Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին
 |armeniasputnik.am|
14:54 - 09 հունիսի, 2023

Որևէ մեկը կասկածի տակ չի դնում Հայաստանի ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպման արդյունքները։

Նրա խոսքով՝ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մասնակցությամբ բանակցությունները տևել են 9 ժամ։

«Սկզբունքորեն տեքստը պատրաստվածության բարձր աստիճանի վրա է, կա երկու-երեք անհամապատասխանություն, որոնք դեռ լրացուցիչ քննարկման կարիք ունեն։ Սկզբունքային պահն այն է, թե աշխարհագրորեն որ մասով է անցնելու երկաթգիծը։ Մենք դա հնչեցրել ենք, պայմանավորվել ենք, թե ինչպես է իրականացվելու բեռների մաքսային հսկողությունը», - ասաց Օվերչուկը։

Ըստ ՌԴ փոխվարչապետի՝ դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։ Նա ընդգծեց՝ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները:

Ճշտող հարցին, թե արդյոք քննարկվել է ՌԴ ԱԴԾ աշխատակիցների հնարավոր մասնակցության հարցը՝ վերահսկողության, անվտանգության ապահովման առումով, Օվերչուկը պատասխանեց՝ դա կախված է Հայաստանի Հանրապետությունից:

Հիշեցնենք՝ հունիսի 2-ին Մոսկվայում անցկացվեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Հանդիպումից հետո կառավարությունը հայտարարեց, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել