Արման Բաբաջանյան

Արման Շամիրի Բաբաջանյանը (հունվարի 15, 1976Երևան), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման անկախ պատգամավոր է, անկուսակցական։

1993-1995թթ. սովորել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հոգեւոր ակադեմիայում: 1995թ. ավարտել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանը, 1998թ.՝ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանը: 2001թ.՝ Սանկտ Պետերբուրգի արտաքին տնտեսական կապերի, էկոնոմիկայի եւ իրավունքի ինստիտուտը: Իրավագետ: 2004թ.՝ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի (ԱՄՆ) արտաքին հարաբերությունների ֆակուլտետը: Միջազգայնագետ (մագիստրոսական աստիճան): 2005թ.՝ Ջորջթաունի համալսարանի (ԱՄՆ) Security Studies (SSP) դպրոցը: Կոնֆլիկտաբանության մագիստրոս:

Եղել է 1998թ.՝ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Կարեն Դեմիրճյանին սատարող երիտասարդական կազմակերպությունների համակարգողը, 
2003թ.՝ ՀՀ նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Ստեփան Դեմիրճյանի նախընտրական շտաբի պատասխանատուն Լոս Անջելեսում: 2003 թվականից ՝ «Ժամանակ» (Լոս Անջելես), 2006 թվականից՝  «Ժամանակ Երեւան», ապա «Ժամանակ» օրաթերթի հիմնադիր խմբագիր: 2004-2006թթ.՝ AMGA հեռուստաընկերության (ԱՄՆ) «Realpolitik» հաղորդաժամի հեղինակ: 2010-2019թթ.՝ «www.1in.am. Առաջին լրատվական» կայքէջի հիմնադիր խմբագիր:

2006 թ․ պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար դատապարտվել 4 տարվա ազատազրկման։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Լուսավոր Հայաստան» կուսակցության համապետական ցուցակով, սակայն 2019-ի սեպտեմբերի 6-ին հայտնել է, որ դուրս է գալիս ԼՀ խմբակցության կազմից։ Այժմ գործունեությունը շարունակում է որպես անկախ պատգամավոր։ 

ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

ԱԳ նախարարության շենքի մոտ կազմակերպվել է հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով |factor.am|

factor.am: ՀՀ ԱԳ նախարարության շենքի մոտ մի շարք քաղաքական և հասարակական ուժերի ներկայացուցիչներ կազմակերպել են հավաք՝ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին դադարեցնելու պահանջով: «Առնվազն հինգ պայմանագիր կարող եմ վկայաբերել, որոնք չեն գործում, բացառապես այն պատճառով, որ Ռուսաստանը հարկ չի համարում կատարել իր դաշնակցային պարտավորություննեը»,- իր ելույթում նշեց «Հանուն հանրապետության» կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը՝ թվարկելով, թե ինչ փոխգործակցության պայմանագրեր են կնքվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև։ Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալուն զուգահեռ անհրաժեշտ է այս պայմանագրերը գործարկելուն ուղղված քայլեր ձեռնարկել, միաժամանակ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների սկիզբ դնել այն երկրների հետ, ովքեր այս պահին ձեռք են մեկնել Հայաստանին և սպասում են պատասխանի։
17:57 - 26 սեպտեմբերի, 2022
 Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը․ Արման Բաբաջանյան

Ազատության հրապարակից մեկնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու պահանջով բողոքի ակցիա։ Ակցիայի ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն իր ելույթում ասաց, որ ակցիային ներկաները իջեցնեն բոլոր դրոշները՝ բացի ՀՀ դրոշից։խ. «Մենք այստեղ ենք մեր օրակարգով, մեր երկրի համար այս ճակատագրական, օրհասական ժամին՝ ի լուր աշխարհի, ի տես աշխարհի ապացուցելու, որ Հայաստանի քաղաքացին տեր է իր երկրին, տեր է այն ընտրությանը, որը ինքը կատարել է և այն ոտնձգությունը, որը կատարվել է իր երկրի նկատմամբ և որի թիրախը մեր երկրի սուվերենն է, մեր երկրի ժողովուրդն է, որևէ պարագայում չի կարող մեզ համար ընդունելի լինել»։ Բաբաջանյանն անդրադարձ կատարեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի հայտարարությանը՝ նշելով, որ ըստ էության նա առաջարկել է, որպեսզի Հայաստանը ներկայացնի այն կարիքները, որը ունի՝ պաշտպանելու երկրի սուվերենը, երկրի ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը և տարածքային ամբողջականությունը. «Այս առաջարկը հակոտնյա է՝ մեր անդամակցությանը ՀԱՊԿ-ի մեջ։ Մենք չենք կարող գտնվել ՀԱՊԿ՝ այսպես կոչված ռազմաքաղաքական դաշինքում, և նույնիսկ սկսել որևէ քննարկում ԱՄՆ-ի հետ։ Այն կարիքների շուրջ, այն անվտանգային կարիքների շուրջ, որը այս պահին օրհասական կարևորություն ունի, հետևաբար չափազանց կարևոր է, որպեսզի մենք գնահատենք այն ռիսկերը, որոնք առկա են երկու պարագայում էլ՝ ՀԱՊԿ-ում մնալու և դուրս գալու, երկու պարագաները կշռել և կայացնել ճշգրիտ որոշում»,- ասաց Բաբաջանյանը՝ համոզմունք հայտնելով, որ վերջին իրադարձությունները այլևս որևէ կասկած չեն թողել, որ Հայաստանը ժամ առաջ պետք է հայտարարի, որ կասեցնում է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ «Հայաստանը չի կարող պատանդառված մնալ ռուս- թուրք-ադրբեջանական այն համաձայնությանը, որի նպատակը ոչ թե ՀՀ տարածքն է, ոչ թե սահմանային այս կամ այն տարածքն է, այլ Հայաստանի պետականությունն է, Հայաստանի ժողովուրդն է, Հայաստանի սուվերենն է»,- շեշտեց Բաբաջանյանը՝ շարունակելով. «Դուք չեք պատկերացնում, թե ինչ սպասումներ ունեն մեր հայրենակիցները ՀՀ սահմանային բնակավայրերւմ։ Սահմանաին ապրող հայրենակիցները, որոնք սպասում էին այսօրվա կարևոր իրադարձություններին և  հատկապես սպասում էին այս հավաքին և այս հավաքի արդյունքում ամփոփվող այն հանրագումարին, այն պահանջին, որը բոլորս կիրականացնենք։ Սյունքիում, Վայոց ձորում, Գեղարքունիքում մարդիկ իրենց աչքի առաջ տեսել են, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի կատարում իր առջև դրված  կարևորագույն պարտականությունները։ Չի կատարում այն պարտականությունները, որը նա ստանձնել է 1997 թվականի «Բարեկամության և փոխօգնության» պայմանագրի դրույթներով։ Գնացեք կարդացեք 2022 թվականի փետրվարի 22-ին ՌԴ-ի և Ադրբեջանի մինչև ձեռք բերված, ստորագրված պայմանագիրը՝ ռազմավարական գործընկերության մասին։ Այդ պայմանագիրը «Շուշիի հռչակագրից» բխող համաձայնություն է ՀՀ-ն ոչնչացնելու մասին»,- հայտարարեց նա՝ նշելով, որ չենք կարող գտնվել մի ռազմավարական դաշինքում, որտեղ մենք դաշնակից չունենք, որտեղ մինչև հիմա գտնվում էինք, որովհետև Ռուսաստանն էր մեր դաշնակիցը, բայց հիմա համոզվել ենք, որ Ռուսաստանը ոչ միայն չի կատարում իր պարտականությունները, այլև հարձակումից ժամեր առաջ ազատում է այն հենակետերը, որոնք վերապահվել էին իրենց՝ պաշտպանության համար. «Կա՛մ Ռուսաստանը վերանայում է իր պարտականությունները՝ Հայաստանի առջև, որոնք պայմանագրի դրույթների համաձայն պարտավորվում է կատարել, կա՛մ Հայաստանը գնում է այն ճանապարհով, որը այս հավաքը և վստահ եմ, որ շատ ավելի մեծ զանգվածներ պահանջում են ՀՀ իշխանություններից; Այսօր Ռուսաստանը Հայաստանի առջև դրել է երկու ընտրություն՝ կա՛մ Ուկրաինա, կա՛մ Բելառուս։ Մենք այստեղ ենք՝ մերժելու ՌԴ որևէ առաջարկ և ցույց տալու, որ Հայաստանը ունի արժանապատիվ ճանապարհ՝ լուծելու իր անվտանգության կարիքները և պետքերը։ Այս շարժումը պետք է լինի համազգային, մենք պետք է խոնարհենք մեր բոլոր կուսակցական դրոշները և բարձրացնենք միայն ՀՀ դրոշը։ Այս շարժմանը պետք է միանան բոլորը ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում։ Արցախը պետք  է իմանա, որ իր գոյությունը կախված է հզոր և բարգավաճ Հայաստանից։ Հայաստանը կարող է տնտեսապես, ռազմական առումով պաշտպանված լինի, եթե այս պահին կատարի այն վճռական քայլերը, որոնք պահանջվում է ՀՀ իշխանությունից։ Չկա Արցախը հայկական պահելու այլ ճանապարհ, քան այսօր, այստեղ Հայաստանի հզորության, հարատևության համար որոշում կայացնելը և դրանք տեր կանգնելը։ Մենք պետք է այստեղ երդվենք, որ ինչ սադրանքի ենթարկեն այս շարժումը պետք է աներեր և անսասան մնա մեր մտադրության և մեր պայքարի մեջ։ Նրանք, ովքեր կոտնձգեն ժողովրդի իշխանության դեմ, ովքեր կփորձեն ներքաղաքական սադրանքներ, մանիպուլյացիաներ իրականացնել՝ խաղալով մեր ժողովդրի նյարդերի զգացումների հետ, մենք պետք  է փորձենք նրանց արժանի պատասխան տալ։ Կեցցեք ազատ, անկախ և հարատև Հայաստանը։ Եզրափակելով ելույթը՝ Բաբաջանյանը հայտարարեց. «Փառք այն հզոր տղերքին, որոնք իրենց կյանքը նվիրաբերեցին մեր երկրի ինքնիշխանության, ժողովրդավարության, պետականության համար։ Փառք նրանք, ովքեր հիմա կանգնած են սահմանին և իրենց ներկայությամբ, ուժով, նպատակասլացությամբ պաշտպանում են մեզ, մեր երկրի սուվերենությունը, հայ ժողովրդի և Հայաստանի հարատևությունը»։
15:49 - 18 սեպտեմբերի, 2022
Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Ի՞նչ էին մտածում ՔՊ-ում անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու մասին․ տեղեկանք Արսեն Թորոսյանի համար

Հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի ժամանակ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, արձագանքելով հարցազրուցավարի դիտարկմանը, որ իրավապաշտպանները պահանջում են իրավական եւ քաղաքական գնահատական տալ անցյալին, ինչն այդպես էլ չի տրվել մինչ օրս, հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական․  «Ի՞նչ ա նշանակում իրավական եւ քաղաքական գնահատական։ Ես, անկեղծ ասած, ապշում եմ, արդեն չորս տարի ա՝ լսում եմ էդ բառակապակցությունները՝ իրավական եւ քաղաքական գնահատական։ Ի՞նչ ա, օրենք ընդունենք ինչի՞ մասին, որ ՀՀ-ում օրենքները մինչեւ էդ խախտվել են, որ ժողովրդավարությունը մինչեւ էդ լավ չի եղել, որ ընտրությունները կեղծվել ե՞ն։ Դրա լավագույն գնահատականը եղել ա ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը՝ դրան հաջորդող ընտրական ազատ եւ արդար պրոցեսներով, առնվազն երկու [խորհրդարանական] ընտրություն ենք ունեցել 2018, 2021թթ․, եւ բազմաթիվ ՏԻՄ ընտրություններ, երբ նույնիսկ մեր ընդդիմադիրները հաղթել են մեզ, եւ մենք ճանաչել ենք այդ արդյունքները, որովհետեւ այդ արժեքները մեզ համար առավել կարեւոր են, քան իշխանությունն ինքնին։ Ես կարծում եմ, որ մեր իրավապաշտպան կազմակերպությունները պետք է մի քիչ ավելի բովանդակային մոտենան, թե էսօր կոնկրետ ինչ պրոբլեմ ունենք եւ ինչպես դա կարելի ա լուծել»,- ասել է Արսեն Թորոսյանը։ 2018թ․ ապրիլյան իրադարձությունների ժամանակ եւ դրանից հետո մի տեւական ընթացք ամենօրյա ռեժիմով խոսվում էր տարբեր ոլորտներում բարեփոխումների մասին։ Մատնացույց էին արվում իրավական, դատական համակարգերում, պետական կառավարման ապարատում առկա խնդիրները, որոնք խորն էին այնքան, որ հաճախ էր հնչում միտքը, որ մեկ-երկու տարում դրանք հիմնովին լուծելը շատ բարդ է։ Բարեփոխումների մասին խոսելուն, դրանց վերաբերյալ որոշակի քայլեր ձեռնարկելուն զուգընթաց քննարկվում էր նաեւ անցյալին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության հարցը։ Դրա մասին խոսում էին ե՛ւ քաղաքական գործիչները, ե՛ւ իրավապաշտպան կառույցները՝ շեշտելով, որ այդ գնահատականը կարեւոր է հատկապես ապագայի համար, որ այլեւս չլինի մի իշխանություն, որը մտքի ծայրով կանցկացնի ապօրինություններ անել, իրավունքներ եւ օրենքներ ոտնահարել։ Ընդ որում՝ այդ օրակարգը սկզնաբական շրջանում խորթ չէր նաեւ կառավարող ուժի՝ Նիկոլ Փաշինյանի թիմի համար․ նրա տարբեր ներկայացուցիչներ մասնակի կամ ամբողջական անդրադարձեր ունեցել են այդ հարցին, մենք այս հոդվածում մի քանի օրինակներ կներկայացնենք։  Ինչպե՞ս գնահատական տալ անցյալին․ անվերջ քննարկումներ Այսպես, անդրադառնալով նախկինում հնչած տեսակետներին․ 2019 թվականի մայիսին Հայաստանի խորհրդարանում այդ ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով լսումներ կազմակերպվեցին։ Միրզոյանն այս թեմայով իր ծավալուն ելույթում, խոսելով հանրային համերաշխության մասին, ասել էր․ «Համաձայնեք՝ մենք չենք կարող, օրինակ, գործող դատարանների միջոցով գործեր հարուցել եւ դատապարտել տասնյակ հազարավոր քաղաքացիների, ովքեր մասնակցություն են ունեցել, ենթադրենք, ընտրական խախտումների եւ ընտրական գործընթացների վրա ապօրինի ազդեցությունների: Մենք չենք կարող տասնյակ հազարավոր քաղաքացիների, այդ թվում՝ ուսուցիչների, ՏԻՄ-երի, բոլորիս տարբեր ազգականների դատապարտել, բայց մենք գուցե կարիք ունենք տալու այդ գնահատականը, արձանագրել եւ հավաստիացնել եւս մեկ անգամ, որ այլեւս երբեք Հայաստանի Հանրապետությունում այդպիսի բան տեղի ունենալ չի կարող»:  Իսկ մասնավորապես անցած իրադարձությունների իրավաքաղաքական գնահատականի առնչությամբ Միրզոյանը հարց էր հնչեցրել․ «Մենք պետք է հասկանանք՝ կա՞ արդյոք դրա անհրաժեշտությունը, թե՝ ոչ: Գուցե կա՞, ժամանա՞կն է արդյոք, թե՞ պետք է սպասել եւս 20 տարի»: Քննարկում Հանրային հեռուստաընկերության եթերում՝ արդարադատության փոխնախարարի մասնակցությամբ 2019 թվականի հուլիսին Հանրային հեռուստաընկերության եթերում քննարկվում էր նախկին իրավաքաղաքական համակարգին գնահատական տալու հարցը։ Այդ հաղորդմանը մասնակցում էր նաեւ այդ ժամանակ արդարադատության փոխնախարար, այժմ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։ Այդ քննարկումը նույնիսկ տեղադրված է Արդարադատության նախարարության պաշտոնական կայքում՝ «Հանրային քննարկում. ի՞նչ գնահատական տալ նախկին իրավաքաղաքական համակարգին» վերնագրով։ Հաղորդման ժամանակ քննարկվում էին դատաիրավական համակարգում առկա խնդիրները, դրանց լուծման տարբերակները, դրանց գնահատական տալու հարցը, եւ այլն։ Նույն այդ ամսում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ որպես պետություն անցյալին քաղաքական գնահատական տալու հարցը քննարկման փուլում է․ «Երբ այդ քննարկումները կավարտվեն եւ դրանց արդյունքում կհանգենք, որ մենք ունենք մի տեքստ, որի շուրջ ունենք կոնսենսուս թե՛ խմբակցության ներսում, թե՛ մյուս խմբակցությունների հետ, արդեն ավելի հրապարակային ձեռնամուխ կլինենք այդ գործընթացին»,- մասնավորապես նշել էր Ջուլհակյանը՝ իր կարծիքը հայտնելով, որ նախկինում մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ։Պատգամավորը կարծում էր՝ «պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը» Մեկ այլ հարցազրույցում Արուսյակ Ջուլհակյանը նշել էր, որ իրենց խմբակցության պատգամավորներից շատերը, նաեւ վարչապետ Փաշինյանը այդ քաղաքական գնահատականը բազմիցս տվել են, այդ թվում՝ Մարտի 1-ի տասը տարվա կապակցությամբ խմբակցության տարածած հայտարարություն մեջ․ «Առանձին պատգամավորներ էլ հայտարարել են, որ մենք գործ ենք ունեցել պետության զավթման հետ, բայց միեւնույն ժամանակ հասկանում ենք, որ մեզ ներկայացվող պահանջը ոչ թե առանձին պատգամավորների մակարդակով է, այլ պետական ինստիտուտների։ Պահանջ է, որ հենց խորհրդարանը տա քաղաքական գնահատականը»,- ասել էր պատգամավորը՝ հավելելով, որ այդ ամիսների քննարկումների արդյունքում եկել էին այն եզրահանգման, որ անցյալին գնահատական տալու համար ավելի ճիշտ կլինի ստեղծել առանձին հանձնաժողով, որը կկազմվի ԱԺ-ի կամ մի քանի մարմինների կողմից եւ կունենա բարձր լեգիտիմություն՝ այն առումով, որ տարբեր խմբերի մոտ անկողմնակալ ու օբյեկտիվ կընկալվի, եւ հետագայում իր պատրաստած զեկույցն ու գնահատականը հանրության լայն շերտերի մոտ կունենան վստահություն ու համաձայնություն։ Այդ հանձնաժողովի մասին դեռ կհիշատակենք։ Փաշինյանի հրապարակած «հանրաքվեի հռչակագիրը», որով պետք է քաղաքական գնահատական տրվեր անցյալին 2020թ․ մարտին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներից մեկում հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն շատ լավ առիթ է, որ բացի բուն հանրաքվեի դրվող տեքստից՝ նկարագրեն նաեւ տեղի ունեցող գործընթացի քաղաքական կոնտեքստը։ Այդ առիթով