Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան
16:33 - 22 մայիսի, 2023

Այս պահի դրությամբ մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան․ Նիկոլ Փաշինյան

«Շառլ Միշելը հայտարարել է, որ գերեվարված անձինք առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն, իսկ մոլորված քաղաքացիները ազատ կարձակվեն արագացված ընթացակարգով»,- հիշեցրեց լրագրողը՝ նշելով, որ հայտնի է՝ ոչ Երեւանում, ոչ Բաքվում մոլորված քաղաքացիներ չկան, այդ դեպքում ինչի՞ մասին է խոսքը, հնարավո՞ր է՝ Բաքուն առաջ տանի ապրիլին ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը, որոնցից մեկը մեղադրվում է սպանության մեջ նաեւ։

«Ես հաստատում եմ, որ ընդհանրապես կա ըմբռնում, որ մոլորվելու հետեւանքով հակառակ կողմում հայտնված զինծառայողները, քաղաքացիները պետք է հեշտացված կարգով հետ վերադառնան, բայց նաեւ հաստատում եմ Ձեր ասածը, որ այս պահի դրությամբ մասնավորապես Հայաստանում մոլորված լինելու հետեւանքով ՀՀ-ում հայտնված ադրբեջանցիներ չկան։ Այսինքն՝ բոլոր ադրբեջանցիները, որոնք էս պահին Հայաստանում են, նրանք իրենց որոշմամբ որոշել եւ հատել են ՀՀ սահմանը։ Ես հաստատում եմ, որ մոլորված անձինք, ցանկացած ադրբեջանցի, որ մոլորված լինելու հետեւանքով կհայտնվի ՀՀ-ում, հեշտացված կարգով հնարավորինս արագ կվերադարձվի Ադրբեջանին, բայց էս պահին այդպիսի քաղաքացիներ մենք չունենք»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հարաբերությունների կարգավորումը շատ կարեւոր եւ բարդ որոշումների կայացում է նախատեսում, բայց դա միակողմանի չի կարող լինել։

«Այո, մենք պատրաստ ենք քննարկել [ՀՀ սահմանը հատած ադրբեջանցիների արտահանձնման հարցը], իհարկե, իրավական ընթացակարգերն անցնելուց հետո, որովհետեւ մենք մյուս կողմից չենք կարող անտեսել, որ ՀՀ քաղաքացի է սպանվել, բայց որեւէ մեկի անմեղության կանխավարկածն էլ չենք խախտում։ Նախաքննության փուլում է, եթե չեմ սխալվում, հարցը, եւ համապատասխան եզրակացությունը կլինի, կուղարկվի դատարան, դատարանը որոշում կկայացնի, որից հետո իրավական ընթացակարգերը հնարավոր են համարում ամենատարբեր լուծումներ»,- ընդգծեց վարչապետը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել