Հովիկ Աղազարյան

8-րդ գումարման ԱԺ պատգամավոր՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։

Ծնվել է 1960թ. փետրվարի 9-ին Սյունիքի մարզի Այգեձոր գյուղում:

1982թ. ավարտել է ԵՊՀ մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը: Մեխանիկ է:

1987թ.՝ Մոսկվայի Բաումանի անվան բարձրագույն տեխնիկական համալսարանի ասպիրանտուրան: Տեխնիկակական գիտությունների թեկնածու է:

1982-1983թթ. եղել է Երեւանի փոքր հզորությամբ էլեկտրաշարժիչների գիտահետազոտական ինստիտուտի գիտաշխատող: 1988-1991թթ.՝ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող:

Մասնակցել է Երասխավանի ինքնապաշտպանական մարտերին, եղել է Սուրենավանի կամավորական ջոկատի հրամանատար:

1996թ. եղել է ՀՅԴ Գերագույն մարմնի նախագահ: 1998թ. հեռացվել է ՀՅԴ շարքերից:

2015 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016թ.՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ:

1990-1995թթ.՝ Գերագույն խորհրդի պատգամավոր: ԳԽ կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հայ հեղափոխական դաշնակցություն» (ՀՀԴ) խմբակցության քարտուղար:

2018-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 1 ընտրատարածք, «Ելք» կուսակցությունների դաշինք): ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ելք» խմբակցության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 5 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): 06.02.2019-11.02.2019թթ.՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 11.02.2019-02.08.2021թթ.՝ հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ
 |hetq.am|

Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ |hetq.am|

hetq.am: Այսօր՝ մայիսի 19-ին, Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը ստորագրեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնության տակ։ Նրանք ավելի վաղ հայտնել էին, որ որպես վարչապետի թեկնածու առաջադրում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին։ Մարուքյանը նույնպես ստորագրեց՝ իր համաձայնությունը տալով, որ խորհրդարանի մեկ երրորդը կարողանա իրեն առաջադրել վարչապետի թեկնածու։ Անհրաժեշտ փաստաթղթերը ստորագրելուց հետո կարճ ելույթով հանդես եկավ Հակոբ Ասլանյանը։ Նա գործընթացը պատմական որակեց։ «Սա մեր նոր պատմության առաջին դեպքն է, որ ամբողջությամբ օրենքի տառին համապատասխան մենք նախաձեռնում ենք մի գործ, որը ամբողջությամբ ծառայելու է մեր պետության ու պետականության նորովի զարգացումներին։ Ասլանյանը նաև հավելեց, որ հիմա գնդակը ընդդիմության դաշտում է, և եթե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները՝ «Հայաստան»-ը և «Պատիվ ունեմ»-ը, ուզում են հեռացնել Նիկոլ Փաշինյանին, կարող են ստորագրել իմպիչմենտի գործընթաց սկսելու նախաձեռնության տակ։ Իսկ Հովիկ Աղազարյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Էդմոն Մարուքյանին՝ իրենց առաջարկն ընդունելու համար։  «Մենք շատ կարևոր և վճռական ընտրություն ենք կատարել՝ ի դեմս Ձեզ։ Դա հեշտ չի եղել։ Մենք ունեցել ենք յոթ թեկնածու՝ մեկը մեր կուսակցության վարչության երիտասարդ անդամ Լյովա Մխիթարյանն էր, մյուսը՝ ես։ Եվս հինգը նույնպես մեր կուսակցությունից էր։ Վարչությունը, քննարկելով և հաշվի առնելով ձեր անցած ճանապարհը, պետականությանը ձեր ներդրումը, միաձայն որոշեց կանգնել ձեր թեկնածության վրա»,- ասաց Աղազարյանը։ Էդմոն Մարուքյանը կրկնեց Ասլանյանի միտքը՝ նշելով, որ իրենք այլևս անելիք չունեն, և հերթը «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցություններինն է։ «Եթե այս պրոցեսը տապալվի, իսկ սա կարող են տապալել միայն ընդդիմադիրները,  իմացեք՝ Հայաստանի զինանշանը գնում է փոփոխության։ Հայաստանի Հանրապետությունը վերածվելու է, գնում է այն ճանապարհով, որ դառնա «Արևմտյան Ադրբեջան»»,- հավելեց Մարուքյանը։ Հակոբ Ասլանյանի և Հովիկ Աղազարյանի՝ իմպիչմենտի գործընթաց սկսելու մասին հայտնի դարձավ նախորդ շաբաթվա վերջին։ Մայիսի 16-ին Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ «ՄԱՍԿ» կուսակցությունը լիազորել է իրենց սկսել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց և վարչապետի թեկնածու առաջադրել Էդմոն Մարուքյանին։ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին այսօր անդրադարձավ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նա գործընթացն անիրատեսական անվանեց։ «Ես ավելի պրագմատիկ մարդ եմ և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյին ձգտող հաջողության հավանականություն ունի, ինձ համար դա իսկապես հետաքրքիր չէ»,- ասաց Քոչարյանը։ Ավելի վաղ, սակայն, «Հայաստան» խմբակցությունը տարածել էր հայտարարություն, որում վերահաստատել էր իր պատրաստակամությունը՝ տրամադրելու բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները իմպիչմենտի գործընթացի մեկնարկի համար, եթե այդ գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորների ստորագրությունները։ Այդ հայտարարությունը տարածվել էր մայսիս 2-ին, երբ դեռ Էդմոն Մարուքյանը չէր առաջադրվել վարչապետի թեկնածու և Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը չէին հայտարարել իմպիչմենտի գործընթաց սկսելու մտադրության մասին։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեռ չի արձագանքել Մարուքյանի առաջադրման լուրին և չի հայտարարել՝ կմիանա իմպիչմենտի գործընթացին, թե ոչ։ Բայց ավելի վաղ՝ մայիսի 6-ին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ պատրաստ են, առանց նախապայմանների, քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։
15:50 - 19 մայիսի, 2025
Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը հայտնեց՝ համաձայնել է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ ՄԱՍԿ կուսակցությունից առաջարկ է ստացել՝ վարչապետին անվստահություն հայտնելու ՄԱՍԿ-ի նախաձեռնած գործընթացում լինելու վարչապետի թեկնածուն։ Նա նշեց՝ քննարկումների արդյունքում տվել է համաձայնությունը։ Մարուքյանը հայտնեց նաև, որ հանդիպումներ կնախաձեռնի ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հետ։  Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը հայտարարել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու նախագծով վարչապետի թեկնածու են առաջադրում Էդմոն Մարուքյանին։ Հիշեցնենք, որ գործընթացն ԱԺ-ում կարող է քննարկվել, երբ առնվազն 36 պատգամավոր տրամադրի ստորագրություն։ Ավելի վաղ՝ «Արթուն ենք» շարժման նախաձեռնած անվստահության գործընթացի շրջանակում «Պատիվ ունեմ»-ը հայտարարել էր, որ առանց որեւէ նախապայմանի կքննարկեն թեկնածուի հարցը ու կնախաձեռնեն վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց։ Խմբակցությունն ունի 6 պատգամավոր։ «Հայաստան» խմբակցությունն էլ նշել էր, որ կտրամադրի իր բոլոր 28 պատգամավորների ստորագրությունները մեկնարկի համար, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
15:26 - 16 մայիսի, 2025
ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու մեջ մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Ա. Կ.-ն (խմբ․ - Աշոտիկ Կամավոյսանին) մեկ այլ անձի օժանդակությամբ ապօրինի վարձատրություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին (խմբ․ - Հովիկ Աղազարյանին): Այս մասին հայտնում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ «Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Կ.-ն իր ծանոթի օժանդակությամբ դիմել է ԱԺ պաշտոնատար անձին՝ 200.000-300.000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օրենքով նախատեսված կարգերի շրջանցմամբ 150․000-200․000 գլուխ գյուղատնտեսական կենդանիներ Արաբական Միացյալ Էմիրություններ արտահանելու գործընթացը կազմակերպելու համար: 2023 թվականի օգոստոսի 9-ին ԱԺ պատգամավորը հայտնել է, որ արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, և գործընթացն սկսելու համար պահանջել է 200.000 ԱՄՆ դոլար, որից 100.000 ԱՄՆ դոլարը սկզբում, իսկ մնացած գումարը գործարքի մեկնարկից հետո տալու պայմանով: 2023 թվականի օգոստոսի 10-ին ԱԺ պատգամավորի հետ հանդիպման ժամանակ Ա. Կ.-ն վերջինիս տեղեկացրել է, որ կարող է 20.000 ԱՄՆ դոլար փոխանցել պաշտոնատար անձին, իսկ պայմանավորված գումարի մնացած մասը վճարել կենդանիների յուրաքանչյուր խմբաքանակի արտահանման ժամանակ: ԱԺ պաշտոնյան, սակայն, նշել է, որ նախապես որոշված գումարի չափը հաշվի առնելով՝ ինքն արդեն իսկ պայմանավորվածություններ է ձեռք բերել պաշտոնատար անձանց հետ, ուստի հրաժարվել է Ա. Կ.-ից 20.000 դոլար գումարը ստանալուց: ԱԺ պաշտոնատար անձին ապօրինի վարձատրություն տալու և դրան օժանդակելու համար վերը նշված երկու անձանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և 46-439-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան: Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով», - նշված է հաղորդագրությունում։Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել Ազգային ժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։
19:43 - 10 ապրիլի, 2025
Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել
 |1lurer.am|

Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել |1lurer.am|

1lurer.am: Հովիկ Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չբացակայելը։   «Հսկող դատախազի կողմից հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացվել, խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու արգելքը»,- 1Lurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:   Հիշեցնենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն Ազգային ժողովին էր ներկայացրել պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Քվեարկության համաձայն՝ Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը կողմ էր քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 2: Միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը: 
19:42 - 28 մարտի, 2025
Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից

Պատգամավորներ Հովիկ Աղազարյանն ու Տարոն Մարգարյանը զրկվեցին անձեռնմխելիությունից։ Քվեարկության արդյունքները հետևյալն են՝  Տարոն Մարգարյան - 67 կողմ, 0 դեմ, Հովիկ Աղազարյան - 65 կողմ, 2 դեմ։ Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագրեր էր ներկայացրել Ազգային ժողովին՝ խնդրելով համաձայնություն տալ նախկինում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության, այժմ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանին եւ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելուն եւ նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն։ Ըստ միջնորդագրի՝ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2023 թ․ մի քաղաքացի դիմել է Աղազարյանին, որպեսզի նա առանձնապես խոշոր չափերով՝ 200.000-300 .000 ԱՄՆ դոլար գումարի դիմաց օգտագործի ՀՀ ՍԱՏՄ պաշտոնատար անձանց նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը, որպեսզի այդ քաղաքացին կարողանա առանց համապատասխան փաստաթղթերի կամ կեղծ փաստաթղթերով կազմակերպել գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու գործընթացը։ Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։ Ինչ վերաբերում է Տարոն Մարգարյանին, նա, ըստ միջնորդագրի, նպատակ ունենալով պաշտոնեական դիրքն օգտագործելով «Երևանի թիվ 64 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի զբաղեցրած 6.452,9 քմ մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից իր մերձավոր Սասունիկ Իսրայելյանի համար հանցավոր ճանապարհով ձեռք բերել և օրինականացնել 863,34 քմ մակերեսով հողատարածք, Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձանց հետ նախապես պայմանավորվել է նշված գույքն ապօրինի առանձնացնելու եղանակով դուրս բերել Երևանի քաղաքապետարանի գույքային ֆոնդից և մտցնել Սասունիկ էսրայելյանի գույքային ֆոնդ։ Դրանից հետո, ըստ Դատախազության, այն միացվել է Սասունիկ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող, 0.100409 հա մակերեսով հողամասին, որի արդյունքում 863,34 քմ մակերեսով հողատարածքը Տիտոգրադյան փողոցի 17 հասցեում գտնվող՝ արդեն միախառնված, 0.186743 հա մակերեսով հողամասի կազմում դրվել է օրինական շրջանառության մեջ և դրան հաղորդվել է օրինական տեսք: Միջնորդագիրը ամբողջությամբ՝ այստեղ։
16:39 - 27 մարտի, 2025
ՔՊ-ն առայժմ չունի որոշում. Կոնջորյանը՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին |1lurer.am|

ՔՊ-ն առայժմ չունի որոշում. Կոնջորյանը՝ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին |1lurer.am|

1lurer.am: Խորհրդարանում շարունակվում է պատգամավոր Հովիկ Աղազարյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցը: Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» պատգամավորական խմբակցության անունից ելույթում ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց՝ չի տրվի գայթակղությանը և չի խոսի գործի բուն դրվագների մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՔՊ-ն առայժմ չունի որոշում: «Որոշումը կկայացվի, և դրա մասին բոլորդ կիմանաք»,- ասաց Կոնջորյանը՝ հավելելով, որ կուզենար խոսել քաղաքական բովանդակության մասին, որը երեկվանից հնչում է ԱԺ նիստերի դահլիճում: «Ընդդիմությունը լծվել է պարոն Աղազարյանի պաշտպանությանը: Դաշնակցության և պարոն Աղազարյանի հարաբերությունները մի տեսակ հիշեցնում են լատինամերիկյան սերիալները:  Պարոն Աղազարյան, ասում եք՝ ձեզ ենթարկում են քաղաքական հետապնդման, որ ճնշումներ են գործադրում, ասում եք, որ Հայաստանում, ըստ էության, ավտորիտարիզմ է ձևավորվում, և այլն: Եկեք նայենք փաստերին: Դուք հրաժարվել եք կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հորդորը, հրաժարվել եք դնել Ձեր պատգամավորական մանդատը, դրանից հետո ակտիվորեն իրացրել եք ազատ խոսքի Ձեր իրավունքը ժողովրդավարական երկրում, հետո հիմնադրել եք կուսակցություն, կուսակցության համագումար եք արել և հիմա մտել եք քաղաքական պայքարի մեջ ու հայտարարում եք, որ մասնակցելու եք քաղաքական գործընթացների ու թույլ չեք տալու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի: Սա ավտորիտարի՞զմ է: Սա դասական ժողովրդավարություն է: Բռնապետության մեջ այդպե՞ս է լինում»,- ասաց Կոնջորյանը: Նա Աղազարյանին խորհուրդ տվեց պատկերացնել, թե Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ի՞նչ տեղի կունենար իր հետ, եթե նա, օրինակ՝ հանկարծ համարձակվեր չկատարել իշխանության հորդորը ու վայր չդներ մանդատը: «Սա դասական ժողովրդավարություն է, պարո՛ն Աղազարյան, ոչ թե ավտորիտարիզմ, և այդ դասական ժողովրդավարության համար, եթե որևէ անձ կա, որին Դուք ամենաշատը պիտի պարտական լինեք, այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որին դուք ասում էիք, որ իրեն ճանաչելուց հետո նոր սկսել եք հավատալ Քրիստոսին»,- հավելեց պատգամավորը՝ հիշեցնելով, որ Աղազարյանն այսօր ունի պաշտպանվելու բոլոր իրավունքները:  Դիմելով ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանին՝ Կոնջորյանը հարց ուղղեց՝ ինչ կլիներ որևէ պատգամավորի հետ, եթե հանկարծ 2003 թվականին այդ մարդուն ասեին մանդատից հրաժարվիր, և նա չհրաժարվեր: «Մոտակա ռեստորաններից մեկի զուգարանում որքան ժամանակ հետո և հատկապես ինչ տեղի կունենար այդ պաշտոնյայի հետ, պարո՛ն Ռուստամյան: Դա՛ էր ավտորիտարիզմը: Դուք ձեր խմբակցության պատգամավորին (պատգամավոր Գեղամ Նազարյան - խմբ.), որը վատ բան չէր արել, ընդամենը ԱԺ նախագահի հետ գնացել էր գործուղման ու նկարվել էր, այդ մարդուն այնքան հետապնդեցիք, հիմա նա ձեր խմբակցության անդամ չէ այն բանի համար, որ ընդամենը իր աշխատանքն էր կատարել: Որպեսզի ձեր շեֆի որդին դառնա պատգամավոր, միանգամից 3 մարդ պատգամավորական ցուցակում հրաժարվեց իր մանդատից: 3 հոգի իր մանդատից հրաժարվեց, որ Ռոբերտ Քոչարյանի որդին դառնա պատգամավոր: Ինչի՞. որովհետև Լևոն Քոչարյանը շատ օրենսդրական ջիղ ուներ, որովհետև Լևոն Քոչարյանը շատ լավ է տիրապետում նորմատիվ-իրավական ակտերի դիսպոզիցիաներին և իրավական կոլիզիաների ողջ ներկապնակին, և հիմա այստեղ օրենսդրական ակտիվ գործունեություն է ծավալում: Ասվել է՝ արվել է: Ընդդիմադիր ավտորիտարիզմի փառահեղ դրսևորում եք դուք, կենդանի հուշարձանն եք դուք: Դուք ավտորիտարիզմի գրիմ արված դեմքն եք»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարը: Ռուստամյանը տեղից պատասխանեց Կոնջորյանի խոսքերին, ինչից հետո դահլիճից հնչեցին պատասխան արձագանքներ, և իրավիճակը դահլիճում թեժացավ: «Պարոն Մինասյան (Արծվիկ Մինասյան - խմբ.), ասում եք՝ դասական բռնապետություն: Մի հատ նայեք «Մարտի 1»-ը, ի՞նչ քաղաքական հետապնդման մասին է խոսքը: Պարո՛ն Մանուկյան, սրբազանի հետ հարցազրույցն ո՞ւր է: Ընկել եք սրբազանների հետևից: Պարոն Դանիելյան, ինչ կա-չկա, Ոսկեպարի եկեղեցին ուր է, երբ գալիս, ստում էիք մարդկանց, թե այն մնում է Ադրբեջանում»,- հայտարարեց Կոնջորյանը՝ ընդդիմությանը մեղադրելով մարդկանց մոլորեցնելու, նրանց հույզերի հետ խաղալու համար, որպեսզի ՀՀ-ն չունենա սահմանազատված սահման:
14:13 - 27 մարտի, 2025
Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին
 |tert.am|

Տիկի՛ն դատախազ, Դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, բայց քաղաքական պատվեր եք կատարում. Խամոյանը՝ գլխավոր դատախազին |tert.am|

tert.am: Այս դահլիճում ներկա գտնվող յուրաքանչյուր անձնավորություն գիտի, թե հիմա ինչ է այստեղ կատարվում՝ Հովիկ Աղազարյանը հրաժարվել է կատարել Նիկոլ Փաշինյանի խնդրանքը, այսպես կոչված մանդատը վայր դնելու մասով, և Դուք եկել եք նրա հետևից Ազգային ժողով: Այս մասին Աժ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը: «Ուզում եմ այդուհանդերձ 2 դրվագի վրա մենք կանգ առնենք։ Ի՞նչ են ասում մեր գործընկերները։ Հովիկ Աղազարյանի հեռախոսն ինչ-ինչ քրեական գործի շրջանակներում հայտնվել է պատկան մարմինների մոտ։ Հետո այդ հեռախոսի անձնական նամակագրությունները հայտնվել է իշխող ՔՊ վարչության, եթե չեմ սխալվում, 15 հոգանոց կազմի նիստին՝ պարզ տարբերակով մարդիկ ծանոթացել են անձի անձնական նամակագրությանը։ Շատ պարզ հարց են ձեզ տալիս, սա նորմա ՞լ է, թե՞ նորմալ չի։ Տիկին դատախազ, դեկտեմբերի չորսի հարցուպատասխանի ժամանակ, ի պատասխան իմ հարցի, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հեռախոսի ուսումնասիրության ժամանակ պատկան մարմինները հանդիպել են տեղեկությունների, որոնք իրենց մեջ պարունակում են պետական անվտանգության սպառնալիքներ, այդ թվում հակահետախուզական սպառնալիքներ։ Դուք բոլորից լավ եք հասկանում այս բառերի նշանակությունը»,- ասաց պատգամավորը։ Խամոյանը նշեց, որ հիմա Ազգային ժողով եկել է ոչխարների գործով, Հովիկ Աղազարյանի հետևից։ «Սա փաստորեն ձեզ համար հիմք չի հանդիսացել հաղորդում հանցագործության մասին, թե՞ մենք հերթական անգամ կարող ենք արձանագրել, որ ինչպես այս դրվագով, այնպես էլ բազմաթիվ այլ դրվագներով, Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստել է և զրպարտել է»,- ասաց պատգամավորը: Վարդապետյանն, ի պատասխան, նշեց, որ ինքը քաղաքական հայտարարություններ չի անում: «Ես ներկայացրել եմ միջնորդագիր, երրորդ անգամ ստիպված եմ կրկնել, որ միջնորդագրի հետ կապ չունեցող և միջնորդագրի շրջանակներում չներկայացված ապացույցի վերաբերյալ որևէ դիրքորոշում չեմ հայտնելու»,- ասաց գլխավոր դատախազը։ «Տիկի՛ն դատախազ, դուք քաղաքական հայտարարություններ չեք անում, ներողություն եմ խնդրում, բայց դուք քաղաքական պատվեր եք անում, որովհետև նույն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը էլի բառացի մեջբերում եմ, հայտարարել է՝ ժողովրդավարության բաստիոնը պետք է գտնի լծակներ քաղաքական, բարոյական և այլ լծակներ, նման կարմիր գծեր հատած պատգամավորին ժողովրդի կողմից տրված մանդատից զրկելու համար: Դուք հիմա կատարում եք քաղաքական պատվեր, տիկին Վարդապետյան»,- ի պատասխան ասաց Խամոյանը: Վարդապետյանը նորից նշեց, որ քաղաքական հայտարարության չի արձագանքում:
13:52 - 26 մարտի, 2025
Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Աղազարյան |1lurer.am|

Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել. Աղազարյան |1lurer.am|

1lurer.am: Պատգամավոր Հովիկ Աղազարյանն Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին իր դեմ հարուցված քրեական գործերից, որի շրջանակում գլխավոր դատախազը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ, որոշ մանրամասներ ներկայացրեց: Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հիմքում ոչխարների արտահանումը կազմակերպելու համար 200 հազար դոլարի ապօրինի վարձատրության պահանջն է, նաև գործարարից 23 հազար դոլարի կաշառքի ստացումը:  Հովիկ Աղազարյանը նախ ճշգրտեց, որ քրեական գործերում 1 Աշոտիկ և 1 Աշոտ է եղել, ինչպես նաև 2 Սլավիկ, քանի որ այս հանգամանքը գործը խճճում է, ապա որոշ մանրամասներ պատմեց: «Սլավիկ Պողոսյանի տղան աշնան կողմերը հանդիպում էր խնդրել, և մենք հանդիպեցինք, և նա ասաց հետևյալը, որ իր պապան հիվանդ է, այդ պահին խափանման միջոցը փոխել էին տնային կալանքի, և եթե հայտնվի անազատութան մեջ, խիստ դժվարություններ կունենա, և խնդրում էր, որ ես օգնեմ իրեն այդ հարցում, և եթե ես չօգնեմ, ապա իր պապան ստիպված կլինի ցուցմունքներ տալ: Ես այդ մասին քննիչին տեղյակ եմ պահել»,- պատմեց նա: Հովիկ Աղազարյանը նաև հայտարարեց, որ «Սլավիկ Պողոսյանի» և «Աշոտիկի» հետ հանդիպման ժամանակ երբեք չի եղել իրեն գումար առաջարկելու խոսակցություն: «Ինձ գումար չի առաջարկվել, հետևաբար ես ո՛չ հրաժարվել եմ, ո՛չ համաձայնություն եմ տվել այդ առաջարկությանը»,- ասաց նա և հիշեցրեց, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է, և տարօրինակ չէ, որ այս ընթացքում իրեն շատերն են դիմել տարբեր հարցերով: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի՝ մարտի 26-ի նիստին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր էր ներկայացրել՝ նրա նկատմամբ երկու դրվագով քրեական գործեր հարուցելու, ինչը տեղի կունենա, երբ խորհրդարանի համաձայնությամբ Հովիկ Աղազարյանը զրկվի պատգամավորական մանդատից:
13:27 - 26 մարտի, 2025
«Աշոտիկ Կամավոսյանը հիվանդ մարդ է, չգիտեմ ինչ ճնշումների տակ է ցուցմունք տվել», «Նրա կողմից ճնշման փաստ չի բարձրաձայնվել». պատգամավոր-դատախազ հարցուպատասխան՝ ԱԺ-ում |tert.am|

«Աշոտիկ Կամավոսյանը հիվանդ մարդ է, չգիտեմ ինչ ճնշումների տակ է ցուցմունք տվել», «Նրա կողմից ճնշման փաստ չի բարձրաձայնվել». պատգամավոր-դատախազ հարցուպատասխան՝ ԱԺ-ում |tert.am|

tert.am: Արդեն հայտնել ենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ-ին՝ Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Պատգամավորը երեք հարց ուղղեց դատախազին: «Տիկին դատախազ, 44 00 90 23 գործի հետ կապված, որի քննության ընթացքում քննիչը հայտնաբերել է ինչ-որ բաներ էլեկտրոնային խուզարկության ժամանակ և տվել է համապատասխան հաղորդում 24 թվականի նոյեմբերի վերջին, երբ հայտնի դեպքերն արդեն ընթացել էին, կարո՞ղ եք արդյոք մանրամասն ասել այդ գործի մասին, կամ ամենաքիչը խնդրում եմ ասեք, թե ե՞րբ է հարուցվել այդ գործը։ Տեղյա՞կ եք, արդյոք, որ 24 թվականի հունվարի 3-ին ես Արաբկիր ոստիկանություն բաժանմունքում հաղորդում եմ տվել այդ Ձեր այս միջնորդության մեջ նշված Արամի և Գոհարի և Հայկ Նազարյանի և էլի մի երկու ֆիգուրների հետ կապված որոշ ընթացակարգերից հետո, բայց քննչական կոմիտեն վարույթ չի ընդունել, տեղյա՞կ եք այդ մասին, թե տեղյակ չեք: Եվ երրորդ հարցս՝ երբ որ մի դրվագով գործից գործ եք անջատում և ուղարկում եք դատախազություն, արդյոք չի խախտվում իմ պաշտպանվելու իրավունքը, սահմանադրական իրավունքը, եթե դուք գործի մի մասը վերցնում եք և ուղարկում եք դատարան, այդ մարդը՝ Աշոտիկ Կամավոսյանը, որին առաջին անգամ առերեսման ժամանակ եմ տեսել, որ հիվանդ մարդ է, կարող է պատահի, չգիտեմ՝ ինչ մեղքեր իր վրա վերցնի, մենակ թե շուտ պրծնի այս ամեն տանջանքից և դատարանի որոշումը լինի, որ ինքը կաշառք է առաջարկել, բա իմ պաշտպանվելու իրավունքը որտե՞ղ մնաց, տիկին դատախազ»,- հարցրեց Աղազարյանը։ Վարդապետյանը պատասխանեց, որ իհարկե, տեղյակ են Արաբկիրում ներկայացրած հաղորդումից, որի մասին տեսագրություններում նշում է նաև Արամ Մկրտչյանը, որտեղ Աղազարյանին մեղադրում է և ասում է՝ Ձեզ չթվա, որ ով առաջինը գնաց կոմիտե, հաղորդում տվեց, նա ճիշտ է։ «Այնպես որ, մեզ համար նորություն չի, ինչ որ Դուք ասում եք, ավելին, Ձեր կողմից հաղորդումը ներկայացվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին, Հաղորդումը ներկայացվել է 2024 թվականի հունվարի 3-ին, ըստ փաստաթղթերի, և Դուք ստացել եք նաև վարույթ չնախաձեռնելու արձանագրությունը և դրա հետ որևէ անհամաձայնություն չեք ունեցել։ Որևէ գրավոր փաստաթուղթ դրա մասին չկա։ Ինչ վերաբերում է վարույթին, որի շրջանակներում ձեռք են բերվել Արամ Մկրտչյանի տեսագրությունները, Քննչական կոմիտեում այդ վարույթը քննվել է 2023 թվականից և 2024 թվականի նոյեմբերի 27-ին, ուղարկվել է հակակոռուպցիոն կոմիտե, որովհետև վերաբերելի է եղել Ձեզ: Իսկ Ձեր վերաբերյալ, ենթադրյալ հանցագործության վերաբերյալ վարույթը քննվում էր հակակոռուպցիոն կոմիտեում։ Ինչ վերաբերում է ձեր կողմից նշված ճնշումներին, ապա Աշոտիկ Կամավոսյանի կողմից որևէ նման փաստ չի բարձրաձայնվել, Դուք դրա մասին չգիտեմ՝ ինչի հիման վրա եք ենթադրություններ անում, մնացածն արձանագրված է Ձեր առջև դրված միջնորդագրի մեջ։ Եվ Արամ Մկրտչյանի տեսագրությունները, և այն հանգամանքը, որտեղ և երբ են սպասարկվել Ձեր ու Սլավիկ Պողոսյանի հեռախոսահամարները, այն ամենը, ինչ որ ես նշեցի, հարգելի պատգամավորներ, դուք կարող եք հետևել նաև հեռախոսների տեղակայումների զննություններով, որոնք ներկայացված են մանրամասն միջնորդագրի մեջ»,- ասաց նա:
13:15 - 26 մարտի, 2025
«Եթե Հովիկ Աղազարյանը մնար ՔՊ-ում, դուք էլի կգայի՞ք ԱԺ՝ անձեռնմխելիությանից զրկելու». հարց՝ գլխավոր դատախազին |news.am|

«Եթե Հովիկ Աղազարյանը մնար ՔՊ-ում, դուք էլի կգայի՞ք ԱԺ՝ անձեռնմխելիությանից զրկելու». հարց՝ գլխավոր դատախազին |news.am|

news.am: Տիկին Վարդապետյան, դուք ներկայացրիք գործը, որից հասկանալի է, որ 2024 թվականի ամռանից արդեն ձեզ հայտնի էին իրողություններ, որ կոնկրետ անձնավորություն տվել էր ցուցմունք Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով և պնդել էր, որ այդպիսի բան եղել է, բայց դուք եկել եք հիմա Ազգային ժողով, երբ արդեն Հովիկ Աղազարյանը ՔՊ խմբակցությունից դուրս է եկել։ Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ-ում պատգամավոր Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ դիմելով գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին: «Ես, լսելով Ձեր խոսքը, չեմ կարող վստահ ասել, թե այդ ինչ տիտանական աշխատանք էր արվում մինչև հիմա, որովհետև այն, ինչ որ հայտնի էր, արդեն հայտնի էր 2024-ի աշնանը, բայց դուք այդ ժամանակ չեք եկել Ազգային ժողով Հովիկ Աղազարյանի հետևից: Հիմա այդ անջատված մասով կուզենայի մի փոքր բացատրել ինչու է անջատվել այդ մասը, որովհետև ցուցմունք տվողը երկրից բացակայում է, թե փախել է, ի՞նչ հանգամանքների բերումով է, որ նա երկրում չէ և ինչու է անջատվել մասը։ Եվ կուզենամ նաև հետաքրքրվել, Հովիկ Աղազարյանի մասով ասում էին, որ ամբողջ իշխանական խմբակցությունը իրար հերթ տալով ասում էին՝ պետական գաղտնիք է բացահայտել: Այդ պետական գաղտնիքի գործը ի՞նչ եղավ, պարզվեց, որ չէր բացահայտե՞լ»,- ասաց նա: Ի պատասխան՝ գլխավոր դատախազը նշեց. «Ես լիահույս եմ, որ Դուք միջնորդագրին ծանոթացել եք, և ես հատուկ նշեցի, որ այսօրվա նիստից հետո գործն ուղարկվում է դատարան։ Այսինքն՝ վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է: Ես ամբողջը հատ-հատ չներկայացրի, թե քանի փաստաթուղթ է զննվել, քանի հեռախոս է զննվել, քանի անձ է հարցաքննվել, քանի առերեսում է իրականացվել: Քանի որ մենք գործ ունենք բազմադրվագ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը և Ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։ Որպեսզի ձեզ մոտ շփոթ չառաջացնի մաս անջատելը, դա չի նշանակում, որ անձը փախել է կամ գտնվում է հետախուզման մեջ։ Մասն անջատվել է դատարան ուղարկելու համար մյուս մեղադրյալների հետ կապված: Ինչ վերաբերում է ձեր կողմից նշած մյուս բոլոր հարցերին, դրանք չեն վերաբերում միջնորդագրին, իսկ ես, որքանով գիտեմ, կանոնակարգ օրենքը մեզ պարտավորեցնում է բացառապես միջնորդագրի շրջանակում քննարկել: Ես որևէ պետական գաղտնիքի հետ կապված մեղադրանք չեմ ներկայացրել, ես երկու կաշառքի մեղադրանք եմ ներկայացրել»: Թագուհի Թովմասյանը կրկնեց իր կասկածը. «Ես ուզում եմ այնուամենայնիվ պնդել իմ ասածը, հավատարժան չէ, տիկին դատախազ, ես չեմ պատկերացնում, եթե Հովիկ Աղազարյանը շարունակեր մնալ ՔՊ խմբակցության կազմում, արդյո՞ք դուք կգայիք այստեղ նույն միջնորդությամբ»: Աննա Վարդապետյանը հավստիացրեց, որ բոլոր դեպքերում ինքը այս հարցով կմտներ ԱԺ. «Այո, կգայի։ Կգայի, քանի որ առանց դրա կստացվեր, որ մենք քննությունն արել ենք կիսատ և ոչ բոլոր անձանց ենք պատասխանատվության համար կանչել դատարան»: Նշենք, որ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովում է, ներկայացնում է անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ 2 դրվագով քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու և պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիրը: Հիշեցնենք, որ Աղազարյանը հեռացվել էր ՔՊ կուսակցությունից ըստ ՔՊ-ի՝ «պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով»: Այնուհետև Աղազարյանը հայտարարել էր, որ դուրս է գալիս ԱԺ ՔՊ խմբակցությունից:
12:11 - 26 մարտի, 2025
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. Ճարոյանը պատրաստվում է բողոքարկել
 |azatutyun.am|

Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը. Ճարոյանը պատրաստվում է բողոքարկել |azatutyun.am|

azatutyun.am: Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը՝ քրեական վարույթ հարուցել նամակագրության, հեռախոսային խոսկացությունների և հաղորդկացության այլ ձևերի գաղտնիությունը ապօրինի խախտվելու վերաբերյալ։ Հակակոռուպիցոն կոմիտեի քննիչն իր մերժման մեջ նշել է, թե փաստաբանի հաղորդման հիման վրա քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ «չի փաստվել այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»։ Ըստ քննիչի՝ քրեական վարույթ չնախաձեռնելու օրինականությունը հաստատվել է հսկող դատախազի կողմից։ Հովիկ Աղազարյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը քննիչի այս որոշումն աբուսուրդ է որակում և պատրաստվում է այն բողոքարկել։ «Ակնհայտ է, որ խախտումը կա, հեռախոսի մեջի խոսակցությունները քննիչի կողմից հայտնվել է մեկ այլ անձ մոտ՝ վարչապետ, ԱԱԾ, ՔՊ պատգամավորներ։ Դա օրենքի կոպիտ խախտում է, առավել ևս դա նախաքննական գաղտնիքի խախտում է։ Ամբողջ հանրապետությունն է խոսում էդ խախտումների մասին, ո՞նց չկա հիմք», - ասաց փաստաբանը։
17:12 - 21 դեկտեմբերի, 2024
Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին

Թագուհի Թովմասյանը Հովիկ Աղազարյանի հարցով դիմել է միջազգային կառույցներին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը կրկին գրություններ է ուղարկել իր միջազգային գործընկերներին և մի շարք միջազգային կազմակերպությունների` Հովիկ Աղազարյանի մասով: «Որպես Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Հայաստանի խորհրդարանի ներկայացուցիչ, իմ պարտքն եմ համարում անդրադառնալ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ կատարվածին: Ունենալով մարդկային, գաղափարական և քաղաքական ծայրահեղ հակասություններ նույն պատգամավորի հետ, այնուամենայնիվ, համարում եմ, որ մարդու անձնական հեռախոսազրույցները, նամակագրություններն առանձնացնելը և քաղաքական թիմի անդամներին դրանց ծանոթանալու հնարավորություն ընձեռելը, անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից, խիստ խնդրահարույց է և անընդունելի: Այդ արտահոսքը խախտում է ազգային օրենսդրությունը և միջազգային իրավունքի մի շարք նորմեր. 1. Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիր - 19482. Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագիր - 19663. Եվրոպական կոնվենցիա մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին - 19504. Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգ (GDPR) (2016/679) - 2016 ՀՀ Սահմանադրության 33 և 34-րդ հոդվածները հստակ սահմանում են, որ յուրաքանչյուր ոք ունի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունք: Առավել անընդունելի է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանին փոխկապակցված կայքում պատգամավորի սեռական կողմնորոշման մասին «բացահայտումներ են արվել»՝ նույն հեռախոսային տեղեկությունների հղումով:Աղազարյանի հետ կատարվածը վկայում է ոչ միայն այն մասին, որ խախտվել է նրա անձնական տվյալների պաշտպանության սկզբունքը, այլ նաև տպավորություն է, որ Կառավարության աշխատակազմից ուղղորդված թիրախավորման արշավ է սկսվել պատգամավորի դեմ: Իմ միջազգային գործընկերներից ու տարբեր կազմակերպություններից ակնկալում եմ համապատասխան արձագանք, քանի որ նախկինում իրավունքների ամենաչնչին ոտնհարման դեպքերով օտարերկրյա դեսպանները, տեսաուղերձով, նույնիսկ դատապարտում էին տեղի ունեցածը: Հիմա մի տեսակ լուռ են»,- Facebook-ում գրել է պատգամավորը։
10:37 - 17 դեկտեմբերի, 2024
Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել
 |azatutyun.am|

Հակակոռուպցիոն կոմիտեում Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել |azatutyun.am|

azatutyun.am: Հակակոռուպցիոն կոմիտեում պատգամավոր Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել, «Ազատության»-ը փոխանցեցին կոմիտեի լրատվականից։ Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի` պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու հոդվածով։ Օրեր առաջ Գլխավոր դատախազությունն էր դիմել Հակակոռուպցիոն կոմիտե, որ ուսումնասիրեն իշխանության ներկայացուցիչների հրապարակումները Հովիկ Աղազարյանի վերաբերյալ, թե պետական գաղտնի տեղեկության արտահոսք է պատգամավորը կազմակերպել։ Իշխող «Քաղքացիական պայմանագիրը» Հովիկ Աղազարյանին կուսակցությունից ու խմբակցությունից հեռացրեց այդ պատճառաբանությամբ, ինչպես նաև, որ նա խախտել է կուսակցական ու հանրային բարոյական նորմեր։ «Ազատության» հարցին, թե հիմք կա՞ր արդյոք գործ հարուցելու, Աղազարյանը խոստացավ պատասխանել ավելի ուշ՝ փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո։ Պատգամավոր Աղազարյանն այս պահի դրությամբ որևէ կարգավիճակ չունի։ Նրան մեղադրանք առաջադրելու համար Ազգային ժողովի քվերակությունն է անհրաժեշտ։ Գլխավոր դատախազը պետք է գա խորհրդարան ու ստանա մեծամասնության թույլտվությունը։
17:16 - 16 դեկտեմբերի, 2024
«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան
 |aravot.am|

«Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հեռացումը շատ տրամաբանական էր, հանրային մարդիկ պետք է բարոյական զսպվածություն ունենան»․ Պապոյան |aravot.am|

aravot.am: «Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի՝ ՔՊ-ից հեռացումը շատ տրամաբանական եմ համարում, եւ անթույլատրելի եմ համարում երկրին, պետությանը, ազգային անվտանգությանը վերաբերող տեղեկատվությունները, որոնց պաշտոնյան ի պաշտոնե տիրապետում է՝ հրապարակելը»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։ Հարցին, թե նորմա՞լ էր պատգամավորի հեռախոսի պարունակությունը ՔՊ վարչության նիստում հրապարակելը, Պապոյանը պատասխանեց․ «Ես կարծում եմ՝ բոլոր քաղաքական գործիչները, հանրային մարդիկ պետք է որոշակի զսպվածություն, այդ թվում բարոյական զսպվածություն պետք է պահեն։ Քաղաքականությունը նաեւ ենթադրում է լրացուցիչ պատասխանատվություն»։
14:04 - 12 դեկտեմբերի, 2024