ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար
 |armeniasputnik.am|
12:33 - 08 հունիսի, 2023

ՀՀ-ն առարկություն կներկայացնի ՄԻԵԴ` առևանգված զինվորների դեմ քրեական հետապնդման համար |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Հայաստանն առարկություններ կներկայացնի ՄԻԵԴ՝ կապված Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողների դեմ քրեական հետապնդում հարուցելու հետ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նախօրեին միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը հայտնել էր, որ Ադրբեջանը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացրել երկու հայ զինծառայողների վերաբերյալ տվյալներ։

Առևանգված 2 հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։ Ադրբեջանը ՄԻԵԴ-ին տեղեկացրել է, թե ինչ հոդվածներով են դրանք հարուցվել։ «Մեր կարծիքով, սա հերթական ապօրինությունն է, որը կատարվել էր նաև նախորդ դեպքերով գերեվարված անձանց նկատմամբ։ Այս մասով մենք դեռ մեր առարկությունները կներկայացնենք Եվրոպական դատարան»,- ասաց Կիրակոսյանը։

Ադրբեջանական կողմը ներկայացրել են նաև առողջական վիճակի և պահման պայմանների վերաբերյալ որոշակի բժշկական տեղեկանքներ և մի շարք այլ մանրամասներ, որոնք պետք է վկայեն, որ Բաքուն կատարում է կոնվենցիայի պահանջները։

Հայկական կողմը մանրամասն ուսումնասիրում է այդ փաստաթղթերը։ Մինչև հունիսի 16-ը ՄԻԵԴ-ը հայկական կողմին ժամանակ է տվել մեկնաբանություններ ներկայացնելու համար։

«Մինչև ամսի 16-ը մենք մեր դիրքորոշումները կներկայացնենք, և դրա հիման վրա դատարանը որոշում կկայացնի»,- ասաց Կիրակոսյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 26-ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր: Ավելի ուշ հայտնաբերվել է զինծառայողների կողմից շահագործվող թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որը բեռնված է եղել սննդով և ջրով՝ նախատեսված մարտական հենակետերի համար։ Պարզվել է, որ նրանց ապօրինի առևանգել է ադրբեջանական կողմը՝ «դիվերսանտներ» համարելով։ Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու, զինծառայողներին առևանգելու, նրանց կամքին հակառակ կամ նրանց կամքն անտեսելով տեղափոխելու հանցավոր արարքների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ավելի ուշ՝ մայիսի 28-ին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակը ՄԻԵԴ էր ներկայացրել Ադրբեջանի իրավասության ներքո գտնվող ՀՀ ԶՈՒ երկու զինծառայողների հիմնարար իրավունքների պաշտպանության վերաբերյալ դիմում և պահանջել, որպեսզի Դատարանի կանոնագրքի 39-րդ կանոնի համաձայն միջանկյալ միջոց կիրառվի Ադրբեջանի նկատմամբ՝ զերծ մնալու հայ զինծառայողների իրավունքների խախտումներից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր որոշում և պահանջել Ադրբեջանից մինչև սույն թվականի հունիսի 6-ը ներառյալ տրամադրել տեղեկություն, թե արդյո՞ք 2 զինծառայողները գերու կամ այլ կարգավիճակում գտնվում եմ Ադրբեջանի տիրապետության տակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել