Շարունակվում է 44-օրյա պատերազմի ժամանակ Իշխանաձորի խաչմերուկում 16 զինծառայողների եւ 2 սպաների զոհվելու գործով դատաքննությունը։ Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավան եւ Նոր Նորք նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այս գործով հերթական նիստն էր հրավիրվել, որը, սակայն, ըստ էության չկայացավ․ բանն այն է, որ գործով վկաները չէին ներկայացնել նիստին։
Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի փոխգնդապետ Անդրանիկ Վերանյանը։ Հիշեցնենք, որ մեղադրանքի համաձայն՝ վերջինս 2020թ․ հոկտեմբերի 9-ին ստացել է հրաման` զորամասի անձնակազմը Հորադիսի շրջանից տեղափոխել Տիլ գյուղ: Իշխանաձորի հատվածում լսվել է անօդաչու թռչող սարքի ձայն, բայց փոխգնդապետը հրամայել է նստել ավտոմեքենան եւ շարունակել ճանապարհը։ Բայց րոպեներ անց ԱԹՍ-ն հարվածել է «Ուրալ»-ին․ զոհվել է 18 զինծառայող, մեկը ստացել է մարմնական վնասվածքներ:
Զոհված զինծառայողներից մեկի հայրը՝ Հարություն Օհանյանը, ականատես է եղել այս դեպքին։ Վերջինս է 2020թ․ դեկտեմբերին հանցագործության մասին հաղորդում ներկայացրել այն մասին, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում ռազմական դրություն հայտարարվելուց հետո ինքը, տեղեկանալով, որ որդուն՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի պարտադիր ժամկետային զինծառայող Արման Օհանյանին, զորամասի կազմում տեղափոխել են Արցախի Հանրապետություն, իր անձնական «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով մեկնել է որդու մոտ, որտեղ 2020թ. դեկտեմբերի 9-ին սպայական անձնակազմը հայտնել է, որ վաշտը պետք է տեղափոխվի Ջաբրաիլի տարածք:
Երթի ընթացքում, Իշխանաձորի տարածքում թշնամու հարվածային անօդաչու թռչող սարքի ձայն լսելով, կանգնեցրել են ավտոմեքենաները, իջել ու ցրվել տեղանքում: Դրանից հետո իրենց մոտ է եկել վերը նշված զորամասի հրամանատարի՝ մարտական գծով տեղակալ Անդրանիկ Վերանյանը, օդում ԱԹՍ-ի ձայնը լսելի լինելու պայմաններում հրաման է տվել անձնակազմին կրկին նստել ավտոմեքենան եւ շարունակել երթը, ապա շուրջ 18 զինծառայող նրա հրամանի համաձայն նստել է ավտոմեքենան, եւ երթից մոտ 5 րոպե անց ԱԹՍ-ն հարվածել է վերը նշված բեռնատար ավտոմեքենային, որի հետեւանքով առաջացած հրդեհից Օհանյանի որդին՝ Արման Օհանյանը, ու վերջինիս համածառայակիցները զոհվել են։
Անդրանիկ Վերանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա խափանման միջոցը կալանքից փոխվել է չհեռանալու մասին ստորագրության։
Այսօր դատարան չէր ներկայացել երկու վկա, մեկը՝ Արտակ Մախսուդյանը, մյուսը՝ Արտյոմ Պողոսյանը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը հաղորդեց, որ Արտյող Պողոսյանը հեռախոսակապի միջոցով տեղեկացրել է, որ դեռեւս արտասահմանում է՝ գործուղման մեջ, ու Հայաստան է վերադառնալու նոյեմբերի 29-ին կամ 29-ից հետո։ Իսկ մյուս վկան երեկ հեռախոսով ասել է, որ թեեւ առողջական խնդիրներ ունի ու բժշկական միջամտության հարցեր կան, այնուամենայնիվ կներկայանա դատարան, սակայն չի եկել։
Դատավորի տեղեկացմամբ՝ նիստից առաջ փորձել են կապ հաստատել Մախսուդյանի հետ, սակայն վերջինս հեռախոսազանգերին չի պատասխանել, հետեւաբար նրա ներկա չլինելու պատճառները դատարանին հայտնի չեն։
Այս պայմաններում դատարանը խնդրեց մեղադրող եւ պաշտպանական կողմերի կարծիքները։ Մեղադրող դատախազը նկատեց՝ կոնկրետ վկան՝ Մախսուդյանը, արդեն մի քանի անգամ է՝ նման պատճառաբանությամբ չի ներկայացել դատարան, բայց մինչ այս որեւէ տեսակի բժշկական փաստաթուղթ չի ներկայացվել։
Արձագանքելով դատախազին՝ դատավորը նշեց, որ վկան բանավոր որոշակի տեղեկություններ հաղորդել է, բայց քանի որ դրանք առողջական վիճակին են վերաբերում եւ կարող են բժշկական գաղտնիք պարունակել, ինքը նպատակահարմար չի համարում նիստի ժամանակ բարձրաձայնել։ Միեւնույն ժամանակ, դատավորը նշեց, որ, իր ունեցած տեղեկություններով, այնպիսի վիճակ է եղել, որը չէր խոչընդոտի հարցաքննվել։
Դատախազն էլ, ընդգծելով, որ վկան մի քանի անգամ նման պատճառաբանությամբ դատական նիստի չի ներկայացել, միջնորդեց նրան բերման ենթարկել հաջորդ դատական նիստին՝ անկախ նրա կարգավիճակից եւ առողջական վիճակից։
Պաշտպանական կողմը դատախազի միջնորդությանը չառարկեց, ավելին՝ տեղին համարեց այն՝ նշելով, որ դատարանը պիտի միջոցներ ձեռնարկի ինչպես այս վկայի, այնպես էլ մյուս վկայի՝ դատական նիստին ներկա լինելու մասով։
Դատավորն արձագանքեց, որ մյուս վկան՝ Արտյոմ Պողոսյանը, հայտնել է, թե որտեղ է, որ երկրում է գործուղման, սակայն, քանի որ խոսքը զինվորական գործուղման մասին է, նպատակահարմար չէ հրապարակել այդ տվյալները, բայց դրանք դատավորն արժանահավատ գնահատեց։
Իսկ ահա ինչ վերաբերում է Մախսուդյանին, դատավորն ընդգծեց որ նա հատկապես պատրաստակամություն ուներ ներկայանալ դատարան։ Հաշվի առնելով, որ կողմերն առարկություն չունեն, դատարանը հայտարարեց, որ որոշում կկայացվի նրան բերման ենթարկելու մասին, ու վկան հարկադրաբար կներկայանա դատարան։
Հաջորդ նիստը նշանակվեց նոյեմբերի 25-ին, ժամը 13:00-ին։
Լուսանկարում՝ Անդրանիկ Վերանյանը
Հայարփի Բաղդասարյան
comment.count (0)