azatutyun.am ԱՄՆ-ը թույլ կտա Իրանի պատվիրակությանը մասնակցել հաջորդ շաբաթ Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային, հայտնել է Պետդեպարտամենտը։
Միաժամանակ իրանական պատվիրակության նկատմամբ սահմանափակումներ կգործեն․ դիվանագետների տեղաշարժը կսահմանափակվի, նրանց կարգելվի նաև շքեղության և մի շարք այլ ապրանքների գնումը։ Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ այս տարի Իրանի պատվիրակությունը նախորդ տարվա համեմատ ավելի փոքր կլինի։
Նախորդ տարիներին ևս Վաշինգտոնը սահմանափակել է իրանցի պաշտոնյաների տեղաշարժը Նյու Յորքում՝ հիմնականում թույլատրելով երթևեկել ՄԱԿ-ի կենտրոնակայանի, Իրանի ներկայացուցչության, ՄԱԿ-ում դեսպանի նստավայրի և Ջոն Քենեդիի անվան օդանավակայանի միջև։
ԱՄՆ-ը, որպես ՄԱԿ-ի կենտրոնակայանը հյուրընկալող երկիր, 1947 թվականի համաձայնագրով ընդհանուր առմամբ պարտավոր է օտարերկրյա դիվանագետներին ապահովել կազմակերպության աշխատանքներին մասնակցելու հնարավորություն։ Վաշինգտոնը, սակայն, պնդում է, որ կարող է մուտքը մերժել անվտանգության, ահաբեկչության կամ արտաքին քաղաքականության հետ կապված պատճառներով։