ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը
15:21 - 10 ապրիլի, 2023

ՀԾԿՀ-ն մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մերժել է «ՄՏՍ Հայաստան»-ի վաճառքի համաձայնության տրամադրումը։

ԲՏԱ նախարարությունը` որպես իրավասու մարմին, առարկել է գործարքի կնքումը՝ հաշվի առնելով, որ այն վնասում է կամ կարող է վնասել ազգային անվտանգությանը կամ պետական շահերին։

««ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել Ընկերության նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու հայտ, որի համաձայն՝ «Ֆեդիլքո Գրոպ Լիմիթիդ» ընկերությունը (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ցանկանում է «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) ձեռք բերել վերջինիս պատկանող' Ընկերության միակ բաժնետեր հանդիսացող «ԱՐԱՄԱՅՈ ԻՆՎԵՍԹՄԵՆԹՍ ԼԻՄԻԹԵԴ» ընկերության (Կիպրոսի Հանրապետության օրենքների համաձայն գրանցված ընկերություն) բաժնետոմսերի 100 տոկոսը: Հաշվի առնելով, որ «ԱԼԼԵԳՐԵՏՏՈ ՀՈԼԴԻՆԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն իր հերթին պատկանում է ռոսաստանյան հեռահաղորդակցության օպերատոր «Մոբիլնիե Տելեսիստեմի» հանրային բաժնետիրական ընկերությանը (Ռուսաստանի Դաշնության օրենքների համաձայն գրանցված ընկերություն), նշված գործարքի կնքման արդյունքում Ընկերությունն այլևս չի հանդիսանա «ՄՏՍ խմբի» մասնակից։․․․ ԲՏԱ նախարարությունը հարցը քննարկել է ՀՀ շահագրգիռ մարմինների հետ, իրեն վերապահված իրավասությունների սահմաններում, հիմք ընդունելով Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթները, առարկել է գործարքի կայացմանը։

Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործարքի համաձայնեցումը կարող է մերժվել, եթե իրավասու մարմնի գնահատմամբ՝ վնասում կամ կարող է վնասել ազգային անվտանգությունը կամ պետական շահերը․․․»,- նշված է ՀԾԿՀ որոշման մեջ։ 

Հիշեցնենք, որ «ՄՏՍ Հայաստան»-ը դիմել էր ՀԾԿՀ՝ վաճառքի գործարքի թույլտվության համար։  Միևնույն ժամանակ, «ՄՏՍ Հայաստան»-ը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին խնդրել էր իր բաժնետոմսերի հետ կապված գործարքներն ընդունել որպես խիստ առևտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ ու տվյալներ չտրամադրել գնորդ կազմակերպության վերաբերյալ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, այս հանգամանքը հիմք ընդունելով, հրաժարվել էր հայտնել, թե ով է ցանկանում ձեռք բերել «ՄՏՍ-Հայաստան»-ը։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել