«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան
 |aravot.am|
12:51 - 12 հուլիսի, 2023

«ԱԱԾ-ն կարծում է, որ գործուն զղջալու հիմքով ծանր հանցանքների դեպքում պատժից ազատումը հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների»․ Արծվիկ Մինասյան |aravot.am|

aravot.am: «Շարունակում եմ պնդել, որ այս նախաձեռնությունը հակասում է սահմանադրական կարգավորումներին, քրեական արդարադատության միջազգային հիմնարար սկզբունքներին»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Նշենք, որ այս նախագծով առաջարկվում է գործուն զղջալու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավակարգավորումը բացառիկ դեպքերում կիրառել նաեւ ծանր կամ առանձնապես ծանր հանցանքների դեպքում։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ասել էր, որ սրա անհրաժեշտությունը բխում է նախաքննական մարմինների եւ դատարանների ծանրաբեռնվածությունը նվազեցնելու նպատակից։

Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ հակասություններն այնքան ակնառու են, որ անգամ պետական մարմինները, որոնք իրավասու են այս ոլորտում առաջարկություններ ներկայացնելու, իրենք են այդ մասին բարձրաձայնել։

«Մասնավորապես, Ազգային անվտանգության ծառայությունն արձանագրում է, որ անընդունելի է այս կարգավորումը, նպատակահարմար չէ, այն հանգեցնելու է կոռուպցիոն դրսեւորումների՝ իրավակիրառողին տալով լայն հնարավորություններ՝ անձին քրեական պատասխանատվությունից ազատելու համար։ Պատժի անխուսափելիության սկզբունքին է հակասում։ Բարձրագույն դատական խորհուրդն արձանագրում է, որ այն կիրառելի չէ եւ բերելու է քրեական պատասխանատվությունից առհասարակ ազատմանը՝ խախտելով պատժի համաչափության եւ անխուսափելիության սկզբունքը։ Այն չի համապատասխանում նաեւ արդարության եւ հանրայնության սկզբունքներին։ Նույնը վերաբերում է նաեւ Ներքին գործերի նախարարության տված կարծիքին, նույնը վերաբերում է վարչապետի աշխատակազմի երկու ստորաբաժանումների կողմից տրված կարծիքին։ Նման վտանգավորության արարք կատարած անձին պատասխանատվությունից ազատելը սկզբունքորեն ընդունելի չէ՝ ծանրաբեռնվածության նվազեցման վկայակոչմամբ։ Այսինքն՝ այն հիմնավորումները, որոնք այս նախագծով ներկայացվում են, նույնիսկ պետական մարմիններն են կոշտ արձագանքել»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա նշեց, որ այս հարցն անպայման սահմանադրական բողոքարկման ինստիտուտ է անցնելու։ Ըստ նրա՝ եթե ծանրաբեռնվածության թեթեւացման խնդիր կա, քրեական դատավարությունում բազմաթիվ ինստիտուտներ կան՝ սկսած համաներումից։

«Բայց ոչ նման ձեւով ավերելով քրեական արդարադատությունը»,- հավելեց Մինասյանը։

Նա նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու այս նախագծին։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց նախագիծը։

Կողմ քվեարկեց 65, դեմ՝ 23 պատգամավոր։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել