news.am: Միացյալ Նահանգները ավարտել է Հյուսիսատլանտյան պայմանագրի արձանագրության վավերացման ընթացակարգը ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության վերաբերյալ։ Այս մասին կիրակի գրել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Թվիթերի իր էջում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ուրախ եմ հայտարարել, որ Միացյալ Նահանգները վավերացրել է ՆԱՏՕ-ին Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության արձանագրությունը»,- գրել է նա։ «Մեկ քայլ ավելի մոտ նրան, որպեսզի ողջունենք Հյուսիսային Մակեդոնիային որպես ՆԱՏՕ 30-րդ անդամի»,- ավելացրել է Պոմպեոն։
2018 թվականի հունիսին Մակեդոնիայի եւ Հունաստանի ղեկավարները Պրեսպա լճի ափին, որով անցնում է երկու երկրների միջեւ սահմանը, ստորագրեցին համաձայնագիր նախկին հարավսլավական հանրապետության նոր պաշտոնական անվան մասին։ Պրեսպայի համաձայնագիրը նախատեսում է «Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետություն» անվանման կիրառում։
Այդ պայմանագիրը պետք է լուծի ոչ միայն Աթենքի հետ բազմամյա վեճը բալկանյան հանրապետության անվան շուրջ, որը համընկնում է հյուսիսային հունական մարզի անվան հետ, այլեւ Սկոպիեի համար ճանապարհ բացի դեպի ՆԱՏՕ եւ Եվրամիություն։ Այս տարվա փետրվարի կեսին Պրեսպայի համաձայնագիրը մտավ ուժի մեջ։
Երկրների մեծ մասն արդեն վավերացրել է Հյուսիսային Մակեդոնիայի ՆԱՏՕ մտնելու արձանագրությունը։ Լոնդոնում դեկտեմբերի 3-4-ին տեղի կունենա դաշինքի անդամ պետությունների գագաթաժողովը։
comment.count (0)