Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ
19:41 - 18 մայիսի, 2023

Ձեւակերպումների խառնաշփոթ Դատախազությունում եւ ՔԿ-ում․ լինո՞ւմ է, թե՞ չի լինում «անձի վերաբերյալ/առնչությամբ» քրեական վարույթ

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն ոչ միայն խուսափում են մեկնաբանել նախկինում մեր գրավոր հարցմանը տված իրենց պատասխանները, այլեւ գերատեսչություններից մեկը հակասում է ինքն իրեն, մյուսը՝ խեղաթյուրում Ինֆոքոմի հարցի էությունը։

Այսպես, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այս տարվա ապրիլի 1-ին Տավուշի մարզի Աճարկուտ գյուղում 44-օրյա պատերազմին զոհված աճարկուտցի Դավիթ Շահնազարյանին նվիրված հիշատակի արարողության ժամանակ հայտարարել էր, թե «44-օրյա պատերազմի ընթացքում մենք ունեցել ենք 11 հազար դասալիք»։

Ինֆոքոմն այս հայտարարությունից հետո հարցմամբ դիմել էր ՀՀ գլխավոր դատախազությանը եւ ՀՀ քննչական կոմիտեին՝ խնդրելով ի թիվս այլնի տեղեկություն տրամադրել նաեւ այն մասին, թե դասալքության դեպքի առթիվ քանի քրեական վարույթ է նախաձեռնվել եւ թե այդ վարույթներով քանի անձ է ներգրավված որպես մեղադրյալ եւ քանի անձի է առաջադրվել մեղադրանք։

Դատախազությունից պատասխանել էին, թե 2020թ․ 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում (2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 24-ը) հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ՝ զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու, դասալքության, զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու, ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ:

Միաժամանակ, Դատախազության պատասխանում նշված էր, որ վերը հիշատակված հոդվածներով հարուցված վարույթների շրջանակում որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ 756 անձ:

Դատախազության այս պատասխանը (պատասխանը ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ) հարցեր էր առաջացրել։ Մասնավորապես, «անձի վերաբերյալ հարուցված քրեական վարույթ» իրավական ձեւակերպում գոյություն չունի, եւ անհասականալի է, թե 10687 անձինք հարուցված քրեական վարույթներում ինչ կարգավիճակ են ունեցել, ինչ կարգավիճակ ունեն հիմա, կամ արդյոք բոլորն են, որ ունեն կամ երբեւէ ունեցել են կարգավիճակ, հատկապես երբ հաղորդվում է, որ վերը նշված երեք հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավված անձանց թիվը ընդամենը 756 է։ 

Պարզաբանման կարիք ունեցող այս եւ այլ հարցերին Դատախազությունից հրաժարվել էին բանավոր պատասխանել՝ հորդորելով հարցերն ուղարկել գրավոր։ Սակայն գրավոր ուղարկված երկրորդ հարցմանը նույնպես որեւէ պարզաբանում չէր տրվել (Դատախազությանն ուղղած հարցերը մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։ 

Ինչ վերաբերում է Քննչական կոմիտեին, ապա այն մեր հարցմանն ի պատասխան Դատախազության հաղորդած տվյալներից փոքր-ինչ տարբերվող տվյալ էր տրամադրել։ Մասնավորապես, եթե Դատախազությունը հայտնել էր, թե հիշյալ երեք հոդվածներով նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ՝ 10687 անձի վերաբերյալ, ապա Քննչական կոմիտեն նշել է, որ նույնքան վարույթ է նախաձեռնվել, «որոնք առնչվում են 10690 անձի»։

Ինչպես երեւում է՝ Քննչական կոմիտեն հարցման պատասխանում նույնպես կիրառել է ոչ իրավական ձեւակերպում՝ «նախաձեռնվել է քրեական վարույթ, որոնք առնչվում են [․․․] անձանց»․ ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը վարույթ նախաձեռնելու շրջանակում չի սահմանում ոչ անձի վերաբերյալ, ոչ անձի առնչությամբ կարգավիճակներ։ 

Ուստի, ս․թ․ մայիսի 10-ին գրավոր հարցումներ ենք ուղարկել թե Դատախազություն, թե Քննչական կոմիտե հետեւյալ երկու հարցադրումներով․ 

- վարույթ նախաձեռնելու շրջանակում ո՞ր իրավական ակտով են սահմանվում «անձի վերաբերյալ» կամ «անձի առնչությամբ» կարգավիճակները, 

- եթե որեւէ իրավական ակտով սահմանված չեն այդ կարգավիճակները, սակայն ընդունված կիրառություններ են, ապա իրավական ո՞ր ձեւակերպմանն են դրանք համարժեք։

Դատախազությունը այս հարցման պատասխանով, փաստացի, հակասել է ինքն իրեն։ Այսպես, վերը նշված հարցմանն ի պատասխան՝ գերատեսչությունը նախ մեջբերել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը․

  1. Քննիչն իր իրավասության սահմաններում պարտավոր է քրեական վարույթ նախաձեռնել, եթե առերևույթ հանցանքի մասին պատշաճ հաղորդումը ստացվել է՝

1) ֆիզիկական անձից,

2) իրավաբանական անձից,

3) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից կամ դրա պաշտոնատար անձից' նրա գործունեության իրականացման կապակցությամբ,

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնից, քննիչից, դատախազից կամ դատավորից' իր լիազորություններն իրականացնելու կապակցությամբ,

  1. Համապատասխան հաղորդումը համարվում է առերևույթ հանցանքի մասին, եթե դրանով փաստվում է այնպիսի դեպք կամ գործողություն կամ անգործություն, որին ողջամտորեն կարող է տրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված որևէ արարքին համապատասխանելու նախնական իրավական գնահատական:

Այս մեջբերումից հետո Դատախազությունը գրել է հետեւյալը․ «Հետևաբար, քրեական վարույթ նախաձեռվում է դեպքի, գործողության կամ անգործության առթիվ, այլ ոչ թե անձի վերաբերյալ կամ առնչությամբ»։

Նկար 1, Դատախազության առաջին պատասխանը

Նկար 2, Դատախազության երկրորդ պատասխանը

Այսպիսով, Դատախազությունը հակասում է ինքն իրեն՝ մի դեպքում գրելով, թե քրեական վարույթ է նախաձեռնվել 10687 անձի վերաբերյալ, մյուս դեպքում նշելով, որ քրեական վարույթ չի կարող նախաձեռնվել անձի վերաբերյալ։ Ըստ ամենայնի հենց այս պատճառով էլ Դատախազությունը հրաժարվել էր պարզաբանել, թե նշյալ անձինք ինչ վերաբերելիություն ունեն հարուցված քրեական վարույթներին։

Ի տարբերություն Դատախազության՝ Քննչական կոմիտեն ոչ թե հակասել է ինքն իրեն, այլ պարզապես խուսափողական եւ մեր հարցի էությունը խեղաթյուրող պատասխան տվել։ Մասնավորապես, «անձի առնչությամբ հարուցված քրեական վարույթ» ձեւակերպման իրավական սահմանման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան նախ նշել է, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է «տեղեկություն» եզրույթի հասկացությունը, որի համաձայն՝ «տեղեկությունը անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալներն են (...)»: Ապա գրել է, որ հիշյալ օրենքի իմաստով տեղեկատվության տնօրինող մարմինների առջև տեղեկության տրամադրման պարտավորությունը ծագում է  բացառապես օրենքով ամրագրված կառուցակարգերի և ընթացակարգերի շրջանակներում ձևավորված տեղեկությունների կապակցությամբ: Այս մեջբերումներից հետո ՔԿ-ն եզրակացրել է, որ մենք հարցմամբ չենք հայցում ՀՀ քննչական կոմիտեի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալների մասին տեղեկատվություն, այլ հայցում ենք «որոշ բառակապակցությունների՝ նորմատիվ իրավական ակտում զետեղված լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն եւ դրանց իրավական եւ լեզվաբանական մեկնաբանման տրամադրում»․

«Հետեւաբար, Ձեր պահանջը չի բխում օրենքից եւ չի կարող կատարվել»,- եզրափակել է ՔԿ-ն։

Ակնհայտ է, որ ՔԿ-ն հարցմանը պատասխանելուց խուսափելու համար է նշել, թե մենք ի՛ր իսկ գործածած ձեւակերպման վերաբերյալ լեզվաբանական մեկնաբանություն ենք խնդրել։ Ստորեւ եւս մեկ անգամ ներկայացնում ենք մեր ձեւակերպած հարցը՝ ցույց տալու, որ այն վերաբերում է բացառապես իրավական մեկնաբանությանը եւ բացառապես վարույթ նախաձեռնելու շրջանակում դրա գործածությանը։

Նկար 3, Infocom-ի հարցումը

Նկար 4, Քննչական կոմիտեի պատասխանը

Ինչպես մեջբերել է ՔԿ-ն՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն՝ «տեղեկություն» են համարվում անձի, առարկայի, փաստի, հանգամանքի, իրադարձության, եղելության, երևույթի վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված կարգով ստացված և ձևավորված տվյալները՝ անկախ դրանց տնօրինման ձևից կամ նյութական կրիչից (տեքստային, էլեկտրոնային փաստաթղթեր, ձայնագրություններ, տեսագրություններ, լուսաժապավեններ, գծագրեր, սխեմաներ, նոտաներ, քարտեզներ)։ 

Բացի դրանից՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը սահմանում է, որ «տեղեկություն տնօրինող» են համարվում տեղեկություններ ունեցող պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք։ 

Այսինքն՝ եթե Քննչական կոմիտեն իրեն ուղղված հարցման պատասխանում նշել է, որ «նախաձեռնվել են վարույթներ, որոնք առնչվում են անձանց», ապա ողջամտորեն ենթադրելի է, որ այդ պատասխանում կիրառված ձեւակերպման իրավական հիմքերի մասին տեղեկության տնօրինողը եւս պետք է լինի ՔԿ-ն, քանի որ կառույցը, տրամաբանորեն, առաջնորդվում է իր գործունեությունը կարգավորող օրենսդրությամբ եւ չի կարող գործել դրանից դուրս կամ մեկնաբանություններ գրել դրանից դուրս։

Այսպիսով, Դատախազությունը նոր հարցման պատասխանով հակասել է ինքն իրեն, իսկ Քննչական կոմիտեն խուսափողական պատասխան է տվել։ Երկու գերատեսչություններն էլ այդպես էլ չեն պարզաբանել, թե իրավական առումով ինչպես է մեկնաբանվում «քրեական վարույթ է նախաձեռնվել անձի առնչությամբ/վերաբերյալ» ձեւակերպումը, որոնք իրենք օգտագործել էին իրենց պաշտոնական պատասխաններում։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել