Տեղի ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը․ Տիգրան Աբրահամյան
20:02 - 11 ապրիլի, 2023

Տեղի ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը․ Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Մարտական գործողությունները Տեղ գյուղի հատվածում հիմնականում մեկ դիրքի ուղղությամբ են, ինչը սակայն չի բացառում մասշտաբների ընդլայնման հավանականությունը, հատկապես որ Ադրբեջանից նման տեղեկատվական կուրս է նկատվում:
Կրակի ինտենսիվությունը մեծ չէ, կիրառվող զինատեսակները` սահմանափակ, սակայն կրկնում եմ` իրավիճակի փոփոխությունը կարող է րոպեների հարց դառնալ:
 
Նման պայմաններում կողմերի գրանցած կորուստների ու վիրավորների համեմատաբար մեծ թիվը պայմանավորված է նրանով, որ միջդիրքային տարածությունը փոքր է, այդ ուղղությամբ բնագծերը դեռևս ամբողջական տեսք չունեն, ինչը խոցելի է դարձնում այդ հատվածում մարտական ծառայության կրումը: Թե իրադարձություններն ինչ ընթացք կվերցնեն կամ այս իրավիճակը ինչ նոր գործընթացի մեկնարկի կբերի, դեռ դժվար է ասել»:
 

Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ ՊՆ-ի, ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, և նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր ու վիրավորներ: Սահմանային լարվածությունը շարունակվել է ժամը 17։35-ի դրությամբ․ ադրբեջանական կողմը կիրառել է նաև ականանետային միջոցներ։

Արդեն ժամը 19։35-ի դրությամբ իրադրությունը կայունացել է։

ՀՀ ՊՆ-ն հերքել է Վարդենիսի գնդակոծության մասին լուրերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի այն հայտարարությունները, թե իբր հայկական կողմը կիրառել է իրականական ԱԹՍ-ներ։ Ըստ ՊՆ հաղորդագրության՝ հայկական կողմը իրանական ԱԹՍ-ներ չունի։ Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը հերքել է լուրերը, թե Բերդում կրակոցներ են հնչել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել