Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|
14:50 - 13 մայիսի, 2023

Զելենսկին մեկնել է Իտալիա․ հանդիպումներ կլինեն Հռոմի պապի ու երկրի վարչապետի հետ |news.am|

news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին շաբաթ օրը ժամանել է Հռոմ՝ բանակցելու համար Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինի հետ։

«Այսօր Հռոմում եմ,- գրել է Զելենսկին Թվիթերում։- Հանդիպելու եմ Իտալիայի նախագահ Սերջո Մատարելայի, վարչապետ Ջորջիա Մելոնիի և Հռոմի պապի հետ։ Կարևոր այց է Ուկրաինայի մոտեցող հաղթանակի համար»։

Երբ Զելենսկին ժամանել է Հռոմի «Չամպինո» ռազմական օդանավակայան, նրան դիմավորել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին։ Տայանին լրագրողներին ասել է, որ Իտալիան կշարունակի աջակցել Ուկրաինային «360 աստիճանով» և արդար աշխարհի հասնելու գործում, որը կպահպանի Ուկրաինայի անկախությունը։

Նախագահ Մատարելայի հետ հանդիպումը Կվիրինալե նախագահական պալատում առաջին պաշտոնական հանդիպումն է Իտալիայի մայրաքաղաք կատարած այցի շրջանակում, որը, ինչպես սպասվում է, տևելու է մի քանի ժամ, տեղեկացրել է The Associated Press-ը։

Ենթադրվում է, որ Զելենսկին այնուհետև կմեկնի Բեռլին։

Ուկրաինայի նախագահի ստույգ ժամանակացույցը չի հրապարակվել անվտանգային նկատառումներով, իսկ Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հետ հանդիպումը միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայի նախագահի ինքնաթիռը վայրէջք է կատարել Իտալիայում։

Իտալական պետական ռադիոն տեղեկացրել է, որ Հռոմի երկնքում անվտանգության միջոցների շրջանակում մտցվել է անթռիչք գոտի, իսկ ոստիկանական դիպուկահարները տեղակայվել են բարձր շենքերում։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին աջակցում է Ուկրաինային ռազմական և այլ օգնությամբ։ Բայց մինչ նրա ուլտրաաջ «Իտալիայի եղբայրներ» կուսակցությունը պաշտպանում է ազգային ինքնիշխանության սկզբունքը, Մելոնին ստիպված է դիմակայել կոալիցիայի երկու գործընկերներին, որոնք երկար տարիներ բացահայտ հայտարարում են, որ հիացած են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինով։ Կոալիցիայի գծով դաշնակից, նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին պարծեցել է Պուտինի հետ իր բարեկամությամբ, իսկ կառավարության գծով մյուս գործընկերը՝ Լիգայի առաջնորդ Մաթեո Սալվինին, կասկածի տակ է դրել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների արժեքավորությունը։

Մելոնին հանդիպել է Զելենսկու հետ Կիևում, 2022թ. փետրվարի 24-ին պատերազմն սկսվելու տարելիցից մի փոքր առաջ։

Ֆրանցիսկոսը, որը խաղաղության է ձգտում, վերջին անգամ Ուկրաինայի նախագահին հանդիպել է 2020թ.։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել