armenpress.am: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության:
Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ԱԺ-ում՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2022 թվականի գործունեության եւ տեսալսողական մեդիայի ոլորտում տեղեկատվության ազատության վիճակի մասին տարեկան հաղորդումը ներկայացնելիս:
«Հանձնաժողովն արձանագրում է, որ իր վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտությանը: Հեռարձակողների խմբագրական և կադրային քաղաքականությանը միջամտելու, կարծիքների արտահայտման իրավունքը սահմանափակելու, նրանց բնականոն աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ մեր գրավոր հարցադրմանն ի պատասխան էական նշանակություն ունեցող բողոքներ հանձնաժողովը չի ստացել: Մի քանի հեռարձակողներ մեր ուշադրությունն են հրավիրել խորհրդարանի որոշ պատգամավորների խտրական, անհարգալից վերաբերմունքի դրսևորումներին այս կամ այն լրատվամիջոցի կամ լրագրողի նկատմամբ»,- ասաց Հակոբյանը:
Այդ կապակցության հանձնաժողովը հիշեցնում է, որ լրագրողի գործունեությունն ունի հանրային նշանակություն, ուստի բոլոր մարմիններն ու պաշտոնական անձինք պետք է առաջին հերթին առաջնորդվեն լրագրողների բարեխղճության, նրանց մոտ մասնագիտական ունակությունների առկայության կանխավարկածով:
Ըստ հանձնաժողովի նախագահի՝ դա չի նշանակում, թե հեռարձակող լրատվամիջոցների դաշտն ազատ ու անկախ է և սպասարկում է հանրային շահը: «Այս ոլորտի վրա բացասաբար են ազդում բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոններ: Այդ գործոնները սահմանափակում են բոլոր հեռարձակողների խմբագրական անկախությունը, նպաստում են քարոզչական բաղադրիչի ավելացմանը, նվազեցնում են բովանդակության որակը»,- ասաց Հակոբյանը:
Հանձնաժողովը, սակայն, արձանագրում է, որ առկա են նաև դրական միտումներ: Մշտադիտարկման արդյունքները ցույց են տալիս, որ հանրային մուլտիպլեքսում գործող հեռարձակողների հաղորդումներում 2021 թվականի համեմատ զգալիորեն նվազել են ատելության խոսքը, վիրավորանքը, սպառնալիքները: Հակոբյանի գնահատմամբ՝ նվազեցման պատճառները մի քանիսն են, դա պայմանավորված է նաև հանձնաժողովի սկզբունքային պայքարով խոսքի ազատության չարաշահումների դեմ:
Նա վստահեցրեց նաև, որ հաշվետու տարում հանձնաժողովը գործել է անկախ, որոշումները կայացրել է ինքնուրույն՝ առանց պետական մարմինների միջամտության ու ուղղորդման:
comment.count (0)