Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում այս տարվա ապրիլի 1-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը մասնակցում էր 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողությանը։ Հակոբյանն այդ միջոցառման ժամանակ ելույթ ունեցավ, որի ժամանակ հայտարարեց, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք։ [․․․] 11 հազար զինվորական, կամավոր, սպա եւ այլն։ 11 հազարը պատկերացնում ենք, չէ՞, ինչ թիվ ա»։
Հնչեցված այս թիվը որոշակի տարակուսանք առաջացրեց հանրության շրջանում, որովհետեւ մինչ այդ պահը պաշտոնական աղբյուրներով այդպիսի մեծ թիվ չէր հրապարակվել, բացի դրանից՝ Հակոբյանի հայտարարությունից օրեր առաջ էլ՝ մարտի վերջին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, թե հայկական բանակում 11 հազար դասալիք է եղել։
Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել
Infocom-ը գրավոր հարցումով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը՝ նախ ճշտելու ուսումնասիրվե՞լ է արդյոք Աննա Հակոբյանի հայտարարությունը։
Մասնավորապես, ապրիլի 4-ին ՀՀ դատախազությունից հարցրել ենք՝ Աննա Հակոբյանի՝ վերը հիշատակված հայտարարությունը ուսումնասիրության առարկա դարձե՞լ է, արդյոք վարույթ նախաձեռնվե՞լ է եւ ի՞նչ հոդվածով։ Իսկ եթե վարույթ չի նախաձեռնվել, հարցրել ենք՝ քննիչի կողմից որոշում կայացվե՞լ է վարույթ չնախաձեռնելու մասին, եթե այո, ապա հսկող դատախազը հաստատե՞լ է այդ որոշման օրինականությունը։
Գլխավոր դատախազությունն այս հարցմանը պատասխանելու համար ապրիլի 10-ին՝ օրենքով սահմանված ժամկետից հետո, գրավոր ծանուցել է 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին․ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է պահանջվում, եթե անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք։ Դատախազությունը ապրիլի 25-ին հարցմանն ի պատասխան հաղորդել է միայն այն, որ Աննա Հակոբյանի հայտարարության վերաբերյալ վարույթ չի նախաձեռնվել, իսկ մնացյալ հարցերը թողել է անպատասխան։ Ուստի ապրիլի 26-ին դարձյալ նույն հարցադրումներով գրություն ենք ուղարկել գերատեսչություն՝ խնդրելով ըստ էության պատասխանել հարցման մեջ նշված բոլոր հարցերին։ Այնինչ Դատախազությունը դարձյալ խուսափել է պատասխանել մյուս հարցերին՝ նշելով միայն, որ պատասխան արդեն տրվել է։
Դասալքության, ծառայության վայրն ինքնակամ թողնելու, պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածներով որպես մեղադրյալ է ներգրավվել ընդամենը 756 անձ
Հայտնի է, որ 44-օրյա պատերազմից հետո դրան առնչվող բազմաթիվ քրեական վարույթներ են նախաձեռնվել, այդ թվում ծառայության վայրն ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդված), ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում կատարված դասալքության (ՀՀ նախկին ՔՕ 362-րդ հոդվածի 3-րդ կետ), զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին ՔՕ 364-րդ հոդվածի 3-րդ մաս) հոդվածներով։
Ինֆոքոմը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտեին, օրեր անց նաեւ Գլխավոր դատախազությանը՝ մանրամասն տեղեկություններ խնդրելով այդ գործերի մասին։
Քննչական կոմիտեն ապրիլի 4-ին ուղարկած մեր հարցմանը պատասխանելու համար 30-օրյա ժամկետ է խնդրել։ Կոմիտեի պատասխանը դեռեւս չենք ստացել։
Ապրիլի 13-ին հարցում ուղարկեցինք նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ հարցնելով՝ 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ դասալքության դեպքի առթիվ մինչ օրս քանի՞ քրեական վարույթ է նախաձեռնվել, դրանցից քանի՞սն է նախաքննության փուլում, քանի՞սն է ուղարկվել դատարան, քանի՞սն է կասեցվել եւ ի՞նչ հիմքով, քանի՞սն է կարճվել եւ ի՞նչ հիմքով։ Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք նաեւ, թե նախաքննության փուլում գտնվող եւ արդեն դատարան ուղարկված քրեական վարույթներով ընդհանուր առմամբ քանի՞ անձ ունի մեղադրյալի կարգավիճակ, եւ որ հոդվածների որ մասերով են առաջադրվել մեղադրանքները՝ ըստ նախկին եւ գործող Քրեական օրենսգրքերի։
Դատախազությունը, խախտելով օրենքով սահմանված ժամկետը, միայն ապրիլի 25-ին է պատասխանել այս հարցմանը։ Ստորեւ ներկայացնում ենք դատախազության պատասխանը, ապա թե այդ պատասխանից ինչ նոր հարցեր են ծագել։
Այսպես, պատասխանում նշված է, որ 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ:
Նախաքննության ընթացքում հիշյալ 1786 քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում քննվող քրեական վարույթների թիվը 226 է:
Ըստ Դատախազության՝ վերը նշյալ հոդվածներով հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ:
Այդ 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով, 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ դասալքության հոդվածով եւ 19 գործ՝ 39 անձի վերաբերյալ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով:
Դատախազությունը հաղորդել է, որ դատարան ուղարկված այդ 118 գործից 58 գործով՝ 64 անձի վերաբերյալ, դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ՝ 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում:
Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով կարճվել է 209 քրեական վարույթ, դասալքության հոդվածով՝ 31 քրեական վարույթ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 40 քրեական վարույթ: Իսկ ընդհանուր կարճված 280 քրեական վարույթներից 278-ը կարճվել են արդարացնող հիմքով, միայն 2-ը՝ ոչ արդարացնող:
Դատախազության պատասխանում նշված է, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու հոդվածով որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, դասալքության հոդվածով՝ 132 անձ, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու հոդվածով՝ 444 անձ, ընդհանուր՝ 756 անձ:
Դատախազության պատասխանը նոր հարցեր է առաջացնում
Նախ նշենք, որ «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ առնվազն անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ։
Այս հարցը ծագում է այն պատճառով, որ, ըստ Դատախազության, երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ Ընդ որում, դարձյալ անհասկանալի է, թե նշված թվում Դատախազությունը նկատի է ունենում միայն որպես մեղադրյալ ներգրավված եւ հետախուզման մեջ գտնվող անձա՞նց, թե նաեւ նրանց, որոնց արդեն առաջադրվել է մեղադրանք (ՀՀ քրեական դատավարության նախկին օրենսգրքի համաձայն՝ նախ որոշում է կայացվում անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, ապա նրա ներկայությամբ նրան առաջադրվում է մեղադրանք, իսկ եթե անձի գտնվելու վայրը հայտնի չէ, որպես մեղադրյալ ներգրավելու որոշումից հետո նրա նկատմամբ հայտարարվում է հետախուզում եւ կամ միջազգային հետախուզում)։
Բացի դրանից՝ Դատախազությունը չի հաղորդել նաեւ, թե արդարացնող հիմքով կարճված 278 վարույթներից յուրաքանչյուրով քանի անձ է ունեցել մեղադրյալի կարգավիճակ, եւ, որ ամենակարեւորն է, արդյոք այդ արդարացված անձանց թիվը ներառված է 10687 թվի մեջ։
Պարզաբանման կարիք ունեցող այս հարցերին Դատախազությունից հրաժարվեցին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չտրվեց։
Այսպես, ապրիլի 26-ին ուղարկած նոր հարցմամբ գերատեսչությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե ինչ է ենթադրում հարցման պատասխանում նշված «10687 անձի վերաբերյալ» ձեւակերպումը։ Արդյո՞ք նշյալ 10687 անձինք մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձինք են։ Եթե ոչ, ապա խնդրել էինք նշել այդ 10687 անձանցից փաստացի մեղադրյալի կարգավիճակ ունեցող, երբեւէ ունեցած կամ որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը՝ առանձին-առանձին, իսկ եթե կան անձինք, որոնք այս երեք, պայմանական ասած, կարգավիճակներից դուրս են, ապա ինչպե՞ս է դրսեւորվում նրանց վերաբերելիությունը քրեական վարույթներին։
Հարցրել էինք նաեւ, թե վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված 756 անձինք արդյոք ներառվա՞ծ են 10687 թվի մեջ, եւ նրանցից քանիսի՞ն է փաստացի մեղադրանք առաջադրված, քանի՞սն է հետախուզման մեջ։
Խնդրել էինք տրամադրել նաեւ այն անձանց թիվը, որոնց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով, եւ որոնց նկատմամբ՝ ոչ արդարացնող։ Այս համատեքստում խնդրել էինք հստակեցնել՝ անձինք, որոնց նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը, ներառվա՞ծ են որպես մեղադրյալ ներգրավված 756 անձանց թվում, թե որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվն ի սկզբանե ավելին է եղել, այսինքն՝ այս 756 թիվը ներառում է միայն այս պահին որպես մեղադրյալ ներգրավված անձանց։
Ինչպես նաեւ տեղեկություն էինք խնդրել, թե դատաքննությունն ավարտված վարույթներով անցնած 64 անձանցից քանիսի՞ վերաբերյալ է կայացվել արդարացման, քանիսի՞ վերաբերյալ՝ մեղադրական դատական ակտ։
Դատախազությունը հենց այսօր այս անբովանդակ պատասխանն ուղարկեց․ «Ապրիլի 25-ին արդեն իսկ տրվել է պատասխան։ Հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է»։ Անհասկանալի է՝ եթե, ըստ Դատախազության, հավելյալ մեկնաբանության անհրաժեշտությունը բացակայում է, ապա էլ ինչու մեզ հորդորեցին դարձյալ գրավոր հարցում ուղարկել։
Այսպիսով, վերը նշված հարցերի պատասխանները չստանալով՝ դժվար է հստակ արձանագրել, թե, ի վերջո, այս պահի դրությամբ դասալքության դեպքի առթիվ հարուցված քրեական վարույթներով կոնկրետ քանի անձի է փաստացի առաջադրվել մեղադրանք։ Եթե անգամ համարենք, որ վերը հիշատակված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը փաստացի մեղադրյալների թիվն է, պետք է չմոռանալ, որ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ, եւ չկա դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, իսկ 64 անձանց վերաբերյալ կայացված դատավճիռների բնույթն էլ, ինչպես նշեցինք, Դատախազությունը չի տրամադրել:
Եւ, այդուհանդերձ, տրամադրված պատասխաններից կարող ենք եզրահանգել, որ 11 հազար դասալիքի մասին հայտարարությունը մանիպուլյատիվ է, եւ, ըստ ամենայնի, Դատախազությունը դրան մոտ մի ընդհանրական թիվ է ներկայացրել, որպեսզի պատճառաբանվի նաեւ, թե ինչու քրեական վարույթ չի նախաձեռնվել Աննա Հակոբյանի հայտարարության հիմքով։
Թեմայի շարունակությունը՝ «Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ» վերտառությամբ հրապարակման մեջ։
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)