44-օրյա պատերազմի ժամանակ անօդաչու թռչող սարքի հարվածից 18 զինծառայողի զոհվելու վերաբերյալ քրեական գործով դատակոչի ցուցակը կլրացվի։ Փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանի պաշտպան Նորայր Նորիկյանն այսօր միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ զինված ուժերի նախկին եւ գործող բարձրաստիճան 4 զինվորականների։
Անդրանիկ Վերանյանը, հիշեցնենք, որ պատերազմի ժամանակ հանդիսացել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի՝ մարտական պատրաստության գծով տեղակալը, մեղադրվում է Քրեական օրենսգրքի (2003թ․) 375-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ռազմական դրության ժամանակ անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ, ինչն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետեւանքներ։ Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր շարունակվեց նրա գործով դատաքննությունը։
Վերանյանն իրեն ներկայացված մեղադրանքը չի ընդունում։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված երկրից բացակայելու արգելքը։
Պաշտպանը միջնորդեց լրացնել դատակոչի ցուցակը
Անդրանիկ Վերանյանի պաշտպան, փաստաբան Նորայր Նորիկյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց դատարան հրավիրել եւ հարցաքննել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին, ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանին։
Մեջբերելով մի շարք իրավանորմերի դրույթներ՝ Նորիկյանը պնդեց՝ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ԳՇ պետը, հանդիսանալով առանցքային զինվորական, իրականացնում է ԶՈՒ գնդերի տեղաշարժը, մարտական գործողությունների ներգրավվումը կամ դուրս բերումը, այդ ընթացքում անձնակազմի վերաբերյալ համապատասխան որոշումների կայացումը, ուստի այս դեպքում էական է կոնկրետ զորամասի անձնակազմի տեղաշարժի, անմիջապես ԳՇ պետից ստացած հրահանգների եւ մի շարք այլ հանգամանքների պարզումը․ «Այս ողբերգությունը արձանագրվել է 2020 թ․ հոկտեմբերի 9-ին, Հարություն Օհանյանը, որպես ականատես մարդ, ում աչքի առաջ իր որդին զոհվել է, Գլխավոր դատախազություն է դիմել դեկտեմբերի 8-ին, այսինքն՝ 2 ամիս անց, ինձ՝ որպես քաղաքացու, հետաքրքրում է՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ինչպե՞ս է գնահատել այդ իրավիճակը, այդ ընթացքում ինչո՞ւ առնվազն ծառայողական քննություն չի իրականացրել, այդ ընթացքում ի՞նչ է զեկուցվել ԳՇ պետին այս դեպքի մասին, զեկուցվե՞լ է թե՞ չի զեկուցվել․․․ Պատկերացրեք՝ Հարություն Օհանյանը չէր դիմում Դատախազությանը, հաղորդում չէր ներկայացնում, ԳՇ-ն կամ պետական իրավասու այլ մարմինները որոշակի քայլեր չպե՞տք է ձեռնարկեին 18 զինվորի մահվան հանգամանքները պարզելու համար»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ եթե այս գործում իսկապես մեղավորներ կան, ապա նրանք մեկից ավելին պիտի լինեին։
Ըստ Նորիկյանի՝ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետ, գնդապետ Գարիկ Մովսեսյանին հարցաքննելու անհրաժեշտությունը պայմանավորած է նրանով, որ գործով առկա գաղտնի փաստաթղթեր ուսումնասիրելու մասին արձանագրությանը կից ներկայացվել են ոչ գաղտնի՝ հարվածային եւ հետախուզական ԱԹՍ-ների մարտավարատեխնիկական բնութագրեր․ «Պաշտպանության կողմը գտնում է, որ մասնագիտական համատեքստում նշված վարչության պետի հարցաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ սույն քրեական գործի վրա»։
Ինչ վերաբերում է զորամասի նախկին հրամանատար, գնդապետ Արգամ Գեւորգյանին, վերջինս, ըստ պաշտպանի, կարող է հայտնել տեղեկություններ՝ զորամասի անձնակազմը մարտական գործողությունների վայր տեղափոխելու, զորամասի անձնակազմին համապատասխան օդային հարձակումների դեպքում հրահանգավորման ապահովման, ԱԹՍ-ների հարձակման դեպքում ենթակա անձնակազմի գործողությունների, սպայական կազմի գործողությունների, կատարված ողբերգության վերաբերյալ ի պաշտոնե ստացած զեկույցների եւ մի շարք այլ հանգամանքների վերաբերյալ։
Նորայր Նորիկյանն առանձնահատուկ ընդգծեց ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հարցաքննության անհրաժեշտությունը՝ նշելով, որ քրեական գործում առկա է գործով մեղադրող Հայկ Մարգարյանի ցուցումը՝ Բուդաղյանին հարցաքննելու մասին, ինչը, ըստ նրա, նշանակում է, որ դատավարական հսկողություն իրականացնող դատախազը մինչդատական փուլում կարեւորել է նրա հարցաքննությունը, սակայն, չգիտես ինչու, վերջինս չի ընդգրկվել դատակոչված վկաների ցուցակում․ «Դրանից բացի, գործում առկա է ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 9-րդ կայազորային քննչական բաժնի պետի գրությունը՝ ուղղված Արտակ Բուդաղյանին, որով բարձրացվել են գործի համար առանցքային նշանակության հարցեր, եւ ինչպես այդ հարցերին, այնպես էլ ցուցմունքով Արտակ Բուդաղյանը տվել է էական նշանակություն ունեցող փաստական տվյալներ, որոնք առանցքային են սույն քրեական գործի համար»։
Մեղադրող եւ տուժող կողմերը չառարկեցին միջնորդության դեմ
Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնեց հանրային մեղադրող Հայկ Մարգարյանը՝ նախ նշելով, որ հիշյալ անձինք դատակոչի ցուցակում չեն ընդգրկվել, քանի որ նախաքննական մարմինը նրանց ցուցմունքները էական չի համարել, սակայն դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցների եւ հարցաքննված վկաների ցուցմունքների պայմաններում ինքը եւս կողմ է, որ նրանք դատակոչվեն եւ հարցաքննվեն․
Լուսանկարում՝ դատախազ Հայկ Մարգարյանը
«Ես չեմ առարկում միջնորդության դեմ, ընդամենը մեկ նկատառում․ Գարիկ Մովսեսյանը ՀՕՊ զորքերի պետ է նշանակվել ՀՀ նախագահի՝ 2021 թ․ օգոստոսի 17-ի հրամանագրով, ըստ այդմ, այդ մասով առարկում եմ, եւ որպես ի գիտություն՝ պատերազմի ժամանակ ՀՕՊ զորքերի վարչության պետը եղել է Արմեն Վարդանյանը, ըստ այդմ, միջնորդում եմ, որ նույն տրամաբանությամբ հրավիրվի ոչ թե Գարիկ Մովսեսյանը, այլ Արմեն Վարդանյանը»,- ասաց մեղադրողը։
Նորայր Նորիկյանը համաձայնեց դիտարկմանը։ Տուժողների իրավահաջորդները նույնպես միացան միջնորդությանը։
Դատարանը միջնորդությունը բավարարեց մասնակի
Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել մասնակի․ զորամասերի նախկին հրամանատարներ (ներկայումս ծառայության մեջ են) Բուդաղյանին եւ Գեւորգյանին դատակոչելու մասով բավարարել, իսկ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի, ՀՕՊ վարչության նախկին եւ ներկա պետեր Գարիկ Մովսեսյանի եւ/կամ Արմեն Վարդանյանի մասով՝ հետաձգել մինչ էական հանգամանքների պարզումը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը պարզաբանեց՝ որոշումը պայմանավորված է նախ նրանով, որ պաշտպանության կողմը պետք է հնարավորություն ունենա հավասար պայմաններում դատարան կանչելու եւ հարցաքննելու վկաների։ Դրանից բացի, դատավորը նշեց՝ նախկին հրամանատարներին կարող են անմիջականորեն հայտնի լինել գործի համար կարեւոր նշանակություն ունեցող տեղեկություններ, իսկ մյուսներին՝ դատարանի այս պահի գնահատմամբ՝ միայն ընդհանրական բնույթ ունեցող տեղեկություններ։ Դատարանը հետաձգված միջնորդությանը կանդրադառնա հիշյալ երկու վկաներին հարցաքննելուց հետո։
Լուսանկարում՝ նախագահող դատավոր Դավիթ Հարությունյանը
Այսօրվա դատական նիստին պետք է հարցաքննվեր վկա Երվանդ Իսկանդարյանը․ վերջինս պատշաճ ծանուցվել, սակայն նիստից րոպեներ առաջ էր միայն տեղեկացրել, որ առողջական խնդիրների պատճառով չի կարող ներկայանալ։ Դատարանը տեղեկացրեց, որ հավաստող փաստաթղթի բացակայության դեպքում նրան բերման ենթարկելու որոշում կկայացվի։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց մայիսի 12-ին։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Վերանյանը, ըստ մեղադրանքի, 2020թ. հոկտեմբերի 9-ին վերադաս հրամանատարությունից ստացել է հրաման՝ զորամասի ողջ, այդ թվում՝ ինժեներասակրավորային վաշտի (այսուհետ նաև` ԻՍՎ) անձնակազմը Արցախի Արծվաշեն գյուղից Ջրական տեղափոխելու մասին։ Իշխանաձոր գյուղի տարածքում նկատելով, որ ԻՍՎ-ի անձնակազմը տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան կանգնած է, իսկ անձնակազմը՝ ցրված ու պատսպարված դրա շրջակայքում՝ իր մոտ է հրավիրել ԻՍՎ-ի հրամանատար, կապիտան Տարոն Նիկողոսյանին եւ հարցրել, թե ինչու անձնակազմը չի տեղաշարժվում։ Տեղեկանալով, որ պատճառը օդում լսվող անօդաչու թռչոք սարքի ձայնն է՝ Վերանյանը, այնուհանդերձ, հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը։
Րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է մեքենային, ինչի հետեւանքով բռնկված հրդեհից դրանում գտնվող 18 զինծառայողները զոհվել են, 1-ը՝ ստացել մարմնական վնասվածքներ։ Վիրավորվել են նաեւ «Ուրալ»-ի առջեւից երթեւեկող մեքենայում գտնվող ինժեներասակրավորային ծառայության պետ, մայոր Խորեն Մելիքյանը եւ այրվող մեքենայում գտնվող շարքային զինծառայող Ա․ Օհանյանի հայրը՝ Հարություն Օհանյանը։ Ըստ մեղադրանքի՝ ավտոմեքենայի եւ դրանում եղած զենքերի այրման եւ հետագա շահագործման համար ոչ պիտանի դառնալու հետեւանքով պետությանը պատճառվել է ավելի քան 21 միլիոն ՀՀ դրամի գույքային վնաս:
Գլխավոր լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը
Միլենա Խաչիկյան
comment.count (0)