Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|
12:50 - 14 ապրիլի, 2023

Խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-ի և զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում․ Անդրանիկ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին |news.am|

news.am: Կասկածի տակ չեմ դնում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են իրենք, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ: Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, ԱԺ-ում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Տիկին Զախարովան նաեւ ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության անմիջական մասնակցությամբ գործողությունները ստացել են դադար: Կասկածի տակ չեմ դնում տիկին Զախարովայի ասածները, որ ինչ-որ ձեւաչափով մասնակցել են, բայց կռվել է ՀՀ զինված ուժերը, եթե մենք չկռկվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է՝ ՌԴ արտաքին գերատեսչությունը զանգեր աներ աջ ու ձախ, դա խնդրի լուծմանը չէր տանելու եւ խնդիրը լուծվել է բացառապես մեր ԶՈՒ-երի եւ մեր զինվորականության քաջարի գործուղությունների արդյունքում»,- ասաց Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ  Ռուսաստանի ԱԴԾ-ի Սահմանապահ ծառայության եւ ԶՈՒ ներկայացուցիչները միջոցներ են ձեռնարկել ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մոտ իրավիճակի դեէսկալացիայի համար։ 

Անդրադառնալով Զախարովայի այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը մասնակցելու ՆԱՏՕ-ի զորավարժություններին, ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց. «Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով եւ ամեն ինչ անում է իր զինված ուժերի մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, եւ այդպես էլ շարունակվելու է: Հայաստանի Հանրապետությունը իր ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ շարունակում է ջերմ, բարեկամական հարաբերությունները: Իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաեւ այլ երկրների մեր գործընկերների հետ»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան Երեւանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին Հայաստանի մասնակցության վերաբերյալ։  «Պատասխան ստանալուց հետո մենք կորոշենք մեր արձագանքը։ Իհարկե, Երևանի հրաժարումը  իր տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց ցավալի է և չի նպաստում տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը»,- ասել էր Զախարովան։ 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը հայտնել էր, որ Հայաստանը ընթացիկ տարում պլանավորում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող 2 այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի՝ ՆԱՏՕ-ի ղեկավարությամբ միջազգային ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել