Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան
 |news.am|
11:41 - 12 հուլիսի, 2023

Կառավարությունը ձախողել է ջրամբարաշինությունը. ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա. Արթուր Խաչատրյան |news.am|

news.am: Կառավարությունը սխալ ուղղությամբ է գնում, ջրի կառավարումը սկզբունքորեն սխալ է անում: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Ես երեկ հարց տվեցի՝ ինչքան ջուր է բաց թողնվել մինչեւ ոռոգման սեզոնը եւ պատասխան չստացա: Որովհետեւ ոռոգման սեզոնն սկսվում է, արդեն ջուր չկա: Ակնհայտ է, որ մինչեւ ոռոգման սեզոնի սկսվելը ջրամբարներում այնքան ջուր պետք է լինի, որ չգան եւ այստեղ քաղաքական, տնտեսական, հումանիտար խղճմտանքի առաջ չկանգնեցնեն, ասելով՝ բա որ ջուր չտանք, այդ մարդիկ ինչով են ջրելու:

Պետք է մինչեւ ոռոգման սեզոնը ջրամբարներում բավականաչափ ջուր լինի, այլապես ցանքատարածությունները կրճատվել են, բերքը կրճատվել է, եւ դրանով պայմանավորված մեզ մոտ տեղական արտադրության բանջարեղենի առաջարկը նվազել է եւ գները բարձրացել են: Ջուր քիչ է օգտագործում գյուղատնտեսությունը, որովհետեւ բերքն ավելի քիչ է լինում: Ջուրը, որ հասանելի եք դարձնում, քիչ է»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա նկատեց, որ անցյալ տարվա ջրամբարաշինությունը կատարվել է 46 տոկոսով. «Եթե ճիշտ կատարվեր, այսօր այդ խնդիրը չէինք ունենա: Իսկ ինչքան է եղել ոռոգման համակարգերի առողջացում ծրագիրը ՏԿԵ նախարարության ծախսերի առաջին կիսամյակում. 32,6 տոկոս: Մյուս տարի էլի նույն խնդրի առաջ ենք կանգնելու, որովհետեւ այս կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը: Էլի գալու եք ասելու եք՝ բա ինչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի»,-ընդգծեց Խաչատրյանը:

Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նխագիծը, որով առաջարկվում է 2023-ին Սեւանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչեւ 240 մլն խմ՝ 170 մլն խմ-ի փոխարեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել