Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն
 |armenpress.am|
11:22 - 28 հուլիսի, 2023

Մեծ Բրիտանիան Լաչինի միջանցքի արգելափակման հարցը պետք է բարձրացնի ՄԱԿ-ի ԱԽ-ում․ լորդ Ալթոն |armenpress.am|

armenpress.am: Բրիտանացի քաղաքական գործիչ, Լորդերի պալատի անդամ լորդ Դեյվիդ Ալթոնը կիսել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մտահոգությունները։ Լորդ Ալթոնն անհրաժեշտ է համարում, որ Լաչինի միջանցքի արգելափակման հարցը քննարկվի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն մտահոգություն է հայտնում այն հարցի շուրջ, որ մարդասիրական օգնությունը չի հասնում Լեռնային Ղարաբաղի հայերին։ Մեծ Բրիտանիան պետք է անհապաղ բարձրացնի այդ հարցը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում», - գրել է նա Twitter-ում։

Լորդ Ալթոնը նաև իր էջում կիսել է ԿԽՄԿ-ի վերջին հայտարարությունը Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ։

Հիշեցնենք, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ 2023 թվականի ապրիլի 28-ին նրանք հայտարարեցին ճանապարհը բացելու մասին,  քանի որ ապրիլի 23-ին Լաչինի ճանապարհին արդեն անցակետ էին տեղադրել՝ սահմանելով այնտեղ վերահսկողություն։ 

Հունիսի 15-ին, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ, ՀՀ տարածքում դրոշ տեղադրելու նպատակով, Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ կատարեցին, հայկական կողմը այն կանխեց, ինչից հետո Ադրբեջանի կողմից արգելվեցին Լաչինի միջանցքով բոլոր հումանիտար փոխադրումները՝ այդ թվում՝ ռուս խաղաղապահների ու ԿԽՄԿ միջնորդությամբ հումանիտար օգնության փոխադրումը։ Այդպիսով Արցախը ամբողջական շրջափակման մեջ հայտնվեց, ինչի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամը օր օրի սրվում է։

Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն ուղարկեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր շուրջ 8 ամիս շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել