Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը
16:20 - 03 հունիսի, 2023

Էրդողանը երդմամբ ստանձնեց նախագահի պաշտոնը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը ձայների 52% մեծամասնությամբ հաղթել էր մայիսի 28-ի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, երդման արարողությամբ ստանձնեց նախագահի պաշտոնը։

Էրդողանը իր մանդատը ստացավ Ազգային մեծ ժողովի ամենատարեց պատգամավոր ու ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիի կողմից, որը թուրքական ազգայնական «Գորշ գայլեր» խմբավորման առաջնորդն ու Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդն է։

Արարողությանը ներկա են 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաններ, այդ թվում՝ 21 պետությունների ղեկավարներ և 13 վարչապետներ, բազմաթիվ նախարարներ։ Արարողությանը ներկա են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Թյուրքական պետությունների կազմակերպության քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտոիղար Յենս Ստոլտենբերգը, Իսլամական համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Հուսեյն Իբրահիմ Թահանը։ 

Նշենք, որ երդման արարողությանը մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, Պակիստանի վարչապետի Շահբազ Շերիֆը, Ալժիրի, Ռուանդայի, Վենեսուելայի, չճանաչված Հյուսիսային Կիպրոսի առաջնորդները, ինչպես նաև ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

Երդման արարողությունից հետո՝ Երեւանի ժամանակով ժամը 18։00-ին, Էրդողանը կայցելի Անըթքաբիր՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան։ Օրվա վերջում Էրդողանը տոնական ընթրիք կմատուցի հյուրերի պատվին։

Սպասվում է, որ տոնական ընթրիքից հետո Էրդողանը կհայտարարի նոր կառավարության կազմը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել