ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի
16:07 - 07 հուլիսի, 2023

ԿԿՀ-ն իր նախագահի ու անդամների 2019-2022թթ բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն կիրականացնի

Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշել է Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն իրականացնել։ «Ինֆոքոմը» ուսումնասիրել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի 2020-2022 թվականների հայտարարագրերը, որտեղ առկա են մի շարք ուշագրավ տվյալներ, որոնք ևս կարող են Հանձնաժողովի վերլուծության առարկա հանդիսանալ։ Նաև փորձել ենք հասկանալ, թե որքանով է արդարացված օրենսդրական այն կարգավորումը, որ Հանձնաժողովն է ստուգում իր անդամների հայտարարագրերը։



Հայաստանի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննարկել է Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանի ընտանիքի անդամների կողմից 2020, 2021 թվականների գույքի, եկամուտների, ծախսերի հայտարարագրեր չներկայացնելու վերաբերյալ «Ինֆոքոմ»-ի
հրապարակումն ու որոշել իրականացնել Հանձնաժողովի նախագահի ու անդամների՝ 2019-2022 թվականների բոլոր հայտարարագրերի համալիր վերլուծություն։ Համապատասխան որոշումը կայացվել է մայիսի 22-ին։


Հանձնաժողովի՝ 2023 թվականի մայիսի 22-ի նիստի արձանագրությունից քաղվածք

«Հանձնաժողովի նախագահի և անդամների հայտարարագրերի վերլուծության արդյունքները կամփոփվեն և պատրաստ լինելուն պես կհրապարակվեն Հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- տեղեկացրել են Հանձնաժողովից՝ ի պատասխան Հայկուհի Հարությունյանի 2020 և 2021 թվականների հայտարարագրերում առկա որոշ տվյալների և Հանձնաժողովի անդամների 2021 թվականի հայտարարագրերի վերլուծության մասին «Ինֆոքոմ»-ի գրավոր հարցմանը։ Հանձնաժողովը նշել է նաև, որ վերլուծության շրջանակում, ի թիվս այլնի, ներառվել են նաև «Ինֆոքոմ»-ի բարձրացրած հարցերը։ Այդ հարցերին դեռ կանդրադառնանք այս հոդվածում։

 

2021 թվականին զրոյացած բանկային ավանդը

Հայկուհի Հարությունյանը 2020 թվականի տարեվերջի և 2021 թվականի տարեսկզբի դրությամբ հայտարարագրել է շուրջ 30.7 միլիոն դրամ՝ որպես բանկային ավանդ։ 2021-ի տարեվերջին, սակայն, բանկային այս ավանդը զրոյացել է։ 


2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային ավանդը

2021-ից սկսած՝ հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաները պարտավոր են ներկայացնել ծախսերի հայտարարագիր։ Դա ներառում է հանգստի ճանապարհածախսին և կեցությանը, շարժական ու անշարժ գույքի վարձակալության վարձավճարին, ուսման վարձավճարին, գյուղատնտեսական գործունեությանը, վարկի մարմանն ուղղված վճարումներին, անշարժ գույքի վերանորոգմանը վերաբերող այն ծախսերին, որոնց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն դրամը։ Բացի դրանից՝ հայտարարագրման ենթակա է ցանկացած այլ ծախս, այդ թվում՝ որպես նվիրատվություն տրված գույքը, որի միանվագ արժեքը հաշվետու ժամանակահատվածում գերազանցում է երկու միլիոն դրամը։

Հայկուհի Հարությունյանի հայտարարագրում ծախսեր չեն արտացոլվել, հետևաբար ողջամտորեն հարց է ծագում, թե 30.7 միլիոն դրամի չափով ավանդը 2021-ին ուր է ուղղվել, և 30.7 միլիոն դրամն ինչպես է իրացվել, որ չի գերազանցել հայտարարագրման ենթակա 2 միլիոն դրամը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարով 3 միլիոն դրամը։

«Ինֆոքոմ»-ը ապրիլի 28-ին Հանձնաժողով հարցում էր ուղարկել՝ տեղեկանալու, թե ինչ ուղղություններով են ծախսվել Հարությունյանի այդ ավանդի գումարները և ինչու չեն արտացոլվել ծախսերի հայտարարագրում։ Հարցմանն ի պատասխան՝ Հայկուհի Հարությունյանը պատասխանել է, որ «ավանդի միջոցները՝ որպես հայտարարագրման ենթակա ծախս, չեն օգտագործվել ու չեն տնօրինվել»։ 


Ապրիլի 28-ի հարցման պատասխանը

Հանձնաժողովի նախագահը նաև հայտնել է, որ նշված դրամական միջոցները գոյացել են մինչեւ 2018-ի նոյեմբերը, և դրանք ստացվել են աշխատանքային այլ գործունեության արդյունքում։ 

Մեր զրույցում Հարությունյանը պարզաբանեց՝ հայտարարագրում նշված ավանդը ոչ թե ծախսվել է կամ կորել, այլ տեղափոխվել է ընթացիկ հաշիվներ. «Ավանդն ու դրա վրա հավաքված տոկոսները տեղափոխվել են ընթացիկ հաշիվ։ Դա արտացոլված է 2022 թվականի իմ հայտարարագրում»,- հայտնեց Հայկուհի Հարությունյանը։ 

 

Մեկ օրվա ընթացքում զրոյացած դրամական միջոցներ

Հայկուհի Հարությունյանի՝ 2020-2021 թվականների հայտարարագրերում կա մեկ այլ ուշագրավ տվյալ։ 2020 թվականի տարեվերջի դրությամբ (դեկտեմբերի 31) Հարությունյանը «Դրամական միջոցներ» բաժնի «Բանկային հաշիվների մնացորդներ» ենթաբաժնում հայտարարագրել է 1 815 554 դրամ, 525 դոլար և 7084 եվրո։ Միևնույն ժամանակ, 2021 թվականի տարեսկզբի դրությամբ (հունվարի 1) բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1 815 554 դրամ։ Հանրային ծառայության մասին օրենքի 40-րդ հոդվածը սահմանում է, որ տվյալները պետք է ներառվեն դեկտեմբերի 31-ի և հունվարի 1-ի դրությամբ։ Սա նշանակում է, որ Հայկուհի Հարությունյանի դրամական միջոցներից 7084 եվրոն ու 525 դոլարը մեկ օրվա ընթացքում զրոյացել են։ 


2020 թվականի գույքի, եկամուտների և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները


2021 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված բանկային հաշիվների մնացորդները

Հարությունյանը մեր զրույցում վստահեցրեց՝ այդ միջոցները միանշանակ չեն ծախսվել. «Կարող եմ միանգամից ասել՝ անհնար է, որ դա ծախս է։ Դա կարող է հավաստվել 2022-ի հայտարարագրով, հավանաբար տեխնիկական խնդիր է»,- նշեց Հանձնաժողովի նախագահը։ 

Նրա հավաստիացմամբ՝ իր հայտարարագրին առնչվող այս դրվագները ստուգվելու են մայիսի 22-ի որոշման շրջանակում․ «ԿԿՀ անդամների հայտարարագրերի ստուգումն ընթացքի մեջ է, որպեսզի դրա նկատմամբ այլ կասկած, անաչառության հետ կապված խնդիրներ չլինեն, ԿԿՀ-ն այդ ստուգման արդյունքները կամփոփի հանրային տարբերակով։ Նույնիսկ այն տվյալները, որոնց հանրային հասանելիություն չկա, օրինակ՝ բանկային գաղտնիք և այլն, դրանք ևս վերլուծության մաս են լինելու, ու Հանձնաժողովը կներկայացնի հետաքրքրված լրագրողներին»,- ասաց Հարությունյանը՝ չբացառելով, որ այդ հայտարարագրերում կարող են լինել սխալներ։ 

 

