news.am: Վերջին նորությունը ԱԱԾ երեկվա հաղորդագրությունն էր, որ պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանամունքի պետի եւ վերջինիս տեղակալի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք եւ որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը: Այս մասին այսօր՝ հուլիսի 11-ին, փաստաբանների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Կարեն Ալավերդյանը, որի նկատմամբ ոստիկանները եւս բռնություն էին կիրառել:
Հարցին՝ բավարարո՞ւմ է իրեն այս որոշումը, նա պատասխանեց. «Ամեն դեպքում կարող ենք դա դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում, քանի որ,ինչպես կարելի էր հասկանալ տարածված հաղորդագրության ենթատեքստերից, այս գործընթացը շարունակական է լինելու եւ խմբի կազմում ընդգրկված քաղաքացու նկատմամբ խոշտանգում եւ բռնություն գործադրած բոլոր ոստիկանների արարքներին լիհույս ենք, որ կտրվի իրավական գնահատական:
Ինչ վերաբերում է իմ վերաբերյալ, տարածված հաղորդագրությունը լիարժեք չի արտահայտում ներկայացված մեղադրանքի ողջ ծավալը: Հիմա միջոցներ ենք ձեռնարկում հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշումն ստանալու ուղղությամբ»:
Կարեն Ալավերդյանը նաեւ տեղեկացրեց, որ ՄԻՊ-ի հետ մի քանի օր առաջ հանդիպում եղել է, բարձրաձայնել են իրենց հուզող բոլոր հարցերը, եւ ի պատիվ ՄԻՊ-ի գրասենյակի, բավականաչափ հետեւողականություն ցուցաբերվել է այդ ուղղությամբ:
Հարցին, թե արդյոք ԱԱԾ հաղորդագրության մեջ ներկայացված ոստիկանները հենց այն ոստիկաններն են, որոնք բռնություն են գործադրել նաեւ իր նկատմամբ, փաստաբանը դրական պատասխան տվեց. «Դրանք նույն անձանց կազմն էր, որն ակտիվ դերակատարություն են ունեցել, եւ քաղաքացու նկատմամբ կատարված գործողություններում, եւ իմ»:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները ծեծել են փաստաբան Կարեն Ալավերդյանին, երբ փաստաբանը փորձել է կանխել իր պաշտպանյալի խոշտանգումը՝ ոստիկանների կողմից։ Ոստիկանները ձեռնաշղթաներ են հագցրել փաստաբանին, արցունքաբեր գազ կիրառել նրա նկատմամբ։ Ընդ որում, սա առաջին դեպքը չէ, ավելի վաղ՝ ոստիկանական բաժանմունքում բռնության են ենթարկվել փաստաբաններ Էմանուել Անանյանը և Մարզպետ Ավագյանը։
Փաստաբանական համայնքը մտահոգված է՝ միջազգային կառույցների լռությամբ և այժմ միջազգային կառույցներին փորձում են իրազեկման ակցիաների տեսքով ևս ներկայացնել իրավիճակը։
comment.count (0)