Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերքման պահանջի
16:21 - 13 մայիսի, 2023

Ի պատասխան Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հերքման պահանջի

Հարգելի՛ ընթերցողներ,

ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (այսուհետ՝ նաև Հանձնաժողով) մայիսի 10-ին գրություն է ուղարկել infocom.am-ի խմբագրություն՝ պահանջելով ամբողջությամբ հեռացնել մայիսի 6-ին infocom.am-ում հրապարակած «ԿԿՀ նախագահի ընտանիքի անդամները երկու տարի հայտարարագիր չեն ներկայացրել վարույթ չի նախաձեռնվել» վերնագրով հոդվածը, infocom.am-ում հրապարակել հերքում, ինչպես նաև infocom.am-ում հրապարակել հիշյալ գրությունը։

Որպես հերքման պահանջի հիմնավորում՝ Հանձնաժողովը նշել է, որ հոդվածում ներկայացված փաստերը ոչ ճշգրիտ են, չեն համապատասխանում և ճշգրտորեն չեն վերարտադրում այն տեղեկությունները, որոնք հասանելի են եղել, տրամադրվել են կամ արդեն իսկ հրապարակված են եղել։

Մեր խմբագրություն ուղարկված գրությունը հրապարակվել է նաև Հանձնաժողովի պաշտոնական կայքում, ուստի անհրաժեշտ ենք համարում ներկայացված հերքման պահանջին արձագանքել հրապարակայնորեն։

infocom.am-ի խմբագրակազմը ուսումնասիրել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գրությունում ներկայացված հերքման պահանջի հիմնավորումները և եկել է այն եզրահանգմանը, որ դրանցում բացակայում են հերքման տպագրման և հոդվածի հեռացման օրենսդրական հիմքերը, այդ թվում՝ հիմնավորված չեն փաստացի անճշտություններ, և բացակայում են իրավունքի խախտումների վերաբերյալ վկայությունները։ Հետևաբար, infocom.am-ը հրաժարվում է հերքել իր հրապարակումը։ 

Ինչ վերաբերում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պատասխանը infocom.am-ում հրապարակելուն, հարկ է նշել, որ պատասխանի հրապարակման պահանջը ևս պետք է բավարարի հերքման համար սահմանված կանոններին: Ավելին, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պատասխանը չպետք է հակասի նույն օրենքի պահանջներին և պետք է վերաբերի միայն պատասխանի առարկա տեղեկատվության մեջ տեղ գտած փաստացի անճշտություններին։ Միևնույն ժամանակ, ըստ նույն հոդվածի, այն չպետք է պարունակի պատասխանի առարկա տեղեկատվությունը պատրաստած կամ տարածած անձի, ցանկացած այլ անձի կամ նրանց գործունեության քննադատություն, եթե դա ուղղակիորեն կապված չէ այդ տեղեկատվության հետ

Հաշվի առնելով, որ ուղարկած պատասխանում Հանձնաժողովը ներառել է infocom.am-ի նախկինում հրապարակած, պատասխանի առարկա չհանդիսացող մեկ այլ հոդված, մանիպուլյատիվ մեկնաբանություն է տվել դրանում առկա տեղեկություններին և, հիմնվելով դրա վրա, իրականացրել է infocom.am-ի գործունեության ապակառուցողական քննադատություն գործարար համբավի արատավորման նպատակով՝ infocom.am-ը մերժում է նաև պատասխանի հրապարակման պահանջը։ 

Կարևոր է նշել նաև, որ հոդվածի պատրաստման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրվել են բոլոր հնարավորությունները՝ պատշաճ արձագանքելու մեր հարցադրումներին, որոնց անդրադարձ է կատարվել ուղարկված գրությունում։

Ցանկանում ենք տեղեկացնել, որ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն՝ «եթե լրատվական գործունեություն իրականացնողը հրաժարվում է տարածել հերքումը կամ պատասխանը կամ խախտում է դրանք տարածելու` սույն օրենքով սահմանված կարգն ու ժամկետը, ապա անձը, որի իրավունքները խախտվում են, իրավունք ունի օրենքով սահմանված կարգով դիմել դատարանհերքումը տարածելու և իր պատասխանը հրապարակելու հայցով»։ 

Հետևաբար, Հանձնաժողովի կողմից դատական պաշտպանության դիմելը բացառիկ հնարավորություն կստեղծի դատական քննության առարկա դարձնել Հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստացի տվյալները, ինչպես նաև հայտարարագրեր ստուգելու և վերլուծելու՝ Հանձնաժողովում գործող պրակտիկան ու դրա համապատասխանությունը օրենքին։ 

Մինչ այդ մենք առայժմ զերծ կմնանք Հանձնաժողովի փաստարկներին դետալային անդրադառնալուց և դրանց հրապարակային կարձագանքենք դատական հայցի բացակայության դեպքում։

Մեր ընթերցողներին ցանկանում ենք հավաստիացնել, որ, ինչպես բոլոր դեպքերում, այս հոդվածի դեպքում ևս infocom.am-ը օգտագործել է թեմային համապարփակ, անաչառ, օբյեկտիվ և փաստահեն անդրադարձ կատարելու հնարավոր բոլոր միջոցները։

Միաժամանակ, ինչպես վերը նշեցինք, հերքման պահանջին կից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հիշատակել է infocom.am-ի նախկինում հրապարակած հոդվածներից մեկը՝ պնդելով, թե «առաջին անգամը չէ, որ Ինֆոքոմը փաստացի հրապարակում է սխալ կամ թյուր տեղեկատվություն, հետո ընդունում իր սխալը, ճշգրտում այն»։

Ցանկանում ենք նշել, որ Հանձնաժողովը մանիպուլացրել է այս հոդվածում առկա տեղեկությունները, ինչպես նաև իր հետ ունեցած մեր գրագրությունն ու հաղորդակցությունը՝ ստեղծելով թյուր տպավորություն, թե infocom.am-ը նախկինում հրապարակել է սխալ կամ թյուր տեղեկություններ՝ այդպիսով արատավորելով infocom.am-ի գործարար համբավը։

Այսպես infocom.am-ի՝ ավելի քան մեկ տարի առաջ հրապարակված հոդվածը, որին հղում է արել Հանձնաժողովը, վերաբերում է 8-րդ գումարման Ազգային ժողովի որոշ պատգամավորների հայտարարագրերի թեմային։

Նշելով «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում հայտարարագրեր չներկայացրած պատգամավորներին՝ մենք մեջբերել էինք Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 16928-րդ հոդվածի 1-ին մասը։ Այն սահմանում է, որ հայտարարատու անձը ենթարկվում է վարչական պատասխանատվությանեթե «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետները լրանալուց հետո՝ 30-օրյա ժամկետում, Հանձնաժողովի գրավոր ծանուցման հիման վրա դարձյալ չի ներկայացնում հայտարարագիրը։

Ըստ այդմ, Հանձնաժողովին ուղղված գրավոր հարցմամբ խնդրել էինք հայտնել՝ մեր կողմից նշված պատգամավորների թվում կա՞ն այնպիսիք, որոնք համապատասխան հայտարարագիրը չեն ներկայացրել «Հանրային ծառայության մասին» օրենքի 36-րդ հոդվածով սահմանված ժամկետում, և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.28-րդ հոդվածի համաձայն՝ նախքան վարչական վարույթ հարուցելը նրանց ուղարկվե՞լ է գրավոր ծանուցում՝ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար կամ այդ մասին տեղեկացվե՞լ է էլեկտրոնային եղանակով կամ հեռախոսազանգով։

Գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հանձնաժողովը հայտնել էր հետևյալը «Վերոնշյալ հայտարարատուները ծանուցվել են էլեկտրոնային եղանակով և հեռախոսազանգով, և քանի որ Հանձնաժողովի նպատակը հայտարարագրերը ստանալն է, իսկ նշված հայտարարատուները արդեն ներկայացրել են պահանջվող հայտարարագրերը, հետևաբար հանձնաժողովում վարույթներ չեն հարուցվել»։

Քանի որ մեր հարցը վերաբերում էր կոնկրետ լրացուցիչ 30-օրյա ժամկետ տրամադրելու համար ծանուցելուն, մենք ողջամտորեն ենթադրել ենք, որ ստացված պատասխանում Հանձնաժողովը ևս նկատի է ունեցել հենց այդ ծանուցումը։ Մինչդեռ հոդվածի հրապարակումից հետո մեզ հետ կապ է հաստատել Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը՝ պարզաբանելով, որ իրենք նկատի են ունեցել, որ այդ անձանց ծանուցել են տեղեկացնելու համար, որ նրանք այսուհետ հայտարարատու անձինք են։ Այսինքն՝ այն հանգամանքը, որ infocomam-ը լրացրել է հոդվածի այդ հատվածը, ոչ թե նշանակում է, որ հրապարակել է սխալ կամ թյուր տեղեկություն, հետո ընդունել իր սխալը և ճշգրտել, ինչպես Հանձնաժողովն է փորձ արել ներկայացնել, այլ փաստում է, որ Հանձնաժողովը լրացուցիչ ժամանակի ծանուցման վերաբերյալ շատ հստակ ձևակերպված մեր հարցին տվել է մի պատասխան, որն իրականում այդ հարցի պատասխանը չէր (քանի որ մենք չէինք հարցրել՝ այդ պատգամավորները իրազեկման կարգով ծանուցվե՞լ են, որ հայտարարատու անձինք են թե՞ ոչ), և ընդ որում, ստացված պատասխանից դա որևէ կերպ հասկանալի էլ չէր, ուստի մենք չէինք էլ կարող ենթադրել, որ Հանձնաժողովն իր պատասխանում կարող էր նկատի ունենալ ծանուցման մեկ այլ տեսակ։

Այսպիսով, գործընկերային հարաբերություններից ելնելով իրականացված մեր այդ քայլը՝ infocom.am-ի հարցմանը Հանձնաժողովի տված սխալ պատասխանն ուղղող՝ Հանձնաժողովի նախագահի տված մեկնաբանությունը որպես լրացում ավելացնելը, Հանձնաժողովը փորձում է ներկայացնել որպես մեր կողմից թույլ տրված սխալի ճշգրտում։

Հանձնաժողովի այս վարքագծի վերաբերյալ գնահատականները թողնում ենք անաչառ դիտորդին։

Եւ վերջում, Հանձնաժողովին հորդորում ենք իր հետագա հրապարակումներում զերծ մնալ infocom.am-ի լրագրողներին թիրախավորելուց և նրանց աշխատանքի վերաբերյալ անհարկի որակումներ տալուց։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել