Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար․ Շվեդիայում ՀՀ դեսպանություն
 |1lurer.am|
14:11 - 01 օգոստոսի, 2023

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը կանխելու համար․ Շվեդիայում ՀՀ դեսպանություն |1lurer.am|

1lurer.am: Շվեդիայում, Դանիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում և Նորվեգիայում Հայաստանի դեսպանությունը Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է արել։

«Ադրբեջանն արգելափակում է մոտ 400 տոննա հիմնական մարդասիրական բեռների առաքումը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը՝ դրանով իսկ այն ենթարկելով էթնիկ զտման: Միջազգային հանրությունը պետք է արձագանքի՝ դա կանխելու համար։ Յուրաքանչյուր վայրկյան նշանակություն ունի»,- նշված է գրառման մեջ:

Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին երկու տասնյակ բեռնատար 400 տոննա հումանիտար օգնություն հասցրեց մինչև Կոռնիձոր, որտեղից ռուս խաղաղապահների միջոցով պետք է փոխանցվեր արդեն 228 օր շրջափակման մեջ գտնվող Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, սակայն Ադրբեջանը մինչ այս պահը թույլ չի տալիս հումանիտար բեռների մուտքը Արցախ։ 

Մինչ բեռնատարների շարժվելը, դրանք բացվեցին Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետական ներկայացուցչությունների պատվիրակների ներկայությամբ՝ ցույց տալու, որ բեռնատարները բեռնված են բացառապես հումանիտար օգնությամբ, իսկ Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավարը դիտորդների հետ հետևեց բեռների՝ դեպի Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհի երթևեկությանը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրանք» որակեց Կոռնիձորով Արցախ հումանիտար օգնություն ուղարկելու փորձը՝ «ՀՀ-ից պահանջելով դադարեցնել նմանօրինակ սադրանքները»։ «Հայկական կողմը առանց մեր երկրի հետ համաձայնության «մարդասիրական բեռի» անվան տակ ավտոշարասյուններ է ուղարկում Ադրբեջանի ինքնիշխան տարածքներ, դա հարձակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ ու հերթական սադրանքն է Լաչինի սահմանային կետի դեմ»,-նշեցին Ադրբեջանի ԱԳՆ-ից։

Ադրբեջանական կողմը նաև շարունակում է պնդել, թե Արցախ հումաիտար բեռ կարող է տեղափոխվել Աղդամ-Ստեփանակերտ ճանապահով, ինչին, սակայն, հայկական կողմը դեմ է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել