Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում
16:25 - 20 հուլիսի, 2023

Հակոբ Սիմիդյանը Ադրբեջանից պաշտոնական գրություն չի ստացել. պարզաբանում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը պաշտոնապես որևէ գրություն չի ստացել Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ Անի Հակոբյանը։

Ադրբեջանական լրատվամիջոցներն այսօր տեղեկություններ էին տարածել, որ Ադրբեջանի կառավարությունն իբր Հայաստանի շրջակա միջավայրի նախարարին ուղղված նամակում պահանջել է դադարեցնել Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը սահմանակից Երասխում խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, քանի որ իրականացվող աշխատանքները կարող են անդրսահմանային բացասական հետևանքներ ունենալ։ Ըստ հրապարակումների` այս հարցի վերաբերյալ համապատասխան ծանուցում է ուղարկվել ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղարին։

«Ի պատասխան մամուլում շրջանառվող լուրերի, թե Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարը ՀՀ շրջակա միջավայրի նախարարին ուղղված գրությամբ պահանջել է դադարեցնել խոշոր մետալուրգիական գործարանի կառուցումը, տեղեկացնեմ, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը՝ ի դեմս նախարար Հակոբ Սիմիդյանի, պաշտոնապես որևէ գրություն չի ստացել»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հակոբյանը։

Նշենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։

Իսկ հունիսի 20-ին Երասխում կառուցվող գործարանի շինհրապարակում բարձրացվեցին Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել