ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է․
«Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդի պատվիրակությանը։
Տիկին Վայգանդին կրկին ներկայացրի Հայաստանից Արցախ տեղափոխված 19 հայ երեխաների նկատմամբ Ադրբեջանի գործադրած էմոցիոնալ և հոգեբանական բռնությունը, որը պետք է ենթակա լինի միջազգային կառույցների թիրախային գնահատականին և դատապարտմանը։
Քննարկմանը բարձրաձայնեցի նաև այն ահազանգերը, որ ոստիկանության Երևան քաղաքի Էրեբունու բաժնի օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները բիրտ ուժի կիրառմամբ բերման են ենթարկել անչափահաս ուսանողների, ծեծի ենթարկել և խոշտանգել նրանց։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր խոսքում նշեց, որ տեղյակ է 19 հայ երեխաներին Արցախ տեղափոխող ավտոբուս ադրբեջանցիների ներխուժման միջադեպի մասին, իմ նամակներն ուղարկել է ՄԱԿ-ի համապատասխան մարմիններին։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը բավականին ակտիվորեն ներգրավված է երեխայի պաշտպանության ոլորտը կարգավորող մի շարք կարևոր օրենսդրական նախաձեռնությունների մշակման աշխատանքներում։ Անթույլատրելի և խիստ մտահոգիչ համարելով անչափահասների նկատմամբ բռնության միջադեպերը՝ տիկին Վայգանդը հույս հայտնեց, որ առաջիկա օրենսդրական փոփոխությունները, որոնց շուրջ իրենք արդեն շահագրգիռ քննարկումներ են իրականացնում, կնպաստեն բռնության կանխարգելման ուղղությամբ առաջընթացի ապահովմանը։
Հանդիպմանն ընդգծեցինք մեր պատրաստակամությունը՝ խորացնել համագործակցությունը՝ ի շահ երեխաների իրավունքների պաշտպանության»։
comment.count (0)