Առերևույթ խնդիր՝ 2022 թվականի տարեկան հայտարարագրում

Հայկուհի Հարությունյանի հայտարարագրերից մեկում առկա մեկ այլ ուշագրավ դրվագ ևս կարող է Հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնալ։ 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված տվյալներից պարզ է դառնում, որ 2022 թվականի ընթացքում Հայկուհի Հարությունյանի հանձնած փոխառություններն աճել են 10.5 մլն դրամով, բանկային ավանդներն ավելացել են 17.8 մլն դրամով, բանկային հաշիվներին առկա դրամական միջոցների մնացորդներն աճել են 1.7 մլն դրամով, մոտ 3500 դոլարով և 1347 եվրոյով (տարվա վերջին առկա գումարները՝ համեմատած տարվա սկզբին առկա գումարների հետ)։ Ընդհանուր առմամբ, տարվա ընթացքում Հարությունյանի ֆինանսական միջոցներն աճել են ավելի քան 30 մլն դրամով, մոտ 3500 դոլարով ու 1347 եվրոյով, մինչդեռ նրա 2022 թվականի եկամուտները կազմել են ընդամենը 23.5 միլիոն դրամ։ 

Սրանից հետևում է, որ ֆինանսական միջոցներն ավելի շատ են աճել, քան եղել են եկամուտները։ 


2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի տարեկան հայտարարագրում ներկայացված հանձնված փոխառությունները, բանկային ավանդները և բանկային հաշիվներում առկա դրամական միջոցները

Հունիսի 27-ին գրավոր հարցմամբ Հանձնաժողովից պարզաբանումներ խնդրեցինք Հարությունյանի հայտարարագրի այս դրվագի վերաբերյալ։ Հանձնաժողովից պատասխանել են, որ հարցմամբ բարձրացված հարցերը, ինչպես նաև Հանձնաժողովի նախագահի և այլ անդամների ներկայացրած հայտարարագրերին առնչվող այլ հարցերը ներառված են համալիր վերլուծության շրջանակում, ուստի հայտարարագրերի վերլուծության արդյունքներն ամփոփելուց և Հանձնաժողովի պաշտոնական կայքէջում հրապարակվելուց հետո հնարավորություն կունենանք ծանոթանալ դրանց:

Հունիսի 27-ի հարցման պատասխանը

 

Հանձնաժողովի անդամների՝ 2021 թվականի հայտարարագրերը ստուգվել են

2022 թվականի հոկտեմբերի 19-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է ընդունել հայտարարագրերի վերլուծության ռիսկային չափորոշիչներ սահմանելու և դրա հիման վրա պետական պաշտոնների ցանկը հաստատելու մասին։ Այս որոշմամբ, ըստ էության, սահմանվում է այն պաշտոնյաների ցանկը, որոնց 2021 թվականի հայտարարագրերի ստուգումը Հանձնաժողովի առաջնահերթությունն է։ Այդ ցանկում են նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամները։

Հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք իրականացվե՞լ է վերջիններիս 2021 թվականի հայտարարագրերի ստուգում։ Հարությունյանն ասաց, որ այդ հայտարարագրերը ստուգվել են, ու դրանցում խնդիրներ չեն հայտնաբերվել։ ԿԿՀ-ն, որ կարող է ուսումնասիրել նաև բանկային քաղվածքներ, դրա հիման վրա ստուգումներ է անցկացրել ու անձի եկամուտների և ծախսերի տեսանկյունից օրինականության խնդիր չի արձանագրել ԿԿՀ անդամների հայտարարագրերում։ Հարությունյանի խոսքով՝ քանի որ հրապարակում է եղել (նկատի ունի «Ինֆոքոմ»-ի հրապարակումը՝ իր ընտանիքի անդամների կողմից 2020, 2021թթ հայտարարագիր չներկայացնելու վերաբերյալ), և կասկածները վերացնելու կարիք կա, որոշում են ընդունել ստուգել ԿԿՀ անդամների ոչ թե մեկ տարվա, այլ 2019-ից ի վեր ներկայացված հայտարարագրերն ու դրանք դնել համեմատության մեջ։ 

 