ստեղծել էին 2020թ․ ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագիր, որով ոչ միայն Սահմանադրության փոփոխություն տեղի կունենար, այլեւ կտրվեր, Փաշինյանի խոսքով, «նախնական ընդհանուր գծերով քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած պրոցեսներին», փորձ կարվեր ախտորոշել՝ ամենաբարդ եւ մեծ խնդիրը որն է եղել, որը նաեւ հիմք կդառնար համազգային պայմանավորվածության, որ դա այլեւս երբեք չի կրկնվի։  Ավելի ուշ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր այդ հռչակագրի նախագծի տեքստը, որտեղ, ի թիվս այլնի, արձանագրված էր, որ 1995 թվականից մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը տեղի ունեցած համապետական ընտրությունների արդյունքները կեղծվել են, Հայաստանում սկսել է ձեւավորվել կոռուպցիոն համակարգ, որը վերաճել է համակարգային կոռուպցիայի, նախագահական, օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները, ներառյալ Սահմանադրական դատարանը, մեծ մասամբ սպասարկել են անձնային, խմբային շահեր՝ հետին պլան մղելով Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի ազգային եւ պետական շահերը, բազմաթիվ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են հսկայածավալ ապօրինի հարստություն, եւ այլն։  Հանրաքվեն, ինչպես հայտնի է, տեղի չունեցավ, իսկ քաղաքական գնահատական չտրվեց, համենայն դեպս, հռչակագրի նախագծից անդին։ Փաստահավաք հանձնաժողովի մասին Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծը Որոշ ժամանակ անց՝ 2020թ․-ի մայիսին, ՀՀ արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Հայաստանի Հանրապետության փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի եւ հարակից օրենքների մասին նախագծերի փաթեթը։ Նախագծերով սահմանվում էին 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած՝ մարդու իրավունքների զանգվածային եւ պարբերական խախտումների դեպքերը եւ դրանց պատճառներն ուսումնասիրելու, դրանց վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու եւ դրանց կրկնության բացառմանն ուղղված առաջարկություններով հանդես գալու իրավասությամբ օժտված` Հայաստանի Հանրապետությունում փաստահավաք հանձնաժողովի կազմավորման եւ գործունեության, իրավասության շրջանակի, լիազորությունների, անդամներին ներկայացվող պահանջների եւ գործունեության հետ կապված այլ հարաբերությունները։  Նախագծի հիմնավորման մեջ նշված էր, որ 1991 թվականի սեպտեմբերից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունեցել մարդու իրավունքների զանգվածային խախտումներ՝ զուգակցված երկրում համակարգային եւ քաղաքական կոռուպցիայի երեւույթների կայուն առկայությամբ, որպիսի հանգամանքն ընդգծվել է մի շարք միջազգային զեկույցներում․ «2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները հետեւանք էին այս երեւույթների արդյունքում հասարակության մեջ կուտակված անարդարության զգացման, որը կարող է հաղթահարված համարվել միայն իրավունքների խախտման վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու, տուժողների խախտված իրավունքները, հնարավորինս վերականգնելու, անցյալին գնահատական տալու եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարելու [միջոցով], որպեսզի բացառվի հետագայում որեւէ իրավիճակում նման երեւույթների կրկնությունը»,- շեշտված էր նախագծում: Հիմնավորման մեջ ասված էր, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ին հաստատված դատական եւ իրավական բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրվել էր անցումային արդարադատության գործիքներ կիրառելու անհրաժեշտությունը: Այդպիսի տարածված գործիք, ըստ նախարարության, հենց Փաստահավաք հանձնաժողովն էր՝ միջազգային պրակտիկայում ընդունված որպես ճշմարտության, որոշ դեպքերում նաեւ՝ հաշտեցման հանձնաժողովը (այս հոդվածում չենք անդրադառնա, թե ինչպես մոռացության մատնվեցին նաեւ ի սկզբանե նախանշված անցումային արդարադատությունը եւ հեղափոխական օրակարագի մյուս կարեւոր հարցերը)։ Թեեւ անցումային արդարադատության շրջանակներում այս հանձնաժողովը պիտի որ անկյունաքարային նշանակություն ունենար, սակայն դրա կյանքի կոչումը մինչ օրս չի եղել, իսկ դրա շրջանակներում, բնականաբար, քաղաքական գնահատական էլ չի տրվել։ Իրավապաշտպանները պնդում էին անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին Արդեն 2020թ․ հունիսին մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ անհապաղ քաղաքական գնահատական տալ անցյալի խախտումներին եւ համակարգային փոփոխություններ իրականացնել։ Նրանք նշել էին, որ Ազգային ժողովում բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժն իր ջանքերն ուղղում է կարճաժամկետ քայլերի վրա՝ ամիսներ շարունակ հապաղելով արմատական լուծում տալ ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման համար այնպիսի հրատապ ու կենսական խնդիրներին, ինչպիսիք են Սահմանադրական դատարանի շուրջ եւ ողջ դատական համակարգում ստեղծված ճգնաժամը, ինչը կարող էր վերաճել լրջագույն քաղաքական ճգնաժամի։  Միայն քաղաքական մեծամասնության ներկայացուցիչներն ու իրավապաշտպանները չէ, որ խոսում էին իրավաքաղաքական գնահատական տալու անհրաժեշտության մասին։ Նրանց թվում էին նաեւ հանրային ու քաղաքական այլ գործիչներ։  Այսպիսով, Արսեն Թորոսյանը, որը 2018 թվականի իշխանափոխությունից հետո նոր ձեւավորված կառավարության անդամ էր՝ առողջապահության նախարարը, այդ իրադարձություններից տարիներ անց հարց է հնչեցնում՝ ի՞նչ է նշանակում իրավաքաղաքական գնահատական, օրե՞նք պիտի ընդունվի, ինչի՞ մասին։ Սա այն պարագայում, երբ այն քաղաքական թիմը, որի ներկայացուցիչն է ինքը, առնվազն նախաձեռնել է գործընթացներ, որոնք ենթադրել են նաեւ անցյալին քաղաքական գնահատական տալ հստակ եղանակով, եւ ոչ միայն առանձին հայտարարությունների տեսքով։ Ընդ որում՝ այդ նախաձեռնությունները չեն եղել, օրինակ, անհատ պատգամավորների մակարդակով, այլ կառավարության ղեկավարի, ԱԺ նախագահի, արդարադատության նախարարի։ Որքան էլ իշխող մեծամասնության ներկայացուցիչներն իրենց տարբեր ելույթներում գնահատականներ հնչեցրել են անցյալի իրադարձությունների վերաբերյալ, ընդ որում՝ շատ հաճախ բավականին սուր ձեւակերպումներով, այդուհանդերձ ինչ-որ փուլում կարեւորվել է հենց քաղաքական ավելի ծանրակշիռ հայտարարության ընդունումը՝ խորհրդարանի մակարդակով։ Այլ են հարցերը, թե ինչու այդ գործընթացը տրամաբանական կետին չհասավ, կամ արդյոք հիմա ժամանակավրեպ չէ այս խոսակցությունը, սակայն հարկ է նկատել, որ Արսեն Թորոսյանի համար անհասկանալի է մի գործընթաց, որի կարեւորությունը ժամանակին շեշտել են իր քաղաքական ղեկավարն ու թիմակիցները։ Լուսանկարը՝ parliamentmonitoring.am կայքից Հայարփի Բաղդասարյան
12:30 - 27 ապրիլի, 2022
Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

Կուզեի, որ Ուկրաինայի հարցով մենք մնայինք չեզոքության մեջ․ Արման Բաբաջանյան |factor.am|

factor.am: Չափազանց կարևոր է, որ մենք կարողանանք միակամություն դրսևորել և Ուկրաինայի հարցում ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշումը քաղաքական բոլոր մասնակիցների համար դարձնենք որպես միակ ընդունելին։ «Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի» կազմակերպած «Ուկրաինական ճգնաժամ․ ինչպե՞ս պետք է դիրքավորվի Հայաստանը» քննարկմանն անդրադառալով Ռուսաստանի կողմից այսօր Ուկրաինայի վրա հարձակմանը՝ ասաց «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջայանը։ «Այդպես այս արտակարգ պայմաններում կկարողանանք միջազգային հանրությանը ցույց տալ, որ մեր երկրի առջև ծառացած խնդիրների, մարտահրավերների պայմաներում ունենք ներքին անհրաժեշտ դիմադրողունակություն։ Արտաքին սպառնալիքների հարցում այն տրոհումները, որ վերջին տարիներին, ամիսներին կան, որոնց ականատեսն ենք, այլևս պետք է մի կողմ դրվեն»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում չափազանց կարևոր են այն ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս Ադրբեջանից և Թուրքիայից։ «Դրանք կարող են էապես նվազել, եթե մենք կարողանանք հաջողել այսօր Վիեննայում սպասվող հատուկ բանագնացների բանակցություններում»,- ասաց նա։ Բաբաջանյանը նաև նշեց, որ այլևս ավելորդ է խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենսունակության մասին։ «Չկա ԵԱՀԿ Մինսկի խումբը, և այս իմաստով մենք պետք է հասկանանք, որ Արևմուտքի և Ռուսաստանի դիակայությունում ինչ նոր հարթակներ կարող են ի հայտ գալ միջնաժամկետ հեռանկարում, որտեղ Արևմուտքը, Ռուսաստանը, գուցե տարածաշրջանային այլ երկրներ իրենց մասնակցությամբ կկարողանան տևական խաղաղություն բերել տարածաշրջանում և լուծում բերել ԼՂ հիմնախնդրին ու ՀՀ-ի առջև ծառացած անվտանգային խնդիրներին»,- նշեց նա։ Արման Բաբաջանյանը նաև նկատեց, որ չենք կարող ասել՝ Երևանն ունի հստակ քաղաքականություն Ուկրաինայի հարցում․ «Կուզեի, որ ԱԳՆ-ի հայտարարությունը լիներ ուղենիշային, և մենք մնայինք այդ չեզոքության մեջ և չեզոք դիրքերից հետևեինք զարգացումներին»։
17:26 - 24 փետրվարի, 2022
Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացել է «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը

Կայացավ «Հանուն Հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը։ Այս մասին գրառում է կատարել կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը։ Ավելի վաղ կուսակցության գրասենյակը հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ քննարկումների առանցքում են լինելու հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո կուսակցության առաքելությունը, առաջիկա ՏԻՄ ընտրություններում կուսակցության մասնակցության հարցը, ինչպես նաև ներկուսակցական հարցեր։ Արտահերթ համագումարի նպատակներից է նաև կուսակցության անցած 11 ամիսների գործունեության ամփոփումը։ Կուսակցության գրասենյակից հայտնել էին նաև, որ արտահերթ համագումարի ընթացքում կհաստատվի կուսակցության բնականոն գործունեության համար անհրաժեշտ կանոնադրական փոփոխությունների նախագիծը, համագումարը կընտրի նոր ղեկավար մարմին։
17:23 - 14 օգոստոսի, 2021
Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Այս ՍԴ-ի նկատմամբ չկա վստահություն․ «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հավաք է անցկացնում ՍԴ-ի դիմաց

Սահմանադրական դատարանում մեկնարկել է  խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Նիստին զուգահեռ ՍԴ-ի առջև հավաք է անցկացնում «Հանուն Հանարապետության» կուսակցությունը։ «Հանուն Հանրապետություն» կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչ Արման Բաբաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՍԴ ներկայացված դիմումներում անհեթեթ հիմնավորումներ են բերված։ «Այս Սահմանադրական դատարանի նկատմամբ չկա վստահություն, որովհետև մի անգամ այս Սահմանդրական դատարանը Քոչարյանին մարտի 1-ի գործով պատասխանատվությունից է ազատել»։ Բաբաջանյանն ընդգծեց, որ իրենց այս հավաքը արվել է ի պաշտպանություն ժողովրդավարության։ «Թեև ընտրությունների արդյունքները և քաղաքական նոր ձևավորված միջավայրը մեզ համար անընդունելի է, բայց սա ժողովրդի կամքն է, ժողովրդի ազատ կամարտահայտության արդյունքն է, և մենք պահանջում ենք նաև դատարանի, նաև քաղաքական մյուս սուբյեկտներին հարգել այս արդյունքը և երկիրը անընդհատ ցնցումների և լարումների մեջ չպահել»։ Հիշեցնենք, որ «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքները, «Հայոց Հայրենիք» և «Զարթոնք» կուսակցությունները Սահամանդրական դատարան են ներկայացրել ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումներ։ ՍԴ-ն որոշել է միավորել դիմումները, և դրանք քննել այսօրվա նիստի ընթացքում։
11:49 - 09 հուլիսի, 2021
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը պատրաստ է համագործակցել իշխանության հետ՝ ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում

«Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը: ««Հանուն Հանրապետության» կուսակցությունը, Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելով «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք» կուսակցությունների դաշինքի կազմում չհաղթահարեց ընտրական շեմը և ներկայացված չի լինի նորընտիր խորհրդարանում։ Միևնույն ժամանակ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն արձանագրում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվել են ազատության, արդարության և թափանցիկության պայմաններում՝ ապահովել լեգիտիմ իշխանության ձևավորումը։   Այդուհանդերձ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ բացարձակ մեծամասնություն ստացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում ներկայացված միակ ռեֆորմիստական քաղաքական ուժն է, մինչդեռ խորհրդարանական մյուս երկու ուժերն ամենևին միտված չեն ժողովրդավարական և իրավական բարեփոխումներին և իրենց շահը տեսնում են Հայաստանի մոդեռնիզացումն ամեն կերպ խոչընդոտելու, հետխորհրդային ավտորիտար, քրեաօլիգարխիկ համակարգի վերականգնման մեջ։   Ստեղծված իրավիճակում մեծ է վտանգը, որ խորհրդարանը, երկրի զարգացման, դատաիրավական, ռազմական, տնտեսական և սոցիալ-մշակութային բարեփոխումների համալիր քննարկման և քաղաքական որոշումների կայացման ինստիտուցիոնալ հարթակ լինելու փոխարեն, դառնալու է անձնական թիրախավորման, պիտակավորման, հանրության զգալի սեգմենտին թյուրիմացության մեջ պահելու, անձնական բնույթի բախումներ հրահրելու, թանկարժեք ժամանակն անպտուղ վատնելու վայրի՝ նպաստելով սողացող հետադիմության ռևանշիստական նկրտումներին։   Հայաստանի Հանրապետությունը, ընկղմված լինելով ներքին և արտաքին վտանգավոր մարտահրավերների խոր հորձանուտում, չունի ժամանակ և ռեսուրս բարեփոխման և արդիականացման օրակարգն իրագործելու հնարավորությունը մսխելու համար։ Հետևաբար, նորընտիր իշխանությունը որևէ կերպ չպետք է տուրք տա խորհրդարանական ընդդիմության կարգավիճակում հայտնված հետադիմական ուժերի նկրտումներին և բարեփոխումները վիժեցնելուն ուղղված սաբոտաժին և պետք է օր առաջ ձևավորի արտախորհրդարանական առողջ ուժերի հետ համագործակցության գործուն ձևաչափեր երկրի վերափոխմանն և արդիականացմանն ուղղված բարեփոխումների շուրջ հասարակական-քաղաքական կոնսենսուս ձևավորելու համար։   Երկրում ժողովրդավարության անշրջելիության ինստիտուցիոնալ երաշխիքների ձեւավորմանը՝ դատա-իրավական ոլորտի, իրավապահ մարմինների, հատուկ ծառայությունների, դիվանագիտական գերատեսչության, ողջ պետական ապարատի լայնածավալ եւ արմատական բարեփոխումների իրականացմանը, սոցիալ-տնտեսական և ռազմա-քաղաքական արդիականացմանը նպաստելու նպատակով «Հանուն Հանրապետության» կուսակցությունը հայտարարում է, որ՝   - պատրաստ է համագործակցել գործող իշխանության համատեղ ուժերով ձևավորվելիք ինստիտուցիոնալ հարթակի շրջանակում.   - ունի անհրաժեշտ գիտելիքներն ու փորձը՝ մասնագիտական և փորձագիտական ներուժը Հայաստանում դատաիրավական բարեփոխումների և սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն աջակցելու նպատակով.   - համագործակցելով Հայաստանում դատա-իրավական բարեփոխումների ջատագով իրավաբանների հետ՝ սկսում է դատաիրավական խորքային բարեփոխումների ծրագրի մշակումը՝ այն գործող իշխանության և փորձագիտական հանրույթի քննարկմանը դնելու նպատակով։   «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, հավատարիմ մնալով ժողովրդավարական և իրավական պետության կերտման օրակարգի իրացման գործում, առաջարկում է մեկնարկել խորհրդակցություններ առողջ և կառուցողական քաղաքական միավորների հետ ժողովրդավարական և հայաստանակենտրոն համախմբում իրականացնելու նպատակով»,- ասված է «Հանուն հանրապետության» կուսակցության հայտարարության մեջ:
13:41 - 24 հունիսի, 2021
Պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ

Պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի վրա կրակոց արձակելու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես  արդեն տեղեկացրել էինք, 2021 թ. հունիսի 20-ին` ժամը 02:00-ից 10:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը իր մոտ ապօրինի կերպով պահվող հրազենից կրակոց է արձակել Երևան քաղաքի Նորք-Մարաշ  փողոցում կայանված, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանին պատկանող «Լենդ քրաուզեր պրադո» մակնիշի ատոմեքենայի վրա` պատճառելով գույքային վնաս: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով: Նկատի ունենալով, որ Արման Բաբաջանյանի նկատմամբ ոտնձգությունը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների օրը, ուստի անհայտ անձի կողմից քաղաքական գործչի՝ վերջինիս գործունեությունը դիտավորությամբ դադարեցնելու նպատակով իրականացված առերևույթ ոտնձգության վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 34-305-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է ևս մեկ քրեական գործ: 2021 թ. հունիսի 22-ին որոշում է կայացվել քրեական գործերը միացնելու և մեկ  վարույթում շարունակելու վերաբերյալ: Վերոնշյալ հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Երևան քաղաքի 44-ամյա բնակիչը: Նախաքննությունը շարունակվում է:
14:53 - 23 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ: Նիկոլ Փաշինյան - Հարգելի պարոն Բաբաջանյան, ուրախ եմ Ձեզ տեսնելու համար և ափսոսում եմ, որ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը չհաղթահարեց խորհրդարան անցնելու անհրաժեշտ շեմը: Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում: Արման Բաբաջանյան - Պարոն վարչապետ, նախ թույլ տվեք շնորհավորել մեր երկրի այս ճակատագրական և բախտորոշ ժամանակահատվածում այսպիսի ազատ, արդար ընտրություններ կազմակերպելու, այս ընտրություններով մեր երկրում ժողովրդավարությունը և ժողովրդավարական գործընթացներն անշրջելի դարձնելու համար: Այս ընտրություններում Ձեր հաղթանակը անքննելի և անվիճելի է, և այս իմաստով ժողովրդի իշխանությունը պաշտպանելու գործում մենք անմնացորդ կերպով պատրաստ ենք սատար լինել Ձեր ձեռնարկումներին: Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության: Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր:
18:18 - 22 հունիսի, 2021
Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Ապահովվեց քվեարկության ազատությունը. կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ. Արման Բաբաջանյան

Հայաստանում անցկացվեց ժողովրդավարական ընտրություն, որտեղ ապահովվեց քվեարկության ազատությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ նշելով, որ դատելով սրանից,  հետընտրական զարգացումներով արդյունքի վերանայման որևէ փորձ կլինի ոտնձգություն Հայաստանի կայունության, պետական վերականգնման հրամայականի, հասարակական համերաշխության դեմ, այլ կերպ ասած՝ կլինի ներքին գրոհ Հայաստանի դեմ: «Անձնապես ինձ համար Ազգային ժողովի՝ նախօրեին կայացած ընտրությունը ավարտ չէ, այլ սկիզբ: Կարևոր է հանդարտ, սառը գնահատել իրավիճակը և պատրաստվել համառ ու հետևողական աշխատանքի, որովհետև քաղաքականությունը չի լինում այլ կերպ, քաղաքականությունը չի կարող լինել երաշխավորված հաջողությունների շղթա, հետևաբար դրանում հաջողություն չի կարող լինել այն ուժի համար, որը պատրաստ չէ անհաջողության ու դրանից համարժեք եզրահանգումների: Այսու, Շնորհակալություն Քրիստոնեա-ժողովրդավարակա կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանին համատեղ անցած ճանապարհի համար: Շնորհակալություն կուսակից գործընկերներիս՝ անձնվեր ու անվերապահ օրնիբուն աշխատանքի համար: Շնորհակալ եմ մեր օգտին քվեարկած բոլոր հայրենակիցներին՝ այս դժվար և բարդ ժամանակահատվածում ժողորդավարների մեր դաշինքին աջակցելու համար: Անվիճելի հաղթանակի և համազգային արհարվիրքից հետո Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս: Բարի երթ բոլորիս»: Հիշեցնենք,  «Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ը հավաքել է  1.50 %՝ 19.142 ձայն:
11:28 - 21 հունիսի, 2021
Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

Արման Բաբաջանյանը հնարավոր վարկած առաջ քաշեց իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ |armenpress.am|

armenpress.am:  «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանն՝ իր մեքենայի վրա կրակելու առնչությամբ հնարավոր վարկած առաջ քաշեց: Այս մասին Բաբաջանյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: «Նախօրեին Լևոն Շիրինյանը զանգ է ստացել արտերկրից, որի ժամանակ նշել են, որ այստեղ ձևավորվել է զինված մի խմբավորում, որը թիրախավորել է մեր դաշինքի առաջին եռյակին: Չի բացառվում, որ այդ կրակոցը նախազգուշական է: Մենք աննկուն ենք, մեր կամքը հնարավոր չի որևէ կերպ բեկել: Շարունակում ենք մեր աշխատանքը, հորդորում ենք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանք անվարան կերպով մասնակցեն ընտրություններին»,- նշեց Բաբաջանյանը: Անդրադառնալով տեղեկությանը, որ իր անունից հաղորդագրություն էր տարածվել, թե մեքենայի վրա կրակողն իրենց դաշինքից է, Բաբաջանյանը կեղծիք և սուտ որակեց այդ ամենը: «Հանցագործը դեռ չի հայտնաբերվել, մեքենաս էլ այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում: Այս պահին դեռ աշխատանքներ են տարվում»,- նշեց դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորողը:
14:00 - 20 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: «Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը: Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:  
18:11 - 17 հունիսի, 2021
«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում |armenpress.am|

armenpress.am: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին: Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի: «Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը: Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են: Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:  
18:11 - 17 հունիսի, 2021