Կավելացվեն Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները
 |1lurer.am|
12:22 - 08 հունիսի, 2023

Կավելացվեն Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները |1lurer.am|

1lurer.am: Քրեական ոլորտը կարգավորող նոր օրենսդրությամբ Պրոբացիայի ծառայության գործառույթներն ավելացել են, գրեթե կրկնապատկվել են՝ ծառայության կողմից նոր պատիժների կատարմամբ, ինչպես նաև նոր խափանման միջոցների կիրառմամբ պայմանավորված: Այդ մասին Կառավարության հունիսի 8-ի նիստին հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Ըստ նախարարի՝ ավելացել են նաև պրոբացիայի այցերը շահառուների բնակության կամ աշխատանքի՝ բժշկական օգնության և սպասարկում իրականացնող այլ վայրեր:

«Անհրաժեշտություն է առաջացել որոշ մարզերում ներդնել շարժական տրանսպորտային գրասենյակներ, որոնք կահավորված կլինեն գույքով և անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով, ինչը հնարավորություն կստեղծի իրականացնել պրոբացիայի շահառուների ընդունելությունը, համապատասխան հաշվառման և այլ անհրաժեշտ գործառույթները:

Շարժական տրանսպորտային գրասենյակներում աշխատանքներ իրականացնող ծառայողները, նախապես տեղյակ պահելով շահառուներին, սահմանված օրերին կշրջեն նրանց բնակության վայրերով, կհաշվառվեն, կբացատրվեն իրավունքներն ու պարտականությունները, կիրականացնեն պատժի կամ վերահսկողության կատարման համար օրենքով սահմանված բոլոր գործառույթները»,- ասաց նա:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ շարժական տրանսպորտային գրասենյակների ներդրմամբ կիրականացվի նաև ծառայության գրասենյակների օպտիմալացում և կենտրոնացած կառավարում: Այն քաղաքներում, որտեղ շահառուները քիչ են, գրասենյակները կփակվեն, և կենտրոնացումը կլինի մարզային գրասենյակներում, մարզկենտրոններում:

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի դեկտեմբերի 29-ի N 2111-ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որով 85,000.0 հազ․ դրամ գումարի չափով կավելացվեն Պրոբացիայի ծառայությանը հատկացված դրամական միջոցները»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել