Ինչու են Սուդանում մարտեր սկսվել զինվորականների միջև  |lragir.am|
09:28 - 17 ապրիլի, 2023

Ինչու են Սուդանում մարտեր սկսվել զինվորականների միջև |lragir.am|

lragir.am: Սուդանի մայրաքաղաք Խարթումում և երկրի այլ շրջաններում բռնկված մարտերը երկրում իշխանության համար կատաղի պայքարի ուղղակի հետևանք են։ Մայրաքաղաքի առանցքային ռազմավարական կետերում բախումներ են տեղի ունենում ՝ Արագ աջակցության ուժերի և կանոնավոր բանակի միջև, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

2021 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած հեղաշրջումից հետո Սուդանը ղեկավարվում է գեներալների խորհրդի կողմից, և նրանցից երկու ամենակարևորների միջև հակամարտություն է բորբոքվել։ Նրանցից մեկը զինված ուժերի ղեկավար, երկրի փաստացի նախագահ գեներալ Աբդել Ֆաթահ ալ-Բուրհանն է։ Երկրորդը նրա տեղակալն է և Արագ աջակցության ուժերի հրամանատար, գեներալ Մուհամեդ Համդան Դագալոն:

Նրանք չեն կարողանում համաձայնության գալ, թե որ ուղղությամբ պետք է ընթանա երկիրը և ինչպես պետք է անցում կատարվի քաղաքացիական կառավարման։  Հիմնական վիճելի կետերից է Արագ աջակցության ուժերը (մոտ 100 հազար մարդ) կանոնավոր բանակի կազմում ներառելու ծրագիրը, և թե դրանից հետո ով է ղեկավարելու բանակը։

Հակամարտությունը մի քանի օր լարվածությունից հետո թեւակոխել է նոր փուլ։ Արագ աջակցության ուժերի անդամները տեղակայվել են երկրի ամբողջ տարածքում, ինչը բանակը համարել է սպառնալիք։

Գեներալ Համդան Դագալոն նախկինում եղել է առևտրական, վերջին երկու տասնամյակի ընթացքում կայուն ազդեցություն և հարստություն է կուտակել Սուդանում՝ հասնելով իշխանության բարձունքներին:

Գեներալ Համդանը Ջանջավիդ աշխարհազորի հրամանատարն էր, որը մեղադրվում է Դարֆուրում 2003 թվականին սկսված հակամարտության ընթացքում զանգվածային հանցագործությունների մեջ, որը հանգեցրել է մինչև 300,000 մարդու մահվան:

Դարֆուրում ռազմական հանցագործությունները կատարվել են 20 տարի առաջ։ Գործն այժմ գտնվում է Հաագայի դատարանում։ Սուդանի նախկին ղեկավար Օմար ալ-Բաշիրը 2013 թվականին նրան նշանակել էր արագ արձագանքման ուժերի հրամանատար, բայց 2019 թվականին նա դուրս է եղել Բաշիրի դեմ և նպաստել հեղաշրջմանը։ Համդան Դագալոն հետաքրքրություններ ունի ոսկու արդյունահանման և շինարարության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել