news.am: ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ՀԱՊԿ ՊՆ ղեկավարների նիստին չմասնակցելը կապ չունի Հայաստան–ՀԱՊԿ հարաբերությունների հետ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` անդրադառնալով հարցին, արդյոք սրանք ՀԱՊԿ–ից դուրս գալու նախանշաններ չեն։
«Մանրամասներին չեմ տիրապետում, վստահ եմ, որ քաղաքական մեկնաբանություն չկա այս հարցի վերաբերյալ։ Կարծում եմ` դրանք կապ ունեն պաշտպանության նախարարի այլ գործերի, այլ տեխնիկական հարցերի հետ»,– նշեց Հովհաննիսյանը։
Նա վստահեցրեց` նիստին չմասնակցելու ենթատեքստը քաղաքական չէ։
Հիշեցնենք` Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստը։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի փոխարեն Բելառուսի մայրաքաղաք է մեկնել կազմակերպության միացյալ շտաբում Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արտակ Տոնոյանը։
Նիստին մասնակցում են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ Անատոլի Սիդորովը։
comment.count (0)