ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ երեկոյան այցելել է Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ համայնք: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Նշվում է, որ վարչապետը հանդիպել է Երևանի Մ. Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի և Ներքին Բազմաբերդի Ե. Ասատրյանի անվան միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին և ուսուցչական անձնակազմին:
«Վարչապետին տեղեկացվել է, որ համագործակցային նախագծի շրջանակում երկու դպրոցների 8-րդ դասարանների աշակերտներն անցկացնում են եռօրյա միջոցառում:
Առաջին օրը երևանյան դպրոցից 10 աշակերտ հյուրնկալվել է Ներքին Բազմաբերդում, իսկ գյուղից 10 աշակերտ՝ Երևանում: 2 գիշերակացի շրջանակում վերջիններս ծանոթանում են միմյանց հետ և յուրաքանչյուրը ներկայացնում է իր տեսածը և սովորածը, կենցաղային և սովորույթային հետաքրքիր առօրյան։
Ծրագրի երկրորդ օրը կազմակերպվել է էքսկուրսիա՝ պատմամշակութային հուշարձաններ, իսկ 3-րդ օրը՝ երկու դպրոցների 8-րդ դասարանի բոլոր աշակերտները հանդիպում են Ներքին Բազմաբերդում։
Այս միջոցառման շրջանակներում աշակերտները հնարավորություն են ստանում մոտիկից ճանաչելու միմյանց, անցկացնելու մշակութային տարբեր միջոցառումներ:
Վարչապետ Փաշինյանն այցի ընթացքում զրուցել է աշակերտների և ուսուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին, աշակերտները հանդես են եկել մշակութային կատարումներով: Վերջիններս շնորհակալություն են հայտնել Նիկոլ Փաշինյանին իրենց այցելելու և հետաքրքիր զրույց անցկացնելու համար»,- ասվում է աշխատակազմի հաղորդագրության մեջ։
Ամփոփելով հանդիպումը՝ վարչապետը նշել է.
«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ՝ ինձ հրավիրելու համար, որ այս գեղեցիկ օրվան և իրադարձությանը ներկա գտնվեցի, որովհետև ես, անկեղծ ասած, այս ընթացքում շատ դրական լիցքեր ստացա բոլորիցդ: Շատ ուրախ եմ տեսնել, որ այսօր մեր հանրակրթության ոլորտում այսպիսի պրակտիկա կա, որ երեխաներն այսպես՝ շենքից դուրս, դպրոցից դուրս, դասարանից դուրս հավաքվում են և շփվում են ոչ միայն կողքի դպրոցի, կողքի դասարանի հետ, այլև գյուղական բնակավայրում գտնվող դպրոցի հետ:
Եվ այս շփումը ես շատ կարևոր և ոււսանելի եմ համարում բոլորի համար: Իհարկե հույս ունեմ, որ նորանոր առիթներ կունենամ այսպիսի միջոցառումների մասնակցելու համար:
Ուզում եմ բոլորիցդ շնորհակալություն հայտնել ոգու համար, տրամադրության համար, կազմակերպման համար, հարաբերությունների համար, ցանկության համար, ստեղծագործականության համար: Եվ դա շատ կարևոր է և կրթության անբաժանելի մասն է:
Ես բազմիցս եմ ասել, անընդհատ ասում եմ, որ կրթությունից ավելի կարևոր բան չկա, և մեր բոլորիս նպատակն է այնպես անել, որ Հայաստանում կրթության մակարդակը գնալով բարձրանա: Բայց դա իհարկե չի նշանակում միմիայն ավելի որակյալ գիրք, ավելի որակյալ շենք, սա նշանակում է ավելի որակյալ մոտեցում: Եվ ես այսօր այդ որակյալ մոտեցումը տեսա, ինչի համար բոլորիցդ շնորհակալ եմ»:
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)