«Ապրելու երկիր» կուսակցությունը պահանջում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնել, քանի որ «ստեղծված իրավիճակում օրենսդրությունն է այդպես նախատեսում»։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է կուսակցության նախագահ, Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում «Ապրելու երկրի» քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։
Նա հիշեցնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից 2 շաբաթ անցել է, բայց գործող ավագանին իր կազմից այդպես էլ չի ընտրել նոր քաղաքապետ։
«Այս իրավիճակում, ըստ օրենսդրական կարգավորումների, Կառավարությունը պետք է կրճատի ավագանու լիազորությունների ժամկետն ու, միաժամանակ, նշանակի ավագանու արտահերթ ընտրություններ։ Սակայն երևանցիների կողմից չընտրված, բայց Երևանի «ճակատագիրը» իր քվեին ծառայեցնող քաղաքապետի պաշտոնին հավակնողի խոսքից ու գործողությունների տրամաբանությունից արդեն ակնհայտ է, որ ակնհայտ փորձ է կատարվում շրջանցելու օրենսդրությունը՝ չկատարելով օրենքի պահանջը»,- գրել է նա։
Թանդիլյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունները «Քաղաքացիական պայմանագրին» և կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին ձեռնտուն չեն՝ «գահավիժող անվստահության և հիասթափության ֆոնին»։
«Իրենք վախենում են արտահերթ ընտրություններ անցկացնելուց, քանի որ շատ լավ գիտեն, որ օրինական ժամկետում ընտրություններ անցկացնելու պարագայում երևանցին իրենց մերժելու է։ Այս մարդիկ ամեն ինչի ընդունակ են՝ թքած ունենալով օրենսդրության, մարդկանց պահանջների, իրավունքների վրա։ Պարոնայք, մոռանում եք «բումերանգի էֆեկտի» մասին, թողեք, որ վաղն էլ ձեզ օրենքով դատեն։ Ինչևէ, դեռ սպասում ենք Կառավարության խելամտությանն ու պահանջում, որ օրենքը վեր դասեն քաղաքական նպատակահարմարություններից, այլապես, ինչպես արդեն հայտարարել եմ, մեր հանդիպման վայրը դատարանն է լինելու։ Այլևս պատվի հարց է՝ Երևանը պետք է ունենա օրինական ճանապարհով ընտրված օրինական իշխանություն»,- նշում է Մանե Թանդիլյանը։
comment.count (0)