ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին |armeniasputnik.am|
18:23 - 24 հուլիսի, 2023

ՀՀԿ–ականները Սերժ Սարգսյանի նամակը հանձնեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Հայաստանի հանրապետական կուսակցության մի խումբ անդամներ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նամակն այսօր փոխանցեցին ՌԴ–ի, ԱՄՆ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։ Ակցիայի մասնակիցների մի խումբը նամակը հանձնեց ԱՄՆ–ի դիվանագիտական ներկայացուցչությանը, մյուս խումբը` ՌԴ–ի և Ֆրանսիայի դեսպանություններին։

Հուլիսի 23–ին հայտնի դարձավ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին։ Նա խնդրել էր գերտերությունների ղեկավարներին կանգնեցնել հումանիտար աղետը Արցախում։
«Սերժ Սարգսյանը դիմել է այս բացառիկ քայլին, որպեսզի ամբողջ աշխարհը տեսնի և հասկանա, որ իրականում ՀՀ–ում ապրող ժողովուրդը համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականության հետ, կտրականապես դեմ է, որ Արցախը ճանաչվի Ադրբեջանի մաս»,– Ֆրանսիայի դեսպանատան մոտ հայտարարեց ՀՀԿ–ական Մարգարիտ Եսայանը։
Նշենք, որ Սերժ Սարգսյանը դիմել էր հենց այս պետությունների ղեկավարներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների, որոնք անձամբ գիտեն, թե ինչ հանգրվանում էր Արցախյան խնդրի լուծման բանակցային գործընթացը մինչև 2018 թվականը։
 
«Սա միակ միջազգային կառույցն է, որ մանրամասն գիտի, թե Սերժ Սարգսյանն ու նախկին արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը ինչ մանրակրկիտ դիվանագիտական աշխատանք են կատարել, որպեսզի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ընդունվի և հարգվի աշխարհի կողմից»,– ասաց նախկին պատգամավորը։
 
Նա հույս հայտնեց, որ ՌԴ–ն, ԱՄՆ–ն և Ֆրանսիան արագ և արդյունավետ քայլեր կձեռնարկեն Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու համար։
Նամակը ԱՄՆ դեսպանատանը փոխանցեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, Ֆրանսիայի դեսպանատանը` ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանը, իսկ ՌԴ դեսպանատանը` ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
 
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել