armenpress.am: Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չեն եղել Հայաստանի վարչապետի՝ նույն հանձնաժողովում ներկայացրած փաստարկների հետ:
Այս մասին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստից հետո, որին մասնակցում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք համոզի՞չ էր վարչապետի ելույթը՝ Քոչարյանը դրական պատասխան տվեց: Իսկ հունիսի 27-ին քննիչ հանձնաժողովը վարչապետին կտա հարցեր ու կստանա պատասխաններ:
Անդրադառնալով Շուշիի հետ կապված վարչապետի հայտարարություններին և հարցին, թե Օնիկ Գասպարյանը Շուշիի հետ կապված ի՞նչ է ասել՝ Քոչարյանն ասաց. «Օնիկ Գասպարյանի հետ մեր հանդիպումը եղել է փակ նիստում: Օնիկ Գասպարյանի ասածները որևէ հակասության մեջ չէին Նիկոլ Փաշինյանի կողմից այսօր ներկայացված փաստարկների հետ»:
Քոչարյանը չբացառեց նաև, որ կարող է Օնիկ Գասպարյանին կրկին հանձնաժողով հրավիրելու անհրաժեշտություն առաջանալ։
Իսկ թե ինչու կյանքի չկոչվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկը՝ իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քննիչ հանձնաժողովի դռնբաց նիստ անցկացնելու վերաբերյալ, Քոչարյանն ասաց. «Տոնոյանն առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ: Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգը, աշխատակարգը: Դավիթ Տոնոյանին երկու անգամ ես առաջարկել եմ, որ ցանկացած ձևաչափով կամ մենք գնանք իր մոտ, կամ ինքը գա մեզ մոտ»:
Խոսելով ընդդիմության կողմից քննիչ հանձնաժողովի նիստին չմասնակցելու որոշման մասին՝ Քոչարյանն ասաց, որ նրանք նման որոշում են կայացրել, քանի որ փաստերի հետ առնչվելու ցանկություն չունեն։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)