«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին
16:38 - 04 մայիսի, 2023

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտման» շարժումը դիմել է ՀՀ Ազգային ժողովի խմբակցություններին՝ կոչ անելով միանալ պահանջագրին

«Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խումբը նամակներ է ուղարկել ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր», «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների ղեկավարներին և բոլոր պատգամավորներին՝ կոչ անելով միանալ change.org  հարթակում՝ հրապարակված պահանջագրին: Այս մասին տեղեկացնում է «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» խումբը։

«Արցախցի մի խումբ երիտասարդների նախաձեռնած պահանջագրով միջազգային հանրությանը պահանջ է ներկայացվում գործուն քայլեր ձեռնարկել Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու և 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների, ինչպես նաև ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2021թ-ի դեկտեմբերի 7-ի, 2023թ-ի փետրվարի 22-ի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2020-2022թթ. որոշումների կատարումն ապահովելու ուղղությամբ: 

«Համոզված ենք, որ որպես ՀՀ օրենսդիր մարմնի ներկայացուցիչներ՝ ձեր կողմից ևս կարևորվում է այս պահանջների կատարումը, ուստի կոչ ենք անում ձեզ՝ միանալ  ստորագրահավաքին և ձեր համակիրներին ևս հորդորել միանալ նախաձեռնությանը՝ կանխելու համար արցախահայերի հայրենազրկումը»,- նշվում է նախաձեռնողների՝ խմբակցություններին ուղղված նամակում:

Պահանջագիրն առցանց հարթակում արդեն մոտ 15 հազար ստորագրություն է հավաքել: Նախաձեռնող խմբի կողմից ստորագրահավաք է կազմակերպվել նաև Ստեփանակերտում և Արցախի բոլոր շրջաններում: Երեկվա դրությամբ պահանջագրին միացած ստորագրությունների ընդհանուր թիվը գերազանցում է 40 հազարը: 

Նախաձեռնության աջակիցների կողմից այսօր Երևանում ևս տեղադրվել են կետեր՝ ստորագրահավաքին մասնակցելու համար: 

Արցախում Ադրբեջանի էթնիկ զտման ու ցեղասպանական քաղաքականությունը դադարեցնելու պահանջագիրը հնարավոր է ֆիզիկապես ստորագրել Երևանում՝ Բաղրամյան 6, Սարյան 26 և Խորենացի 47/7 հասցեներում: 

«Մոսկվա» կինոթատրոնի հրապարակում ստորագրահավաք է նախաձեռնել նաև ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը: 

Ստորագրահավաքին առցանց հնարավոր է միանալ change.org  հարթակում՝ այս հղումով»,-նշված է հաղոդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել