Ռուսական «Վագներ» զինված խմբավորումը երեկ երեկոյան ժամը տասի սահմաններում հաղորդել է, որ խմբավորման ճամբարներին հարվածներ են հասցվել թիկունքից։ «Վագների» համոզմամբ՝ հարվածները հասցրել են ՌԴ ՊՆ զինված ուժերը։
Քիչ անց ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է վերը նշված հայտարարությունը՝ այն որակելով որպես պրովոկացիա։ ՊՆ-ն նշել է, որ խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի հայտարարությունները եւ հարվածների մասին հրապարակած տեսանյութերը չեն համապատասխանում իրականությանը։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ՊՆ-ն հաղորդագրության մեջ շեշտել է, որ զինված ուժերը շարունակում են իրականացնել մարտական առաջադրանքները «հատուկ գործողության գոտում»։
Գիշերը 2:30-ի սահմաններում «Վագները» հայտարարել է, որ գիշերը իրենց խմբավորումը ոչնչացնելու՝ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուի փորձը նորից ձախողվել է։
Այսօր առավոտյան Պրիգոժինը հրապարկել է տեսանյութ, որտեղ պնդում է, որ իր ստորաբաժանումները վերահսկողության տակ են վերցրել Ռոստովի օդանավակայանը և բոլոր ռազմական օբյեկտները։
Պրիգոժինը հայտարարել է, ՌԴ-ն շատ տարածքներ է կորցրել, զինվորներ են սպանվել՝ երեք-չորս անգամ ավելի շատ, քան հաղորդվում է «վերեւներին»։ Նա հայտարարել է, որ գլխավոր շատբի պետը, իմանալով, որ իրենք մոտենում են շենքին, փախչել է շտաբից։
Կեսգիշերն անց ՌԴ գլխավոր դատախազությունը հաղորդել է, որ քրեական գործ է հարուցվել Պրիգոժինի վերաբերյալ՝ զինված ապստամբություն կազմակերպելու հատկանիշներով։ Շեշտվել է, որ նրա գործողություններին իրավական գնահատական է տրվելու։
Ժամը մեկի սահմաններում ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ Կիեւը, օգտվելով Պրիգոժինի պրովոկացիայից, մի քանի բրիգադ է կենտրոնացրել Բախմուտի ուղղությամբ հարձակման համար։
Ժամը երկուսի սահմաններում ՌԴ գլխավոր դատախազը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է իրավիճակի մասին, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ զեկուցվել է նաեւ հարուցված քրեական գործի մասին։
Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլիյ Գոլուբեւը բնակիչներին առավոտյան կոչ է արել չերթեւեկել մ-4 մայրուղով, քանի որ դաշնային այդ մայրուղու մի քանի հատվածներում երթեւեկությունը սահմանափակված է, մեծ թվով տրանսպորտային միջոցներ են կուտակված, ու գոյացել են կիլոմետրանոց խցանումներ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն առավոտյան հաղորդել է, որ Մոսկվայում իրականացվում են հակաահաբեկչական միջոցառումներ, ճանապարհների վրա հավելյալ հսկողություն է իրականացվում, եւ հնարավոր է հանրային միջոցառումների սահմանափակում մտցվի։
Առավոտյան տասնմեկի մոտակայքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես եկավ ուղերձով, որում նշեց, որ Դոնի Ռոստովում իրավիճակը բարդ է, եւ մի շարք պետական մարմինների աշխատանք արգելափակված է։
Պուտինը նշեց, որ զինված ապստամբության սպառնալիքից հայրենիքի պաշտպանության համար իրենց գործողությունները դաժան են լինելու։ Նա հաղորդեց, որ Զինված ուժերը եւ պետական մյուս մարմինները ստացել են անհրաժեշտ հրաման․ հակաահաբեկչական բնույթի հավելյալ միջոցառումներ են իրականացվում հիմա Մոսկվայում, այլ շրջաններում։ Որոշիչ գործողություններ են իրականացվելու Դոնի Ռոստովում իրավիճակի կայունացման համար։
ՌԴ ԱԱԾ-ն հաղորդել է, որ Մոսկվա քաղաքի և Մերձմոսկվայի տարածքում հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու նպատակով հակաահաբեկչական գործողության ռեժիմ է սահմանվել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել «Վագներ»-ի մարտիկներին ուղղված կոչով, որում ասված է․ «Ձեզ խաբելով ներգրավել են Պրիգոժինի հանցավոր արկածախնդրության և զինված ապստամբության մասնակցության մեջ: Մի քանի ջոկատներից ձեր ընկերներից շատերն արդեն գիտակցել են իրենց սխալը՝ օգնություն խնդրելով՝ ապահովելու նրանց վերադարձը մշտական տեղակայման կետեր: Օգնության դիմած բոլոր մարտիկներին և հրամանատարներին մենք արդեն աջակցություն ենք ցուցաբերել»,- նշված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
«Վագների» տելեգրամյան ալիքներից մեկը կեսօրին հաղորդել է, որ խմբավորման շարասյուներից մեկի վրա հարձակում է եղել, այդ թվում՝ ավիացիայով։ Տելեգրամյան այդ գրառման մեջ նշված է․ «Քաղաքացիական պատերազմը սկսված է»։
comment.count (0)