Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի մեկնարկից ի վեր աջակցություն է ստացել 6409 շահառու, 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն կհամալրվի 300 մլն դրամով:
Համապատասխան որոշումը հավանություն ստացավ կառավարության նիստում:
«Նախագծով առաջարկում ենք երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի համար 2023 թ երկրորդ եռամսյակի բյուջեն համալրել 300 մլն դրամով: Ծրագրերի շրջանակում այս տարվա համար նախատեսված և հաստատված բյուջեն կազմում է 1 մլրդ 291 մլն դրամ, որը համամասնորեն բաշխվել է ըստ եռամսյակների: Սակայն ծրագիրը շարունակում է գրանցել բարձր դիմելիություն, միայն ապրիլի 30-ի դրությամբ արդեն աջակցություն է ստացել 957 շահառու, վճարվել է շուրջ 643 մլն դրամ, ևս 320 շահառուի հայտ բավարարվել է և սպասում է վճարման, որի ընդհանուր գումարը կազմում է 300 մլն դրամ»,-ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
Ծրագրի մեկնարկից մինչև այս պահը աջակցություն է ստացել 6409 շահառու, իսկ փոխանցված ընդհանուր դրամական միջոցները կազմում են 4 մլրդ 345 մլն դրամ: Ընդ որում 2021-ին աջակցություն է ստացել 1949, իսկ 2022-ին՝ 3088 շահառու: Նախարարը աջակցություն ստացած շահառուների թվի կտրուկ աճը պայմանավորեց նաև ակտիվ իրազեկման աշխատանքներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ ծրագիրն ընդունվել է 2020-ին: Ծրագրով երեխային ծննդյան դեպքում բնակարանի ձեռքբերման համար ընտանիքին ցուցաբերվում է աջակցություն:«Օրինակ, հիփոթեքային վարկի մայր գումարի որոշակի չափ ենք վճարում կամ բնակարանի ձեռքբերման համար կանխավճարի ապահովագրություն ենք իրականացնում և այդպես շարունակ»,-հիշեցրեց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ հիմա ըստ եռամսյակների՝պետբյուջեով նախատեսած գումարը ավելացնելու անհրաժեշտություն կա: «Բյուջեով նախատեսված գումարը սպառվել է, որովհետև մեր կանխատեսվածից ավելի շատ երեխաներ են ծնվել, ինչը շատ ուրախալի է»,-ասաց նա:
Վարչապետը ներկայացրեց վիճակագրական որոշ թվեր: 2023 թվականի առաջին 4 ամիսների ընթացքում ծնված երեխաների թիվը կազմում է 11 հազար 926, որը 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 1401-ով, 2021-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 532-ով, 2020-ի նույն ժամանակահատվածի համեմատ՝ 1469-ով և այլն: Վարչապետը սրանք շատ ուրախալի թվեր համարեց՝ հույս հայտնելով, որ կառավարության իրականացրած ծրագրերի շնորհիվ է դա տեղի ունենում:
Նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրեց, որ ծրագիրն ունի 3 բաղադրիչ: Մեկը, օրինակ, վերաբերում է մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու նպատակ ունեցող ընտանիքներին աջակցելուն, ընտանիքը պետք է ունենա 2 անչափահաս երեխա: Խոսքը միանվագ աջակցության մասին է: Երկրորդով աջակցություն է ցուցաբերվում կանխավճարի ապահովագրության համար: Երրորդը՝ եթե հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքում ծնվում է երեխա, պետությունը տրամադրում է աջակցություն՝ մայր գումարի մարման համար:
comment.count (0)