Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Սյունիքի մարզպետը` Ադրբեջանի սադրանքի մասին
 |armeniasputnik.am|
11:04 - 16 հունիսի, 2023

Սա հայ–ռուսական հարաբերությունների դեմ է. Սյունիքի մարզպետը` Ադրբեջանի սադրանքի մասին |armeniasputnik.am|

armeniasputnik.am:  Կապանի մոտ գտնվող հայկական դիրքերի գնդակոծումն ուղղված է հայ-ռուսական հարաբերություններին։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, ՌԴ պատվիրակության հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն արեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

«Երեկ ադրբեջանական ԱԹՍ-ները կրակ էին բացել Կապանի մոտակայքում գտնվող հայկական դիրքերի ուղղությամբ։ Կարծում եմ` սա նպատակաուղղված է հայ–ռուսական հարաբերությունների, Ռուսաստանի դեմ, որովհետև միայն այն փաստը, որ նման մեծ պատվիրակություն է այս պահին տարածաշրջանում` այս քաղաքում, նրանք պետք է հասկանային և նման բան թույլ չտային»,- նշեց մարզպետը։

Նա հավելեց, որ իրենք շատ լավ գիտակցում են այս ամենի նպատակը` թույլ չտալ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև սերտ կապեր լինեն։

Մարզպետը շեշտեց, որ, բարեբախտաբար, զոհեր չունենք, միայն մեկ զինծառայող է վիրավորվել Տեղի մոտ։ Ըստ նրա` այս պահին իրավիճակը հանդարտվել է։

«Նրանք ցանկանում էին հարված հասցնել մեր հարաբերություններին։ Բայց դուք լավ գիտեք Սյունիքը և գիտեք, թե այստեղ մարդիկ ինչպես են վերաբերվում Ռուսաստանի Դաշնությանը, կարևորում այս կապերի պահպանումը»,- ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասաց մարզպետը։

Ղուկասյանը հավելեց, որ հայ-ռուսական հարաբերությունները պետք է ամենաբարձր մակարդակի վրա լինեն։ Խոստացավ` անելու են ամեն բան, ինչ իրենցից է կախված, որ ապագա սերունդներն անգամ ավելի սերտ հարաբերություններ ունենան, քան այսօր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել