Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը
 |armenpress.am|
15:33 - 30 մայիսի, 2023

Երևանում հասարակական տրանսպորտը համալրվեց նոր էկո ավտոբուսներով. կայացավ ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը |armenpress.am|

armenpress.am: Երևանում հասարակական տրանսպորտային միջոցները համալրվեցին նոր էկո ավտոբուսներով. Շահումյանի հրապարակում կայացավ  ավտոբուսային նոր պարկի պաշտոնական բացումը։

Ավտոբուսները ձեռք են բերվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) և Արևելյան Եվրոպայի էներգետիկ արդյունավետության և Շրջակա միջավայրի գործընկերության (E5P) հիմնադրամի ֆինանսավորման օգնությամբ:

Պարկը համալրված է 87 նոր MAN ավտոբուսներով, որոնք երթուղի դուրս կգան հունիսի 1–ից։ Դրանք կսպասարկեն N 5 ավտոբուսային երթուղին (Իսակովի պողոտայից Մաշտոցի պողոտա, Աբովյան փողոց , Մյասնիկյան պողոտա , Գայի պողոտա և մինչև Ջրվեժ)ինչպես նաև նոր ուղղություն` դեպի «Զվարթնոց» օդանավակայան («Զվարթնոց»-Իսակովի պողոտա-Հաղթանակի կամուրջ-Մաշտոցի պողոտա-Ֆրանսիայի հրապարակ):

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը շնորհավորեց բոլորին նոր ավտոբուսային պարկի բացման կապակցությամբ՝ նշելով, որ սրանով ևս մեկ քայլ է իրականացվում Հայաստանում ավելի կայուն և արդյունավետ տրանսպորտային համակարգ ունենալու համար:

«Ուզում եմ  կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրոպական միությանը և ՎԶԵԲ-ին՝ «Կանաչ Երևան»-ի մեր տեսլականն իրականություն  դարձնելու գործում իրենց ունեցած ներդրման համար: Նման ծրագրերի իրականացումը ցույց է տալիս Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության բարձր մակարդակը: Նոր ավտոբուսային պարկի բացումը ոչ միայն ներդրում է ենթակառուցվածքների զարգացման, այլ նաև մեր քաղաքացիների կյանքի որակի բարելավման և քաղաքի կենսունակությունը բարձրացնելու գործում»,-ասաց Մհեր Գրիգորյան:

 Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշեց, որ Երևանում արագ տեմպերով ընթանում են հասարակական տրանսպորտի բարեփոխումները և այս ավտոբուսների ձեռքբերումը այդ գործընթացի կարևորագույն քայլերից մեկն էր:

«Բարեփոխումների  այս շրջափուլում մենք ունենք արդեն իսկ հիմնարար հենք պնդելու, որ Երևանում հին գազելների հետ կապված պատմությունը 2023 թվականի սեպտեմբերի սկզբին ամբողջապես ավարտված է լինելու: Շարժակազմի փոխարինումը կարևորագույն շրջափուլ էր, որը մենք, կարելի է ասել, 70-80 տոկոսով իրականացրել ենք: Հիմա եկել է ժամանակը շարժակազմի էլեկտրոնային կառավարման ամբողջական նոր համակարգ ներդնելու, որպեսզի մարդկանց րոպեներով տեղեկացնենք ավտոբուսների տեղաշարժի և ժամանման մասին: Եվ իհարկե, հետագայում էլ ավելի շատ «կանաչ» տրանսպորտ ունենալու ճանապարհին Երևան քաղաքը պլանավորում է իր հին Չինական ավտոբուսները փոխարինել ամբողջապես էկո  ավտոբուսներով»,- ասաց քաղաքապետի տեղակալը:

 ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ուրախությամբ նշեց, որ նոր ավտոբուսների գործարկումը ոչ միայն կնվազեցնի արտանետումները և ավելի մաքուր օդ կապահովի Երևանում, այլ նաև կփոխի ամբողջ մոտեցումը հասարակական տրանսպորտի հանդեպ:

«Այս ավտոբուսները կապահովեն նաև ներառականությունը, քանի որ նրանք հատուկ հարմարեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հասանելիություն ապահովելու համար: Արդեն 87 այսպիսի ավտոբուսներ գտնվում են Երևանում և սա ապացուցում է, որ Եվրամիությունը ոչ միայն մտադիր է, այլ նաև ի վիճակի է իր խոստումները պահել»,- ասաց Վիկտորինը:

 ՎԶԵԲ-ի երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացին իր խոսքում նշեց, որ ցանկացած երկրում ածխածնի երկօքսիդի արտանետումների ամենամեծ մասը հենց հանրային տրանսպորտի կողմից է, և սա այն հարցն է, որ իրենք  փորձում են մեղմացնել՝ նոր ավտոբուսներ ներկրելով Երևան:  

Բացման արարողությանը ներկա էին նաև Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը և  ՎԶԵԲ փոխտնօրեն, E5P հիմնադրամ Եվա Մանիկը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել