«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց
22:14 - 21 ապրիլի, 2023

«Հարցն էն է՝ ես ձգելո՞ւ եմ մինչև դատավարության վերջը թե՞ չէ»․ Մատաղիսի զորամասի հրամանատարի կալանքը երկարաձգվեց

Պաշտպանության բանակի 6–րդ պաշտպանական շրջանի նախկին հրամանատար, գնդապետ Սեւակ Աբրահամյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, այսօր մերժեց Աբրահամյանի պաշտպանի՝ նախորդ նիստին ներկայացրած միջնորդությունը։

Աբրահամյանը, հիշեցնենք, մեղադրվում է մարտական հերթապահության կանոնները խախտելու մեջ, որն առաջացրել է ծանր հետեւանքներ․ որպես այդպիսին քննչական մարմինը համարել է 2020 թ․ 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի Հանրապետության Թալիշ եւ Մատաղիս գյուղերի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը։

Սեւակ Աբրահամյանը կալանավորված է շուրջ 9 ամիս եւ մեղադրանքը չի ընդունում։

Ըստ հանրային մեղադրողների՝ կալանքից բացի այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը

Այսօրվա դատական նիստին քննարկվեց Աբրահամյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի հարցը, որի ժամկետը մոտ օրերս՝ ապրիլի 28-ին, լրանալու է։ Ընտրված խափանման միջոցի երկարաձգման հարցը, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 316-րդ հոդվածի, նախնական դատալսումների փուլում քննարկման ենթակա հարցերից է։

Լուսանկարում՝ դատախազներ Վազգեն Վարդանյանը, Հայկ Ռափյանը

Հանրային մեղադրող Վազգեն Վարդանյանը դիրքորոշում հայտնեց դրա վերաբերյալ՝ նշելով, որ չեն վերացել կալանքի հիմքերն ու հիմնավորումները։ Վարդանյանը չմանրամասնեց դրանք, միայն ասաց՝ որեւէ այլ խափանման միջոց չի կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ուստի այն պետք է մնա անփոփոխ։ Հանրային մեղադրող Հայկ Ռափյանը, որ այսօր ներգրավվեց քրեական գործով, միացավ իր գործընկերոջ դիրքորոշմանը։

Պաշտպանի խոսքով՝ չկա վկա, որի վրա Աբրահամյանը կցանկանա ազդեցություն գործադրել

Սեւակ Աբրահամյանի պաշտպան Արման Թամրազյանը միջնորդեց փոփոխել խափանման միջոց կալանքը՝ ընտրելով տնային կալանք կամ բացակայելու արգելք՝ գրավի հետ համակցությամբ։ Ըստ Թամրազյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանք չի կարող կիրառվել մի քանի պատճառաբանությամբ։

Առաջինը, ըստ նրա, այն է, որ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որ մեղսագրվում է Աբրահամյանին, վերաբերում է կոնկրետ Հայաստանի Հանրապետության վրա հարձակմանը, մինչդեռ 6-րդ պաշտպանական շրջանը Արցախում, այլ ոչ թե ՀՀ–ում է պաշտպանություն իրականացրել․ «Կոնկրետ դեպքում հանցագործության անմիջական օբյեկտը ՀՀ սահմաններն են, ՀՀ եւ Արցախի Հանրապետության սահմանները չեն նույնանում, քանի որ դրանք տարբեր սուբյեկտներ են, եւ միայն այդ հիմքով մենք գործ ունենք հանցակազմի բացակայության հետ»,– ասաց պաշտպանը՝ ընդգծելով, որ երբ այդ մասին հայտնել են քննչական մարմնին, վերջինս վկայակոչել է ՀՀ–ի եւ Արցախի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ ՀՀ զինծառայողները կարող են Արցախում ծառայել, ինչպես նաեւ՝ Եվրոպական դատարանի այն դիրքորոշումները, ըստ որոնց՝ ՀՀ–ն իրավազորություն ունի ԱՀ–ում կատարված գործերի քննության առումով․ «Բայց պաշտպանական կողմը չի վիճարկում այդ իրավազորությունը, չի վիճարկում այդ համաձայնագիրը, այլ նշում է, որ Քրեական օրենսգիրքը որեւէ կապ չունի այդ համաձայնագրի հետ»։

Մյուս հանգամանքը, ըստ պաշտպանի, այն է, որ քննիչը, որը կազմել է Աբրահամյանի մեղադրական եզրակացությունը, չի ունեցել դրա լիազորությունը։ Բանն այն է, որ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը որպես մաս անջատվել է մեկ այլ՝ մայր քրեական վարույթից, իսկ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ մաս անջատելու որոշման մեջ պետք է նշվի նաեւ այն պաշտոնատար անձի անունը, որը պետք է ստանձնի այդ վարույթը։ Տվյալ որոշման մեջ, ըստ պաշտպանի, դա չի նշվել։

Լուսանկարում՝ պաշտպան Արման Թամրազյանը, ամբաստանյալ Սեւակ Աբրահամյանը

Արման Թամրազյանն ընդգծեց՝ կա ԳՇ պետի համապատասխան դիրեկտիվ (հրահանգ), որը սահմանում է, որ խաղաղ ժամանակ զորքը լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի կարող են բերել միայն ԶՈՒ ԳՇ պետն ու պաշտպանության նախարարը, որոնք նման որոշում չեն կայացրել, իսկ ստորաբաժանման ղեկավարները, ինչպիսին եղել է Աբրահամյանը, նման իրավունք ունեն միայն հարձակումից հետո․ «Որ ասում են՝ Սեւակ Աբրահամյանին զեկուցել են, որ առաջնագծից տեղեկություններ են ստացվել․․․ Սեւակ Աբրահամայանն ընդունել է, ասել է՝ այո, ինձ զեկուցել են, բայց ես զորքը չեմ բերել լրիվ մարտական պատրաստվածության աստիճանի, որովհետև դրա իրավասությունը չեմ ունեցել։ Ասել է՝ ես չեմ գնահատել հակառակորդի շարժը պատերազմի սկսման հավանակության մասին վկայող նախանշաններ»,- ասաց Թամրազյանը։

Վերջինս հորդորեց անկողմնակալ դիտորդներին պատճառահետեւանքային կապը հասկանալ․ եթե հակառակորդի ուժերը 10 անգամ գերազանցել են, բարձրաստիճան զինվորականնների ցուցմունքներով հաստատվել է, որ 6-րդ պաշտպանական շրջանը չի ունեցել  հակառակորդին դիմակայելու համար սպառազինության կոնկրետ տեսակներ, մոբիլիզացիա չի արվել, իսկ արվելուց հետո սահմանված 30-40 տոկոսով զորքը չի ավելացել, համալրվածների 90 տոկոսն էլ իրենց հաստիքներին չեն համապատասխանել, Սեւակ Աբրահամյանի կողմից սեպտեմբերի 26-ին ժ․ 17։00-ից մինչ 23։00-ն կազմակերպված խնջո՞ւյքն է պատճառական կապը, որ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 27-ի առավոտյան 07։00-ից սկսած 5 օր պատերազմելով՝ Մատաղիսն ու Թալիշն ի վերջո գրավել են․ «Այսինքն՝ եթե խնջույքը չլիներ, չէի՞ն գրավի»,– հռետորական հարց հնչեցրեց պաշտպանը։

Նա պնդեց՝ նախաքննություն ավարտվել է,ապացույցները՝ հավաքվել, այժմ չկա որեւէ վկա, որի վրա Աբրահամյանը ցանկանա ազդեցություն ունենալ կամ որեւէ ապացույց, որը ցանկանա խեղաթյուրել․ «Դատակոչի ցուցակում 51 վկա կա, դատարանի ծանրաբեռնվածությունը, իմ պրակտիկան հաշվի առնելով՝ 51 վկայով գործի դատաքննությունը տեւելու է 4-5 տարի, այսինքն՝ 5 տարի Սեւակ Աբրահամյանը պիտի մնա կալանքի տա՞կ։ Եթե չկոնկրետացնենք այն վկաներին, ում վրա կարող  է ազդեցություն ունենալ, բերենք, իրենց հարցաքննենք, հետո հասկանանք՝ կարող է կալանքը վերանայվել, թե չէ, սա ակնհայտ վեր է ածվում պատժի»,– ասաց նա։

Սեւակ Աբրահամյանը վստահ չէ՝ մարդիկ իրականությունն իմանալո՞ւ են թե՞ ոչ

Քննարկվող հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնեց նաեւ մեղադրյալ Սեւակ Աբրահամյանը՝ հավաստիացնելով, որ ազատության մեջ մնալու դեպքում չի պատրաստվում խոչընդոտել գործի քննությանը․ «Ես ասել եմ՝ եթե 6–րդ պաշտպանական շրջանի վերաբերյալ գործ չհարուցվի, չեմ ծառայելու զինված ուժերում, ես իմ խոստումը կատարել եմ, բարձր պաշտոնից իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, զուտ որովհետեւ գործ չէր հարուցվում»,– ասաց նա՝ ընդգծելով, որ երբ իր որդուց տեղեկացել է հարուցված քրեական գործի մասին, գտնվել է ՌԴ–ում եւ մեկ շաբաթվա ընթացքում ինքնակամ վերադարձել է ՀՀ․ «Ես քննիչի հետ խոսել եմ, ասել եմ՝ փառք Աստծո, ասել է՝ ի՞նչ, ասել եմ՝ փառք Աստծո, որ քրեական գործ է հարուցվել, ուրեմն ես ձեզ պետք եմ լինելու․․․ Մինչեւ վերջ մնացել եմ քննիչի հետ, իր խնդրանքով աշխատել եմ, ման ենք եկել մարդկանց, փոխանցել եմ տվյալներ, հասցեներ, այսինքն՝ աջակցել եմ, համագործակցել եմ ամեն ձեւ՝ շատ լավ իմանալով, որ այդ բոլոր դեպքերով ես հարցաքննվելու եմ ինչ–որ կասկածանքի շուրջ»։

Աբրահամյանն ընդգծեց՝ իր ենթակա անձնակազմից, մասնավորապես 1-ին եւ 4-րդ գումարտակներից չկա գեթ մեկ անձ, որի ցուցմունքի հետ ինքը անհամաձայնություն, ըստ այդմ՝ ազդեցություն գործադրելու անհրաժեշտություն ունենա․ «Բառ առ բառ, տառ առ տառ համաձայն եմ ցուցմունքներին, ես չեմ առարկում իրենց ասածին, որ խոչընդոտեմ, իմ ասածը հակասում է իմ վերադասի՝ ԳՇ պետի տեղակալի ասածին, որը ինձ առաջադրել է մի խնդիր, բայց ցուցմունքում նշել է մեկ այլ խնդիր»։

Լուսանկարում՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը

Աբրահամյանը հայտնեց, որ կալանավայրում որեւէ խնդիր չունի, բայց մտավախություն ունի՝ դատավարության վերջը կտեսնի՞ թե՞ չէ․ «Ես կալանավայրում մնալու պրոբլեմ չունեմ, ինչ խցիկում հիմա մնում եմ, ավելի սիրուն է կահավորած, քան իմ անձնական սենյակը, ուր անցկացնում էի 25 տարի ծառայությունից հետո, ընդհանրապես, ես հիմա ավելի ապահով եմ, քան իմ մայրը, որ Արցախում շրջափակման մեջ է, հարցը էդ չէ, հարցն էն է՝ ես ձգելու՞ եմ մինչեւ ձեր դատավարության վերջը թե՞ չէ, մարդիկ իմանալո՞ւ են իրականությունը թե՞ չէ, դա ես կասկածում եմ, իմ առողջությունը թույլ չի տալիս»,– ասաց նախկին հրամանատարը։

Լսելով կողմերին՝ նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց երկարաձգել Աբրահամյանի նկատմամբ ընտրված կալանքը 3 ամսով։ Նիստի ավարտին՝ նախքան դահլիճը լքելը, Աբրահամյանը դիմեց դահլիճում գտնվող իր ծանոթներին․ «էս ա, ախպե՛րս, չեմ կարողանում․․․ Ապացուցելու եմ, ասել եմ՝ բացելու եմ, լրիվ բացելու եմ»։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 14-ին։

 

Միլենա Խաչիկյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել