարածքները»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:
11:27 - 26 մայիսի, 2025