Հանձնաժողովի անդամների հայտարարագրերը ստուգում է Հանձնաժողովը

ՀՀ օրենսդրության համաձայն՝ Հանձնաժողովի  անդամի հայտարարագիրը ստուգում է հենց Հանձնաժողովը, իսկ այն անդամը, որի վերաբերյալ կարող է որոշում կայացվել, չի մասնակցում քվեարկությանը (Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի 21-րդ հոդվածի 16-րդ մաս): Որքանո՞վ է այս կարգավորումն ապահովում հակակշիռներ և զերծ պահում շահերի բախումից՝ հետաքրքրվեցինք Հանձնաժողովի նախագահից։ Հայկուհի Հարությունյանը պատասխանեց՝ ստուգումներն իրականացնում է ԿԿՀ աշխատակազմը՝ համապատասխան վարչությունը, ԿԿՀ անդամների ու աշխատակազմի միջև կա տարանջատվածություն. «Եթե այդպես չլիներ, դուք չէիք էլ իմանա, որ իմ ընտանիքի անդամները հայտարարագիր չեն ներկայացրել։ Եթե ստուգումների արդյունքները հանրային են, դրանով ռիսկը չեզոքացված է»,- ասաց Հարությունյանը։ 

«Ինֆոքոմ»-ը Արդարադատության նախարարությունից փորձեց պարզել՝ որքանո՞վ է այս կարգավորումը պահպանում հակակշիռներ, և արդյոք շահերի բախման վիճակ ստեղծելուն նպաստելու ռիսկեր չի՞ պարունակում։ Ի պատասխան՝ նախարարությունից հայտնել են.

«​​Նշված մեխանիզմն ընդունելի է և գործում է նաև այլ վարույթների դեպքում, մասնավորապես, տարբեր մարմիններում (օրինակ՝ ՍԴ, ԲԴԽ և այլն,-հեղ․) պաշտոնատար անձի նկատմամբ կարգապահական վարույթի քննությանը չի մասնակցում այն անդամը, որի վերաբերյալ հարուցվել է կարգապահական վարույթը։ Այս պահի դրությամբ առկա օրենսդրական կարգավորումների փոփոխության հարց չի քննարկվում»։

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախկին նախագահ Սիրանուշ Սահակյանը «Ինֆոքոմ»-ի հետ զրույցում նկատեց՝ գործող մեխանիզմը տարածված է աշխարհի շատ երկրներում, սակայն Հայաստանի դեպքում առանձնահատկությունն այն է, որ ինստիտուտների թերկայացվածություն կա, ինչը ռիսկերը չի բացառում։ 

«Իդեալական պայմաններում հանձնաժողովի 5 անդամներից 4-ը պետք է ունակ լինեն որոշում կայացնել, բայց այստեղ պիտի քննարկել նաև՝ արդյոք ԿԿՀ աշխատակազմն ունի՞ կաշկանդվածություն, թե՞ ոչ»,- կարծիք հայտնեց Սահակյանը՝ շեշտելով, որ գործող մեխանիզմին այլընտրանք կարող է լինել խնդրի հանրայնացումը կամ Դատախազության կողմից գործընթացի նախաձեռնումը։ 

Դատախազությունը, ըստ նրա, մամուլի հրապարակման հիման վրա կարող է քրեորեն պատժելի արարքներ հայտնաբերել և ունի որոշակի ինքնուրույնություն, կարող է պահանջել ԿԿՀ անդամի հայտարարագիր և ուսումնասիրել այն։ Բայց Դատախազությունը կարող է միջամտել, եթե առկա է քրեական արարք․ վարչական խախտման դեպքում նրա գործառույթները սահմանափակ են։ 

«Ներկա կարգավորումը միջազգային ստանդարտներին չի հակասում, մանավանդ երբ գործ ունենք կոլեգիալ անդամների հետ։ Հայաստանում խնդիր կա ինստիտուտների կայացվածության, ու, իմ կանխատեսմամբ, այս մեխանիզմն ավելի շատ չի աշխատի, քան կաշխատի»,- եզրափակեց Սահակյանը։ 


Հեղինակ՝ Մկրտիչ Կարապետյան
Տվյալների լրագրող՝ Կատյա Մամյան

Գլխավոր լուսանկարը՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել